Իշխանությունները չեն գնում, որովհետև վախ կա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ չեն ավարտել իրենց ծրագիրը. Լարիսա Ալավերդյան
«Մենք այսօր ունենք խմբապետություն, և ԱԺ մեծամասնությանը երբեք չեմ կոչել քաղաքական ուժ: Դա խումբ է՝ խմբապետության բոլոր դրսևորումներով: Եվ իրենք տարիներ շարունակ սեմինարներին վարժեցված, ամենապրիմիտիվ բանաձևերով պատրաստված խավ են: Ես գիտեմ այդ սեմինարները, դրանցով անցել եմ․ 1992 թե 1993 թվականներից բոլոր հասարակական կազմակերպություններին ընդգրկում էին տարբեր սեմինարներում: Հիմա, երբ կա 5-րդ շարասյուն՝ նրան դարձնել թուրքական, ադրբեջանական կամ զիմբաբվեական, դա արդեն բոլորովին այլ է: Բոլոր պետություններում նման խավ կա, այլ է, թե որն է գերակա դառնում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ հիմա մենք ունենք այդ խավը, որը չի խորշում, այլ պարծենում է իր արածներով:
«Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձ է եղել: Հայկական հասարակության մի մեծ շերտ տեսնում էր, որ Թուրքիան ոչ թե ձգտում է մեզ հետ հավասար հարաբերություններ հաստատել, այլ ուզում է մեզ պարտադրել մեր ազգային շահերին հակասող քաղաքականություն»,- հավելեց նա:
Խոսելով իշխանությունների հեռանալու մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Իրենք չեն գնում, որովհետև վախ կա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ չեն ավարտել իրենց ծրագիրը: Կարծում եմ՝ պատճառը երկու պայմանագրերն են՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որ պետք է կնքվեն: Ես չգիտեմ՝ դա կանե՞ն, թե՞ ոչ, բայց որ դա ծրագրում կա՝ ես ոչ թե հնարում եմ, այլ իրենց տպած նյութերից է՝ լինի Թուրքիայում, լինի Ադրբեջանում: Դա նշանակում է, որ Թուրքիան միջազգային պայմանագրով ուզում է ամրապնդի մեզ հետ ունեցած սահմանը, դարձնի դա միջազգայնորեն ճանաչված, իսկ Ադրբեջանն ուզում է կնքել, այսպես կոչված, խաղաղության մասին պակտ, որ թողնի այն վիճակը, այն է՝ Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմում: Իսկ մնացած փոքրիկ կտորի համար քննարկեն մշակութային ինքնավարությունը: Եվ երկրորդ թիրախը, անշուշտ, Սյունիքն է: Տարիներ շարունակ Ադրբեջանն իր քաղաքական շերտով միշտ կարծում էր, որ Զանգեզուրը դա Ադրբեջանինն է»:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ ՀՀ ՄԻՊ առաջին պաշտպանը նկատեց. «Այն, որ անձամբ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մեղավոր է այդ թվով գերության մեջ հայտնված մարդկանց համար, ու նա երբեք դա չի ընդունելու, բայց բոլոր՝ Ադրբեջան, Ռուսաստան, գիտեն, թե դա ինչպես է տեղի ունեցել: Այդ հիմքով Ալիևը միշտ խաղաքարտ է ունենալու: Երկրորդ, ամեն մի գերու վերադարձը սակարկման, շուկայական հարաբերությունների մեջ է. դա կարող է լինել պայմանագրեր, հողեր, տարածքներ, այնպիսի բան, որի մասին մենք այսօր չգիտենք: Մինչ օրս մենք իմացել ենք միայն սառցալեռան վերին մասը, չգիտեինք՝ ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ին, չգիտենք՝ հունվարի 11-ին իրականում ինչ է տեղի ունեցել»: