Վեց նոր գիրք՝ բեսթսելերում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում կանադացի գրող Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 4O լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Ռոբին Շարմայի մյուս՝ «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը երկրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…
Երրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ՝ Homo sapiens-ի ժամանակակից հետնորդներիս: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը ստիպում է վերանայել տարածված տեսակետները՝ անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» գիրքը չորրորդ տեղում է: Ժամանակակից աշխարհի խոշորագույն դիվանագետ, տեսաբան և փորձագետ Հենրի Քիսինջերն իր «Աշխարհակարգ» գրքում ընթերցողին է ներկայացնում համաշխարհային քաղաքականության իրավիճակային վերլուծությունը, որի նպատակը ներկայիս աշխարհում հարաբերությունների կանոնակարգման փնտրտուքներն են։
Հեղինակը զգուշացնում է, որ ուժերի հավասարակշռության արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում առկա մարտահրավերները կարող են անդառնալի աղետի պատճառ դառնալ:
Յուվալ Նոյ Հարարիի մեկ այլ ստեղծագործություն՝ «XXI դարի 21 դասերը» հինգերորդ տեղում է: Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից դուրս չմղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:
Կարո Վարդանյանի «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան)` հայ զորահրամանատարի, պետական գործչի և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը հայ ժողովրդի ամենասիրած հրամանատարներից մեկի մասին:
Յոթերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի հաջորդ՝ «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքը: Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը:
Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը ութերորդ տեղում է: Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին:
Իններորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:
Տասներորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար: