Ու միշտ հիշե՛ք՝ թե՛ թույլ լինելը և թե՛ ուժեղ լինելը, թե՛ փոքր լինելով՝ ուժեղին հաղթելը, թե՛ ուժեղ լինելով՝ թույլին պարտվելը ընտրության ու կամքի հարցեր են. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օբյեկտիվորեն, ամեն ինչ, ամեն ինչ հնարավոր է հետ բերել, վերադարձնել` ազգային արժանապատվությունը, պատիվը, անվտանգության զգացողությունը, հաղթանակի ու ինքնաբավ, կայացած, ուժեղ ու երջանիկ ազգ լինելու զգացողությունը, որի պետականությունն ամեն հայի, ՀՀ քաղաքացու մեջքին կանգնած է։ Հնարավոր է նույնիսկ հետ բերել ողջ Արցախն իր բնական ու ոչ բնական սահմաններով, ու նույնիսկ մի բան էլ ավել, ու դառնալ ամբողջովին այլ քաղաքական տրամաչափի ու աշխարհաքաղաքական լիգայի խաղացող պետություն։

Բայց դրա համար պետք է ֆունդամենտալ փոխել մտածելակերպը՝ պահպանելով հիշողությունն ու զարգացնելով ինքնությունը։ Դառնալ նպատակասլաց, կրթատենչ, մշտապես մասնագիտացող և ժամանակը գնահատող, ազգային համայնքային բարձր զգացողությամբ ու պատասխանատվությամբ քաղաքական ժողովուրդ թե Հայաստանի Հանրապետության տարածքում, և թե Սփյուռքում։

Անվտանգության ոլորտը համադրել ժամանակակից տնտեսության, խելամիտ ինովացիոն տեխնոլոգիական արդյունաբերության հետ ու որդեգրել խորքային ռազմավարություններ, որի մեջ կլինի թե Համապարփակ Անվտանգության Համակարգի, թե Ակտիվ Զսպման և Էֆեկտիվ Հանրության դոկտրինները։

Պետք է սովորել դառնալ գերխորամանկ, գերպատասխանատու ու կատարելության ձգտող, քիչ խոսացող ու շատ աշխատող։ Ոչ պարծենկոտ կամ մեծամիտ, բայց ռազմավարական համբերությամբ զինգած ու հողին կառչած, բարձր բարոյականությամբ միմյանց ու մեր պետության հանդեպ օժտված հանրություն։ Արցահայությանն ամեն գնով ՀՀ-ում պահող ու իրենց հավաքական պոտենցիալը, առավելությունը ճիշտ գնահատող ու օգտագործող։ Խելամիտ ու ռազմավարական վերաբնակեցման ծրագրեր իրականցնող հանրություն ու պետություն։

Պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն, Ռազմավարականացված Պետություն, որը հստակ գիտի, թե այս հակամարտային ուժակենտրոն բազմաբևեռ աշխարհակարգում ինչպես է գոյապահպանվում իր յուրահատկությամբ ու կուռ միասությամբ և ինչպես է զարգանում՝ ուժի կուտակման, կուտակային կարողությունների ու գործորդության շարունակական մեծացման ու տեխնոլոգիական գերակայության ձգտելու նպատակով։ Շոշափելի, հստակ տեսլականը, առաջին հայացքից դժվար հասանելի, բայց հասկանալի տեսլականը հիմք է մեծ մոտիվացիայի՝ բազմանալու, աշխատելու ու մասնագիտանալու հանուն նոր համազգային մեծ հաղթանակների։

Ու միշտ հիշեք, թե թույլ լինելը և թե ուժեղ լինելը, թե փոքր լինելով ուժեղին հաղթելը, թե ուժեղ լինելով թույլին պարտվելը՝ բոլորը ընտրության ու կամքի հարցեր են։ Շարունակական, անհոգնույն պայքարը ինքնության մաս ու ամենօրյա սովորություն, ազգային բնավորության մաս կարող է դառնալ։ Ու նմանատիկ օրինակները պատմության մեջ բազմաթիվ են։

Հետևաբար, պետք է ձգտել դառնալ Հատուկ Պետություն։

ԲԱՅՑ նախ պետք է փոխվի քաղաքական էլիտան և կասեցվի ներկայիս ինքնակործանման պարադիգման»։

Տեսանյութեր

Լրահոս