Մեր երեխաները հավի ճտեր չէին, որ սպանեցին, Շուշին էլ դժգույն քաղաք չէր, որ նվիրեցին Ադրբեջանին․ Գեղամ Նազարյան
Արցախյան պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը նոր քաղաքացիական նախաձեռնություն է սկսել՝ «Ճշմարտություն՝ սերունդների համար» անվամբ, որն ուղղված է պատերազմի մասին ողջ ճշմարտությունը վեր հանելուն և մեղավորներին հայտնաբերելուն։ Նազարյանը 12 կետով նշել է այն հարցերը, որոնց վերաբերյալ փաստահավաք աշխատանք են սկսելու․
«Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետևյալ կետերում.
1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։
2. Ինչո՞ւ որևէ հետևություն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:
3. Դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, Փաշինյանը մի քանի անգամ հանդես է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։
4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։
5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների և տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։ Ի՞նչ հրեշավոր հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:
6. Հազարավոր նորակոչիկներ չունենալով որևէ կրակային և այլ ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ և ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս որոշման համար Գերագույն գլխավոր հրամանատարից սկսած բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։
7. Առանց զրահաբաճկոններ և սաղավարտներ մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության, մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։
8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: Եվ ընդհակառակը, բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապատասխան մասնագիտություններ ունեն, այդպես էլ չեն զորակոչվել, չնայած նրանցից շատերը բազմիցս պնդել են, որ իրենց ռազմաճակատ տանեն:
9. Կա վարկած, որ օրերի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից որպես օգնություն ուղարկված հանդերձանքը և այլ կենսական անհրաժեշտության պարագաներ չեն հասել կռվողին, չեն հասել ռազմաճակատ, այլ հանգրվանել են ինչ-որ պահեստներում:
10. 44 օր մեր հասարակությանը, աշխարհասփյուռ հայությանը սուտ և կեղծ ինֆորմացիա է տրվել իրավիճակի մասին։ Ըստ էության, պաշտոնապես խաբել են մի ամբողջ ժողովրդի։ Գործել է ստի լավ մշակված համակարգ՝ իր հիերարխիկ կառավարմամբ։ Ովքե՞ր են ղեկավարել ստի մահաբեր մեքենան, ովքե՞ր են ներգրավված եղել այդ գործում, որտե՞ղ են կայացվել որոշումները։ Ավելին, մինչ օրս հրապարակված չէ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվը:
11. Համառ լուրեր են շրջանառվում, որ եղել է, այսպես կոչված, «փակ ծրարներով» զորակոչ, երբ ընդդիմադիր ակտիվիստներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին ռազմաճակատ ուղարկելու հրահանգ է իջեցվել զինկոմիսարիատներ: Եթե դա ճշմարտություն է, ապա ովքե՞ր են կազմել այդ ցուցակները, ո՞ւմ հանձնարարությամբ։
12. Խնդիր ենք դնելու ստեղծել փառքի ծառուղիներ, պուրակներ, որտեղ յուրաքանչյուր զոհված զինծառայողի անունով ծառ կտնկվի»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Մեզ հետ զրույցում Նազարյանն ասաց, որ նախաձեռնությունը բաղկացած չէ կոնկրետ անդամներից, այն բաց է նրանց համար, ում համար հարցը կարևոր է․ «Նախաձեռնությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նշված 12 կետերով իրենց աջակցությունը կամ ներդրումը կարող են ունենալ, ասելիք ունեն, անելիք ունեն, իրենց այդտեղ տեսնում են։ Բոլորի համար բաց է, և միտքն էլ այն է, որ այն հնարավորինչ չափ լայն հարթակ հանդիսանա, որտեղ կմեկտեղվեն ոչ միայն նրանք, ովքեր ընտանիքում կորուստ ունեն, այլև բոլորի համար, ովքեր այս ամենը համարում են իրենց խնդիրը։
– Քանի որ այն փաստահավաք խմբի ձևաչափ է ունենալու, ի՞նչ տեսակի նյութեր եք հավաքագրելու։
– Կա 12 կետ, այդ բոլոր կետերով՝ սկսած նրանից, թե ինչո՞ւ չկանխվեց պատերազմը, վերջացրած նրանով, թե զինվորների, զինվորականների վկայությունները, թե ինչո՞ւ էին նահանջի անհասկանալի հրամաններ տրվում, ինչո՞ւ էին առանց սաղավարտ, ինչո՞ւ էին առանց զրահաբաճկոնի, ինչո՞ւ էին 18 տարեկան նորակոչիկները առաջնագծում և ոչ թե թաքստոցներում և այլն, բազմաթիվ այդպիսի հարցեր։ Այն շատ համընգրկուն նախաձեռնություն է և, կարծում եմ, չի բավարարվելու այդ 12 կետերով, ավելի խորն է գնալու։
– Հավաքված նյութերը զուտ փաստագրական նշանակությո՞ւն են ունենալու, թե՞ կոնկրետ նպատակների համար են հավաքվում։
– Դրանք ստանալու են իրավական ձևակերպումներ, և, հուսով եմ, որ դրանք օգտագործվելու են մեր հայկական «նյուրնբերգյան դատավարության» ժամանակ։
– Այսինքն՝ Դուք դատական գործընթացնե՞ր եք նախաձեռնելու։
– Ինչո՞ւ եմ ես նախաձեռնելու, բա պետությո՞ւնը, հո էսպես չե՞նք մնալու։ Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք նոր իշխանություններ կունենանք, իրավական համակարգը կսկսի լրջությամբ զբաղվել այս դավաճանությամբ, որ տեղի ունեցավ, կսկսեն քրեական գործեր, հետո տեղի կունենա մեր, պատկերավոր ասած, «նյուրնբերգյան դատավարությունը», որի ժամանակ այս ամենի պատասխանատուները կկրեն իրենց առժանի պատիժը։ Ինչո՞ւ եք այդքան հոռետեսորեն տրամադրված, այս ամենը պետք է գնահատական ստանա, իրավական գործընթացներ են լինելու, մեր երեխեքը հո հավի ճտեր չէի՞ն, որ սպանեցին, Շուշին էլ դժգույն քաղաք չէր, որ նվիրեցին Ադրբեջանին։ Այս ամենի մեղավորները պատասխան են տալու։
– Ձեր նշած 12 կետերից բոլորի ճշմարտացիության մեջ Դուք համոզվա՞ծ եք, թե՞ կան կետեր, որոնք դեռ պետք է պարզվեն։
– Մեծամասնությանը համոզված եմ, կան կետեր, որոնք բացահայտման, ճշտման կարիք ունեն, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվելու։ Կլինեն բացահայտումներ, վկայություններ, որպեսզի մենք հասկանանք՝ դրանք խոսակցություննե՞ր են, թե՞ իրականությանը համապատասխանող պնդումներ։
– Արդեն եղե՞լ են ծնողներ, որոնք դիմել են։
– Այո, եղել են։ Այս մասին պաշտոնապես ես այսօր եմ հրապարակել, բայց այս ընթացքում ես բազմաթիվ զանգեր եմ ստացել, բազմաթիվ նամակներ եմ ստացել, ոմանք իրենց աջակցությունն են հայտնում, ոմանք արդեն ուզում են պատմել իրենց որդու, ամուսնու հետ տեղի ունեցածը, իրենց հետ տեղի ունեցածը։ Արձագանքները սպասվածից ավելի շատ է, ես հիմա վստահ եմ, որ սա շատ ավելի աշխատատար գործ է լինելու, քան ես սկզբում պատկերացնում էի։ Նախաձեռնությունն այսօրվանից համարում ենք մեկնարկած։