ԵԽԽՎ-ն հունվար ամսվա նստաշրջանում արձանագրել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211),  որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։

Այսպես.

9.2 կետում նշված է, որ  Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների և  չլուծված խնդիրների վերաբերյալ։ Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու  ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։

39-րդ կետում նշված է՝ 2020 թվականի սեպտեմբերին ՍԴ երեք նոր դատավորների ընտրությունը բարձր դատարանի  կազմի փոփոխության համար պայքարի վերջին դրվագն էր, որը սկսվել էր դեռևս անցած տարի։ ՍԴ նախագահի և Վարչապետի միջև ստեղծված  լարվածության մակարդակը ստիպեցին համազեկուցողներին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահին, հունվարին հանդես գալ զսպվածության կոչերով (հաշվի առնելով կոչերի բովանդակությունը՝ ակնհայտ է, որ այն ուղղված էր քաղաքական իշխանություններին)։ Համավարակով պայմանավորված, ինչպես նաև ԵԽ-ՀՀ իշխանություններ երկխոսության արդյունքում   Կառավարությունը հրաժարվեց ՍԴ դատավորների փոփոխությունը նախատեսող հանրաքվեից և որոշեց վերադառնալ Սահմանադրության փոփոխության պառլամենտական ընթացակարգին և հայցել ՎՀ-ի կարծիքը նախագծի վերաբերյալ։ ՎՀ-ի կողմից հունիսին ներկայացվել է կարծիք, որում շեշտադրվել է ՍԴ կազմի փոփոխության համար  ողջամիտ ժամկետի տրամադրման հանգամանքը։ Նշվել է նաև, որ անհրաժեշտ է դատավորների փոփոխության համար անցումային ժամանակաշրջանի տրամադրում՝ ապահովելու աստիճանական փոփոխությունը, որին ՀՀ իշխանությունները չեն հետևել։

Այսպիսով, մենք հերթական անգամ ականատեսն ենք լինում ՍԴ-ի շուրջ ծավալված հակաօրինական և եվրոպական գործընկերների կարծիքը ակնհայտորեն արհամարհող իշխանությունների վարքագծին տրված գնահատականին։ Իսկ նման գնահատականի առկայությունը չափազանց անցանկալի է  Հայաստանի համար՝ հատկապես այս փուլում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրները (Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բարձրաձայնում, գերիներին, Արցախի կարգավիճակին առնչվող հարցեր և այլն) մենք բարձրացնելու ենք ավելի խոցելի դիրքից՝ դրանց առնչվող դրական արդյունքի հասնելու ավելի նվազ շանսերով։ Որպես համանման ապիկար վարքագծի ապացույց՝ կարող ենք վկայակոչել նույն նստաշրջանում գերիների հարցի չընդգրկումն ու Վեհաժողովի կողմից դրան չանդրադառնալը։

Հավելենք, որ ՍԴ դատավորների գործերը գտնվում են ՄԻԵԴ-ում, որը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի ինստիտուտ՝ իր որոշումները կայացնելիս կարևորություն է տալիս համանման զեկույցներում, բանաձևերում ամրագրված գնահատականներին։

Տեսանյութեր

Լրահոս