«Մեր տղաներին թիկունքից հարվածել են, «գերագույն սրիկան» իր բերանով ասել է… պետք է պատասխանատվության ենթարկվի». Արուս Հարությունյան

Այսօր 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա՝ շփման ողջ երկայնքով։ 44 օր տևած պատերազմի ընթացքում Ադրբեջանն օկուպացրեց 90-ականներին Արցախի ՊԲ-ի կողմից ազատագրված տարածքները։

Այս պատերազմում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվել են նաև վարձկաններ, Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործել է նաև սպիտակ ֆոսֆոր։ Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական սոցցանցերում հայտնվում էին տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները գնդակահարում խաղաղ հայ բնակչությանը։

Մինչև այժմ հստակ չի նշվում, թե 44-օրյա պատերազմում քանի զոհ է ունեցել հայկական կողմը. 2022 թվականին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում էր, որ հայկական կողմն ունեցել է 3825 զոհ, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 5000-ի։ Մինչև օրս բազմաթիվ անձինք համարվում են անհետ կորած, կան նաև բազմաթիվ վիրավորներ։

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմի հրադադարը հաստատվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ։

«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանի խոսքով՝ հայ զինվորը, կռվող տղաները դեռ 90-ականներից են ապացուցել, որ հայրենասեր են, կռվող են։

«Մեր տղաներին թիկունքից հարվածել են, «գերագույն սրիկան» իր բերանով ասել է, որ «ունենալու էինք նույն ելքը, իհարկե, առանց զոհերի»։ Իրենք խորհրդարանում ասում էին՝ «կռվո՞ւմ ենք, թե՞ հողերն ենք տալիս»։ Բա եթե դու ինքնուրույն պետք է որոշում կայացնեիր, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որովհետև ժողովուրդն ասաց՝ կռվում ենք, գնաց ու մեր տղերքին թիկունքից հարվածեց։

Մեր բոլոր հողերն ինքնակամ տվեց, Ալիևն ուզեց, ինքը՝ տվեց»,- 168.amի հետ զրույցում նշեց Արուս Հարությունյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորին է «տեռորիստ» համարում ու տանում կալանքի։

Արուս Հարությունյանը նաև շեշտեց՝ որդեկորույս ծնողների պայքարի հույսը միայն այն է, որ այս ամենի մեղավորը պատասխանատվություն կրի։

«Մենք պայքարում ենք, որ «գերագույն գլխավոր մեղավորը» պատասխանատվության ենթարկվի, որն ինքնախոստովական ցուցմունք է տվել իր դեմ, և ոչ մի օրենսդիր, իրավական մարմին այդ գործը չվերցրեց՝ բոլորն աչքերը փակեցին։ Մենք ծնողներով պայքարում ենք հանուն նրա, որ ինքը պատասխանատվության ենթարկվի և իր հետ միասին՝ ամբողջ իշխանական թիմը»,- նշեց Ա. Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հունվարի 27-ը «Հիշատակի ու խոնարհումի օր» հայտարարելու մասին նախագծին և հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը սեպտեմբերի 27-ի փոխարեն՝ սահմանեց հունվարի 27-ը, Արուս Հարությունյանը պատասխանեց.

«Դե իհարկե, վախ կա, Նիկոլ Փաշինյանի վարքագծից չի երևո՞ւմ, որ Ալիևից վախենում է, ժողովրդին հարցրեք։ Ում այսօր հարցնում ես, թքում է իրենց ճակատին։

Փողոցով քայլում ես, հոպ՝ կրակում են, մարդիկ ջայլամի նման գլուխները մտցրել են իրենց տները»։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի օր։

Տեսանյութեր

Լրահոս