Ում վրա է ծանրացել բյուջեի բեռը
Պետական բյուջեի հարկային եկամուտներն անցած տարի նվազել են ավելի քան 79 մլրդ դրամով։ Ընդհանուր առմամբ բյուջեի հարկային եկամուտները կրճատվել են 5,4 տոկոսով։
Թվում է, թե դա հավասարաչափ կամ գրեթե հավասարաչափ պիտի բաշխվեր հարկային դաշտում։ Բայց այդպես չէ։ Խոշորների դեպքում նվազումն անհամեմատ ավելի մեծ է, քան փոքրերի։ Խոսքը գումարային արտահայտության մասին չէ։ Գումարային արտահայտությամբ այդպես էլ պետք է լիներ։ Խոշորներն ապահովում են բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսից ավելին։ Բնական է, որ գումարային արտահայտությամբ նվազումը նրանց պարագայում պետք է ավելի մեծ լիներ։
Բայց խոսքը գումարային արտահայտության մասին չէ։ Խոսքը տոկոսային հարաբերության մասին է։ Տոկոսային հարաբերությամբ խոշորների մոտ նվազումն անհամեմատ ավելի մեծ է, քան փոքրերի դեպքում։
Խոշորների մոտ վճարած հարկերն անցած տարի կրճատվել են 6,9 տոկոսով։ Այնինչ՝ փոքր հարկատուների դեպքում կրճատումն ընդամենը 1,3 տոկոս է։
Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ բյուջեի հարկային բեռն ավելի շատ ծանրացել է փոքրերի, քան խոշորների վրա։
Դա հարկային ճնշման ուժեղացմա՞ն, վարչարարության խստացմա՞ն, թե՞ բեռի ավելացման հետևանք է, դեռ պետք է ճշտել։ Բոլոր դեպքերում, այն չի բխում փոքր բիզնեսի շահերից։ Առանց այն էլ փոքր բիզնեսը մի կարգին վիճակում չի գտնվում։ Առավել ևս, չի գտնվել անցած տարի, երբ տնտեսությունը հայտնվեց խորն անկման ու դեպրեսիայի մեջ։
Այդ պայմաններում բոլորովին էլ տեղին չէ բյուջեի հարկային բեռը խոշորներից փոքրերի վրա տեղափոխվելը։
Դրա հետևանքով փոխվել է նաև բյուջեի հարկային եկամուտների ձևավորման կառուցվածքը. նվազել է խոշորների մասնակցությունը՝ ի հաշիվ փոքրերի։ Եթե մեկ տարի առաջ խոշորներին բաժին էր ընկել պետական բյուջե վճարված հարկային եկամուտների գրեթե 72,4 տոկոսը, ապա անցած տարվա արդյունքներով՝ այն նվազել է և կազմել 71,2 տոկոս։
Փոքր հարկատուների բաժինը բյուջեի եկամուտների ձևավորման մեջ ավելացել է 1,2 տոկոսով։ Եթե դա տեղի ունենար տնտեսության զարգացումների ու վերաբաշխումների պարագայում, անշուշտ, այլ կլիներ։ Բայց ինչպես գիտենք, անցած տարի Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէր։ Ու այդ պարագայում մտահոգիչ է, երբ բյուջեի հարկային եկամուտների ձևավորման կառուցվածքում ավելանում է փոքր հարկատուների մասնաբաժինը, իսկ խոշորներինը նվազում է։
Պետեկամուտների կոմիտեն արդեն հրապարակել է անցած տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկը վկայում է, որ խոշորները պետական բյուջե են վճարել 987,6 մլրդ դրամ։ Խոշորների վճարները 2019թ. համեմատ կրճատվել են 73,5 միլիարդով։
Անցած տարի ընդհանուր առմամբ բյուջեն պակաս է ստացել 79 մլրդ դրամի հարկային եկամուտ, որից 73,5 միլիարդը բաժին է ընկել 1000 խոշորներին։
Մնացած բոլոր հարկատուների վճարած հարկերը նվազել են ընդամենը 5,5 միլիարդով։
Բազմաթիվ խոշոր հարկատուներ անցած տարի ավելի քիչ հարկ են վճարել, քան 2019թ.։
Այդպիսի հարկատուներից է նաև վերջին տարիներին խոշորների ցանկը գլխավորող «Գրանդ Տոբակոն»։ Վերջինս, թեև կատարել է 50,6 մլրդ դրամից ավելի հարկային պարտավորություն, այնուհանդերձ, շուրջ 6,4 միլիարդով պակաս հարկ է վճարել։
Հարկերը նվազել են նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս խոշոր տեղական ընկերության դեպքում։ Խոսքն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» մասին է։ Այս դեպքում, իհարկե, կրճատումն ավելի քիչ է՝ 429 մլն դրամ։
Ծխախոտի արտադրության ոլորտում գործող այս ընկերությունների հարկային վճարների կրճատումը տեղի է ունեցել ակցիզային հարկի բարձրացման պայմաններում։ Ենթադրվում էր, որ դա պետք է հանգեցներ հարկային վճարների ավելացման։ Բայց տեղի է ունեցել հակառակը՝ վճարները կրճատվել են։ Ինչպես արդյունաբերության բազմաթիվ այլ ճյուղերում, այնպես էլ ծխախոտի արտադրության ոլորտում ունեցել ենք անկում, ինչը հանգեցրել է բյուջե վճարվող գումարների նվազման։
Արտադրության անկումը, բնականաբար, սպառման կրճատման հետևանք է։ Դա ըստ էության կապված է նաև ակցիզային հարկի բեռի ավելացման հետ։
Մտահոգիչ է, որ այդ բեռն առաջիկա 4 տարիներին դեռ շարունակելու է աճել, ու մեծ հարց է, թե այն ինչպես կանդրադառնա տեղական արտադրության վրա։ Անցած տարվա արդյունքներով, որոշակի բացասական միտումներ արդեն նշմարվում են։ Ի տարբերություն տեղական արտադրողների՝ ավելացել են ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության վճարած հարկերը։ Եթե այս փոփոխությունը տեղի է ունեցել տեղական արտադրողի հաշվին, ապա դա նշանակում է, որ տեղական արտադրությունը կորցնում է մրցունակությունը և տեղը զիջում է ներմուծողին։
Անցած տարի վճարած հարկերը նվազեցրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ընդ որում, բավական լուրջ չափով՝ շուրջ 10 մլրդ դրամով։
Ի տարբերություն այս ընկերության, հարկային պարտավորություններն ավելացրել է «Թեղուտը», այն էլ՝ գրեթե կրկնակի։ Թեև «Թեղուտի» պարագայում գործ ունենք անհամեմատ համեստ հարկային պարտավորությունների հետ։ Եթե «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է շուրջ 41,7 միլիարդ, ապա «Թեղուտը»՝ ընդամենը 3,7 մլրդ դրամ։
Այլ պատմություն է «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Այն ավելացրել է վճարած հարկերը։ Ընդ որում, բավական շոշափելի՝ շուրջ 10 մլրդ դրամի չափով։
Բայց հիմա ընկերության գործունեությունը հայտնվել է վտանգի տակ՝ կապված Սոթքի հանքի շուրջ առաջացած խնդիրների հետ։ Մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո հանքի մեծ մասը հայտնվի Ադրբեջանի ենթակա տարածում։ Հիմա հանքը մասնակի շահագործվում է, բայց արտադրության ծավալները խիստ կրճատվել են։ Հետագան անորոշ է, ու եթե չհաջողվի լուծել խնդիրը, ապա այս տարի բյուջեի հարկային եկամուտները միայն այդ ընկերության մասով լուրջ կորուստներ են ունենալու։
Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդը» Հայաստանի թվով 4-րդ խոշոր հարկատուն է, որն անցած տարի պետական բյուջե է վճարել ավելի քան 23 մլրդ դրամ։
2019թ. 407 մլն դրամի դիմաց, անցած տարի բյուջեի նկատմամբ ավելի քան 3 մլրդ դրամի հարկային պարտավորություն է կատարել «Լիդիան Արմենիան», չնայած, ինչպես հայտնի է, իշխանությունների անհետևողականության հետևանքով այդ ընկերությունը հայտնվել է բարդ իրավիճակում և 2,5 տարի շարունակ գտնվում է հարկադիր դադարի վիճակում։
Անցած տարի հարկային պարտավորությունները նվազել են գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթիի» պարագայում. այն բյուջե է փոխանցել շուրջ 7,5 մլրդ դրամ, ինչը 340 միլիոնով պակաս է 2019թ. ցուցանիշից։ Նրան պատկանող «Նատալի Ֆարմը» ևս նվազեցրել է վճարած հարկերը, չնայած տարին շատ նպաստավոր էր դեղերի շուկայի համար։ Այդ պայմաններում «Նատալի ֆարմի» կատարած պարտավորությունները պակաս են եղել գրեթե 460 մլն դրամի չափով։
Վճարած հարկերի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել մեկ այլ հայտնի, իշխանությունների ոչ այնքան սիրելի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբի» դեպքում։ Ընկերության հարկերը նախորդ տարի կազմել են 1 մլրդ 580 մլն դրամ։ Դրանք կրճատվել են գրեթե 3,3 անգամ։ Բյուջեն պակաս է ստացել ավելի քան 3,6 մլրդ դրամ, ինչի պատճառը, իշխանությունների «բարի կամքով», ընկերության գործունեության կասեցումն է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ