Ի՞նչ խնդիր է լուծելու ռուս-թուրքական կենտրոնն Աղդամում, և ի՞նչ ռիսկեր կան

Հունվարի 30-ին Աղդամի շրջանում (Ակնա) իր գործունեությունը սկսեց Արցախյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը:

Մոնիտորինգային կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի Պաշտպանության նախարարները ստորագրել էին դեռևս նոյեմբերի 11-ին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունից օրեր անց: «Կենտրոնն իրականացնելու է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում: Հսկողությունն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով»,- հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

Սկզբնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս և 60 թուրք զինծառայող։ Թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գեթըրչին, իսկ ռուսականը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն։ Ռուս-թուրքական անձնակազմն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնն ունի ճեպազրույցների դահլիճ, 100 հոգու համար նախատեսված ճաշարան, բուժկետ, խանութ, երկու սպորտային հրապարակ, պահեստներ և այլն։ Կենտրոնի անվտանգությունն ապահովում է Ադրբեջանի բանակը։ Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, թուրքական կողմից էլ՝ ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն։

Ուշագրավ է, որ նույն օրն Իլհամ Ալիևը զանգահարել էր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին՝ շնորհավորելով նրանց՝ Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացման առնչությամբ, որը պետք է հսկի հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։ Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև Մոսկվայում կայացած փոխվարչապետերի եռակողմ հանդիպմանը, որի թեման տարածաշրջանում տնտեսական ու կոմունիկացիոն կապերի ապաշրջափակումն էր:

Համատեղ կենտրոնը սկսել է գործել, սակայն դրա կարգավիճակի շուրջ վերջնական համաձայնություն Ռուսաստանն ու Թուրքիան կարծես չունեն: Հուշագրի ստորագրումից առաջ և հետո Թուրքիան ու Ադրբեջանը պնդում էին, որ դա լինելու է խաղաղապահ կոնտինգենտ, իսկ Ռուսաստանը՝ հերքում, նշելով, որ դա լինելու դիտորդական կենտրոն, իսկ եռակողմ հայտարարությունում որևէ խոսք չկա Թուրքիայի խաղաղապահ առաքելության մասին: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այս հարցը դեռ բաց է, և Մոսկվան ակնկալում է, որ Անկարան ու Բաքուն շարունակելու են տվյալ հարցը բարձրացնել կամ առևտուր իրականացնել, հատկապես, երբ հստակեցված չէ Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատի հարցը, ինչը Ռուսաստանը նախատեսում է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարցը վերջնական լուծում չի ստանում:

Սա է նաև պատճառներից մեկը, որ Ռուսաստանը մեղմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված քննադատությունը՝ հուսալով, որ խաղաղապահների մանդատի հարցը կլուծի Մինսկի խումբը, որի դիմաց Ռուսաստանը գուցե համաձայնություն տա քննարկել Արցախի կարգավիճակի հարցն ապագայում: Լիարժեքորեն չհամաձայնեցված բազմաթիվ հարցերի ֆոնին մի շարք փորձագետներ չեն բացառում նոր լարվածությունների հավանականությունը:

Ըստ ռուսական դիվանագիտական շրջանակների որոշ խոսակցությունների, շատ այլ հարցեր, այդ թվում՝ թուրքական ներկայությունը շփման գծին մոտ, Ռուսաստանը գուցե փորձի լուծել կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Թուրքիայի ներկայությունը և մուտքը տարածաշրջան դիտարկվում է սպառնալիքների աղբյուր՝ հատկապես Հայաստանի համար: Սակայն, ըստ նրա, այս ամենում Ռուսաստանի մասնակցությունը հավասար սկզբունքով որոշ չափով կառավարելի ու վերահսկելի է դարձնում այդ վտանգները, քանի որ ռուս զինվորականներ են կանգնած և Արցախում, և ադրբեջանական կողմում:

Եվսեևի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտեցին, որ պատերազմի հետևանքով Թուրքիան ռազմական ներկայություն ստանա տարածաշրջանում և խաղաղապահ առաքելություն իրականացնի Արցախում Ռուսաստանի հետ համատեղ, դա չհաջողվեց, ուստի ձգտեցին, որ կենտրոնը տեղակայվի հնարավորինս մոտ շփման գծին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ադրբեջանական կողմում էլ որպես խաղաղապահներ՝ թուրք զինվորականներն են կանգնած, և Թուրքիան ձեռնունայն չի մնացել Ադրբեջանին աջակցության հետևանքով:

Ըստ նրա՝ ՌԴ-ին հաջողվեց իրավիճակին ճիշտ քայլեր իրականացնել, հաստատել հրադադար, մուտք գործել Ղարաբաղ խաղաղապահ առաքելությամբ, միևնույն ժամանակ՝ դա թույլ չտալով Թուրքիային:

«Ի դեպ, հաշվի առնենք, որ Թուրքիան ձգտում է նաև մասնակցել կարգավորման գործընթացին, Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ, սակայն ակնհայտորեն չի ճանաչում Թուրքիայի այդ դերակատարությունը: Հրադադարը հաստատված է, բայց իրականում իրավիճակը զերծ չէ ռիսկերից, քանի որ ռուս-թուրքական բանակցություններին զուգահեռ՝ կա ձգտում՝ էլ ավելի հաստատվելու տարածաշրջանում: Ընթանում են նաև ապաշրջափակման բանակցությունները, և Անկարան լավ է հասկանում, որ ճնշումների դեպքում այս ամենը կարող է տապալվել՝ ճանապարհ հարթելով Արևմուտքի համար: Կարծում եմ՝ այս փուլում ժամանակավոր լուծումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, սակայն ոչինչ վերջնական չէ, և բանակցությունները շարունակվում են: Ենթադրաբար, Թուրքիան լիովին գոհ չէ այն կարգավիճակից, որը ստացել է և փորձելու է կրկին բանակցել և հաստատվել տարածաշրջանում: Այս պահին սպառնալիքներ չկան, չեմ կարծում, որ խախտումներ են լինելու, և որևէ կողմ կրակելու է, և այդ կենտրոնը զբաղվելու է լուրջ հարցերով: Չեմ կարծում նաև, որ լուրջ տարաձայնություններ այս փուլում Թուրքիայի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ տվյալների տարբերություններ, հնարավոր են:

Հետևեք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ նույն ուղղության վրա, ինչ ռուսական զորքերն են Հայաստանում: Սա բարդ քաղաքականություն է, իրավիճակը կարելի է որակել ոչ լիարժեքորեն վերահսկելի հետպատերազմյան շրջան»,- ասաց Եվսեևը: Անդրադառնալով հայկական կողմում շրջանառվող մտավախություններին, թե թուրքական անօդաչուները սպառնալիք են հայկական կողմի անվտանգության համար՝ Եվսեևն ասաց, որ Թուրքիան որևէ հատվածում Ռուսաստանից կտրված գործողություններ չի իրականացնելու: «Սակայն պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում խորանում է: Ռուս-թուրքական կենտրոնը ներկայումս կիրականացնի մշտադիտարկում, սակայն ռուս-թուրքական բանակցությունները կշարունակվեն, և կթողնվեն հարցեր հետագա բանակցությունների համար»,- նշեց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս