Երեխայի՝ խաղացող դառնալու ճանապարհն ով բռնում է առաջինը՝ հենց ծնողն է. Հոգեբան
«Շուտով կլինի 20 տարի, երբ համակարգիչը մտավ բոլորի տները, իսկ մինչ այս երեխաները բակում էին խաղում, սպորտի էին գնում, բայց այնպես ստացվեց, որ կյանքը փոխվեց, ծնողները սկսեցին շատ անհանգստանալ, վախենալ, որ բակում կարող է երեխան շատ ավելի վտանգված լինի, ու երբ համակարգչով է խաղում, իբր թե վտանգ չի սպառնում»,- խոսելով համակարգչային խաղերի հոգեբանական ազդեցության մասին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ ընդգծելով, որ հենց աչքի առջև գտնվող երեխան, որը շատ է խաղում, սկսում է ունենալ շատ ծանր խնդիրներ, եթե դա շարունակվում է:
«Աշխարհում գոյություն ունեն նորմաներ, և ծնողները պետք է իմանան դրանք: Եթե երեխան համակարգչի առջև անց է կացնում 40 րոպեից մինչև մեկ ժամ, դա կարող ենք համարել իր հանգստի միջոցը, սակայն դա չպետք է փոխարինի բակ դուրս գալուն, սպորտի գնալուն: Իսկ եթե երեխան ամեն օր համակարգչի առջև անց է կացնում երկու ժամ և մի քիչ ավելի, ապա ծնողը պետք է մոտենա, գոնե տեսնի, թե որտե՞ղ է իր երեխան գտնվում: Երեխային առանց հսկողության թողնել համակարգչի առջև՝ խաղալու, դա նույնն է թե՝ քո երեխային կտանես մութ անտառ ու թողնես-գնաս: Չես անի, չէ՞, երբ պարզ չէ, թե նրան այնտեղ ինչ վտանգներ են սպառնում: Բայց եթե համակարգչի առջև երեխան երեք ժամ է անցկացնում, ամբողջ ընտանիքը պետք է միջամտի, սկսեն զրուցել: Սակայն, եթե 4 և ավելի ժամ է, ուրեմն արդեն մասնագետի միջամտություն է պետք»,- նշեց հոգեբանը:
Իսկ թե ինչո՞ւ է երեխան սկսում խաղալ՝ հարցի ամենաառաջին պատասխանը, ըստ Իրինա Ծատուրյանի՝ մեկն է. «Երեխայի՝ խաղացող դառնալու ճանապարհն ով որ բռնում է առաջինը՝ հենց ծնողն է: Նույնիսկ կերակրելիս հեռախոսը դնում են երեխայի դիմաց, գտնում են «Մաշան և արջը» ու նմանատիպ ինչ-որ բաներ և իրեն կերակրում են: Իսկ հետո, երբ հեռախոսը երեխային չի տրվում՝ մեկ տարեկանից նա սկսում է լաց լինել: Երբեմն ծնողները պայքարում են, երբեմն էլ ասում են՝ դե լավ, երեխա է, թող խաղա: Ստացվեց, որ մենք երեխային բերեցինք այդ դաշտ»,- նկատեց հոգեբանը:
Նա կարևորեց ծնող-երեխա ընկերական հարաբերությունները: Ինչպես նաև այն, որ ծնողը չպետք է սահմանափակվի նրանով, որ երեխան ապահովված է, կուշտ է, հագուստ ունի և այլն: Ծնողը պետք է ձգտի դառնալ իր երեխայի մեծ ընկերը:
Իրինա Ծատուրյանը փաստեց՝ համակարգչային խաղերը հանգեցնում են առողջական խնդիրների:
«Տեսողությունը վնասվում է, աջ ձեռքի դաստակի խնդիր է լինում, հիպոդինամիա (ֆիզիկական աշխատանքի խիստ պակաս): Գրականության մեջ նկարագրված են դեպքեր, երբ համակարգչի առջև երեխան լինում է 20 ժամից ավելի: Համաշխարհային փորձից ունեցել ենք դեպքեր, երբ տատն անջատել է համակարգիչը, տղան այնպես է հրել, որ նա մահացել է: Հիպոդինամիան տալիս է ահավոր ագրեսիվություն: Կամ՝ երբ խաղում և պարտվում է, դառնում է ագրեսիվ»,- ասաց հոգեբանը:
Իրինա Ծատուրյանը կարևորեց այն հանգամանքը, որ շատ երկրներում կան վստահության հեռախոսներ: Այսինքն, ծանր վիճակում գտնվող մարդը գիտի, որ կա հեռախոս, ու զանգ է տալիս, ու կա ինչ-որ մեկը, ով իր հետ կխոսի: