Ինչո՞ւ են ադրբեջանական ԶԼՄ-ների և հայաստանյան ֆեյք օգտատերերի ցանկություններն ու նպատակը նույնական նաև ՄԻՊ-ի հարցում
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գրառում կատարեց, որում ներկայացրել էր իր անձի նկատմամբ ադրբեջանական լրատվամիջոցների մաղձի ու վիրավորանքի ողջ գունապնակից հատվածներ՝ դրանց կցելով նաև առարկայական լուսապատկերներ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից:
Այն, որ այդ հարձակումներն ուղղորդված են ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այն հանգամանքով միայն, որ դրանց մեջ ներգրավված են նաև Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավորներ:
Ուշագրավ է, որ հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ: Տարօրինակ զուգադիպությամբ՝ ադրբեջանցիների ակնկալիքները ՀՀ իշխանություններից նույնականանում են հայաստանյան ֆեյքերի ցանկությունների հետ, որովհետև նրանք էլ են պահանջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականը, իրենց ասելիքն ավելի հիմնավոր դարձնելու համար անհավանական պաշտոններ վերագրում նրան:
Ըստ էության ֆեյքերին ասվել է, որ Մարտի 1-ի հետ կապված ցանկացած հիշատակում անվրեպ է աշխատում, բայց մոռացել են ճիշտ տեքստ տան, ու կարևորը՝ հասցեական:
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին ադրբեջանցիները սպառնալիքներ են ուղարկում նաև անձնական նամակագրությամբ:
Ու այստեղ էլ նրանք մենակ չեն: Այդպիսի սպառնալիքներ նաև Հայաստանում են ուղարկվում Արման Թաթոյանին:
«Հեղափոխության պահապաններ» կոչված խմբակի անդամները, օրինակ, օմբուդսմենի էջում հրապարակային սպառնալիքներ էին հնչեցրել նրա հասցեին, ինչ է թե՝ վերջինս «համարձակվել էր» քննադատել գործող իշխանություններին:
Գլխավոր դատախազությունը 168.am-ի հրապարակումն այդ մասին խնդրահարույց համարեց, գործն ուղարկեց Քննչական կոմիտե, ուր քրեական գործ հարուցվեց, ու ի՞նչ արվեց այնտեղ… Ճի՛շտ է, ոչինչ:
Մինչ իր հրապարակումներում Արման Թաթոյանը բարձրաձայնում է ՀՀ քաղաքացիների կեղծված իրավունքների մասին, ադրբեջանական ԶԼՄ-ները բացահայտ կեղծում են դրանք, որից հետո ենթարկում են մանիպուլյատիվ շահարկումների:
Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին՝ առաջնահերթ ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված՝ «այսպես կոչված, Սյունիքում»:
Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռևանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար, ու դարձյալ սպառնալով պատերազմի, այսպես կոչված, «երկաթե բռունցքով»:
Տարօրինակ է, որ մեր իշխանություններին ու նրանց կողմից վերահսկվող ֆեյքերին բոլորովին չի հուզում այն, որ ադրբեջանցիները նպատակ ունեն Կապանի օդանավակայանն օգտագործել ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Եվ փոխանակ հիմա արդեն համաշխարհային աղմուկ բարձրացնեին այդ առնչությամբ, ընկել են ՀՀ քաղաքացիների անվտանգային հարցերով իր մանդատի շրջանակներում առավելագույնս զբաղվող Մարդու իրավունքների պաշտպանի հետևից:
Խիստ տարօրինակ է նաև այն, որ փոխանակ հիմա միջազգային սկանդալ սարքեին, մեծ աղմուկ բարձրացնեին, որ ադրբեջանցիները հանդգնել են սպառնալ մեր երկրի անկախ, բայց սահմանադրական պետական պաշտոնատար անձին, ձև են անում, թե դա առհասարակ իրենց ու մեր երկրին չի վերաբերում: Իսկ գուցե իրո՞ք չի վերաբերում, կամ իրենց էլ ձեռք է տալիս դա:
Ի դեպ, երեկ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ Արման Թաթոյանի վարկանիշի բարձրացումը Հայաստանի քաղաքացիների շրջանում «բացարձակապես դուր չի գալիս օրվա իշխանություններին, քանի որ վերոգրյալին զուգահեռ՝ Թաթոյանն իր պաշտոնից բխող քաղաքական չեզոքություն է ցուցաբերում, այսինքն, այս դեպքում իշխանության «ատամը չի կտրում»։
Թերթը գրել էր նաև, որ «բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում որևէ մեկին, ով հանրության կողմից կարող է սիրված և ընդունելի լինել: Ըստ այդմ, մի կողմից՝ Փաշինյանն անընդունելի է համարում, որ այս ինստիտուտն իր ձեռքի տակ չէ ու կամակատար չէ, մյուս կողմից՝ նրան զայրացնում է ՄԻՊ-ի բարձր վարկանիշը՝ անկում ապրող «թավշյա ժողովրդավարների» վարկանիշի ֆոնին»։
«Փաստի» աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին իշխանական կուլիսներում բավականին ակտիվ քննարկում են Արման Թաթոյանին «խաղից հանելու» հարցը:
«Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները փորձում են հնարավոր ու անհնար, օրինական ու ոչ օրինական մեթոդներով շատ արագ ազատվել նրանից, որպեսզի կարողանան իրենց ծրագրած քայլերն առանց մեծ աղմուկի վերջակետին հասցնել»,- գրել էր թերթը:
Թե որքանով են իրատեսական իշխանությունների նպատակները ու հատկապես՝ դրանց իրականացումը, ժամանակը ցույց կտա, իհարկե, միայն թե իրականությունից իսպառ կտրված իմքայլականները երևի մոռացել են, որ երկրում իրավիճակ է փոխվել, և իրենք ոչ այդքան ռեսուրս ունեն, ոչ էլ հնարավորություն՝ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ կրկնելու համար «Հրայր Թովմասյան» օպերացիան:
Եվ եթե դատենք թե սովորական քաղաքացիների, այլ ոչ թե ֆեյք օգտատերերի, թե քաղաքական ուժերի արձագանքներից, ապա իշխանական ֆեյքերի համար շատ բարդ է լինելու շրջափակել ՄԻՊ գրասենյակը: