Պարոն Փաշինյան, Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է

Շուշին ադրբեջանակա՞ն է: Հայոց բանակի կազմավորման օրը պատերազմը տանուլ տված, Եռաբլուրում ծաղկեպսակ դրած երկրի ղեկավարը, որն իրեն համարում է այդ պարտության պատասխանատուն, բայց ոչ թիվ 1 մեղավորը, լրագրողի հնչեցրած այս պարզ հարցին հարցով հակադարձեց՝ անպատասխան թողնելով բուն հարցը՝ իր կարծիքով՝ Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է:

– Դո՞ւք էիք ասում, դո՞ւք էիք այդ հարցը տալիս, որ ես հայտարարել եմ, թե Շուշին ադրբեջանական է:

– Ես ևս այդ հարցը տալիս եմ:  

– Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել:

– Ազգային ժողովում:

– Դուք անձամբ թղթի վրա գրեք մեջբերումը, ուղիղ եթերում ես Ձեր հարցին կպատասխանեմ:

Ուղիղ եթերում աշխատող լրագրողի առաջարկը՝ ելույթը բանավոր մեջբերել, Փաշինյանն այդպես էլ չընդունեց:

Անսալով նախկին խմբագիր և լրագրող Փաշինյանի հորդորին՝ բառացի, առանց խմբագրումների և բացթողումների մեջբերենք հունվարի 20-ի նրա ելույթի հենց այդ հատվածը.

«Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները, ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է՝ իր այդ կարգավիճակո՞վ»:

Հիմա նորից հնչեցնենք հարցը, պարոն Փաշինյան, պատասխանեք խորհրդարանական երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից Ձեր իսկ հնչեցրած կասկածելի ենթատեքստ ունեցող հարցին, այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին իր այդ կարգավիճակով հայկական չէ՞, կամ կա՞ որևէ կարգավիճակ, որով Շուշին հայկական չէ: Շուշին դժբախտ և դժգույն քաղաք համարող Նիկոլ Փաշինյանն այսօր էլ խուսափեց ստույգ, առանց հնարքների դիմելու՝ պատասխանել  մեկ կոնկրետ հարցի: Մինչդեռ ադրբեջանական մամուլի գլխագրերում ՀՀ վարչապետի հնչեցրած հարցը դարձավ պնդում: Օրեր շարունակ այս պատկերն էր:

«Пашинян: Шуша – это азербайджанский город»:

Տեսանյութեր

Լրահոս