«Առաջին գերխնդիրը սահմանների հստակեցման հարցն է. առայսօր մենք սահմաների հստակեցման խնդիր ունենք». Ասկերանի վարչական շրջանի ղեկավար

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի սահմանայյին գյուղերում անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել բնակիչներին։ Բանն այն է, որ այդ գյուղերի այգիները, վարելահողերն անմիջապես սահմանին են, և խաղաղ բնակիչները վախենում են գնալ ու գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Ինչ վերաբերում է Ասկերան քաղաքին, ապա այնտեղ վիճակը նորմալ է։

168.am-ի հետ զրույցում Ասկերանի վարչական շրջանի ղեկավար Սասուն Բարսեղյանն ասաց, որ բնակիչները վախենում են իրենց հողերում, այգիներում աշխատել, քանի որ անմիջական վտանգ կա նրանց գերեվարելու համար։

«Տեղակայված ռուս խաղաղապահները գործուն միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի ապահովեն մեր խաղաղ բնակիչների բնականոն աշխատանքները՝ գյուղատնտեսական անելիքների հետ կապված։ Թշնամու կողմից հրահրվող սադրիչ գործողությունները միտված են միայն ու միայն Արցախի հայաթափմանը։ Սակայն մենք այդքան հեշտ հանձնվող ու մեր հողը լքող չենք։

Ինչ վերաբերում է իշխանությունների անելիքներին, ապա այժմ անորոշ իրավիճակ է տիրում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հետ, կոնկրետ բնակավայրերը չնշեմ, բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե ինչ համայնքների մասին է։ Առաջին գերխնդիրը ես կկապեի սահմանների հստակեցման հետ, առայսօր մենք, որպես այդպիսին, սահմաների հստակեցման խնդիր ունենք, նաև Արցախի կարգավիճակի հետ կապված և դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,- նշեց Սասուն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի օրերին, ինչպես Արցախի այլ բնակավայրերից, այնպես էլ Ասկերանից եղել են տեղահանված ու տարհանված բնակիչներ, սակայն այսօրվա դրությամբ՝ 90 տոկոսով, եթե ոչ՝ ավելի, բնակիչները վերադարձել են։

«Ասկերանի շրջանից 8 համայնք կորցրել ենք և տեղահանված մեր հարգելի հայրենակիցների մասով դեռևս ունենք 120 ընտանիք, որոնք գտնվում են Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում։

Նշեմ, որ բնակիչներն օր առաջ պատրաստ են վերադառնալու, բայց խնդիր կա՝ բնակարանների պակասության հետ կապված։ Զուգահեռ մենք իրականացնում ենք շինարարական աշխատանքներ, մեր գյուղերում, համայնքներում ազատ բնակֆոնդի մասով, մոտավորապես 25 ընկերություն ներգրավված են վերանորոգողական աշխատանքներում»,- հավելեց Ասկերանի վարչական շրջանի ղեկավար։

Ինչ վերաբերում է կորցրած տարածքները վերադարձնելուն և պատմական ճշմարտությունը վերականգնելուն, Սասուն Բարսեղյանն ասաց, որ դրա ճանապարհները կան, սակայն դրանց մասին խոսելը և քննարկելը ժամեր կպահանջի։ Իսկ ավելի կարճ՝միանշանակ պետք է վերադարձնել տարածքները, քանի որ երբեք արցախցին, հայ ժողովուրդը, սփյուռքը չի համակերպվի տարածքների կորստի հետ։

«Վերադարձնելու հետ կապված հարցերը խորքային քննարկումներ են պահանջում, սա խորքային հարց է։ Երբ առիթի դեպքում Արցախ գաք, ես դրա մասին անպայման կասեմ, բայց ոչ հեռախոսով»,- եզրափակեց Սասուն Բարսեղյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս