Ինչո՞ւ Կառավարության կայքէջում չեն թարմացվում կամ չեն գործում այն բաժինները, որոնք ենթադրում են հաշվետվողականություն

2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, մեկ անգամ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պարբերաբար անդրադարձել են իրենց գործունեության թափանցիկությանը՝ հիմնավորելով այն նաև միջազգային տարբեր կառույցների դրական արձագանքներով:

Ինչ ասել է թափանցիկություն.  սա հեղափոխական ռոմանտիկա չէ միայն, որ բավարարվենք բառի այնպիսի հոմանիշներով՝ ինչպիսիք են «աննյութական»-ն ու «անմարմին»-ը. կառավարության գործունեության  թափանցիկությունը նախ և առաջ ենթադրում է հաշվետվողականություն: Մինչդեռ մեր կառավարության որդեգրած քաղաքականությունն ավելի հաճախ թափանցիկություն է՝ ցպահանջ. դիմես, հետաքննես, նոր հարկ համարեն՝ տեղեկացնել:

Իսկ Կառավարության կայքէջում չեն թարմացվում կամ չեն գործում այնպիսի բաժինների հղումները, որոնք ենթադրում են հաշվետվողականություն (Կամ գուցե այնքան թափանցիկ են, որ չեն երևում, մենք չենք նկատում).

Մասնավորապես՝

1. ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները

2. Ինտերակտիվ բյուջեն.

3. Լիցենզավորված անձանց հաշվետվությունները

4. Ռեեստրները և ցանկերը

5. ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգը

Վերոգրյալի վերաբերյալ պարզաբանումների համար 168.am-ը գրավոր հարցմամբ դիմեց կառավարությանը՝ նշելով. «Հաշվի առնելով կառավարության ղեկավարի կողմից պարբերաբար նշվող թափանցիկ գործելաոճի մասին հավաստիացումները, խնդրում եմ տեղեկացնել, թե Կառավարության կայքէջում ինչո՞ւ չեն թարմացվում կամ չեն գործում այնպիսի հղումները, որոնք ենթադրում են հաշվետվողականություն»:

Ի պատասխան՝ Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ e-gov.am կայքէջի հիշատակվող բաժինների վարումն ու սպասարկումն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:

«Առաջարկում ենք գրությունն ուղարկել այդ գերատեսչություններ»,- բարի խորհուրդ էին տվել կառավարությունից:

Խորհուրդը, իհարկե, ընդունեցինք, սակայն զարմանալի է, որ այդ հարցն աննկատ է մնացել կառավարության աշխատակազմի համար: Իսկ եթե օտարերկրյա մի ներդրող փորձի օգտվել e-gov.am կայքից՝ տեղեկություն ստանալու Ինտերակտիվ բյուջե բաժնից, պատկերացում կազմելու, թե  հետագայում իր հարկերից գոյացած գումարն  ինչպես և ինչ նպատակներով են ծախսելու  մեր երկրում, կամ ինչպիսին են ՀՀ վերահսկիչ պալատի  իրականացրած վերահսկողության արդյունքները:

Ստացվում է՝ նա՞ էլ  պետք է իր հարցերի պատասխանները փորձի ստանալ տարբեր գերատեսչություններին դիմելով: Մենք, իհարկե, չենք զլանա, կդիմենք համապատասխան գերատեսչություններին,  հուսանք, որ նույն տրամաբանությամբ՝ նրանք  էլ մեզ չեն ուղղորդի դիմել կայքերի սպասարկմամբ զբաղվող ընկերություններին:

Տեսանյութեր

Լրահոս