Համալսարանները՝ որպես կոլեկտիվ գիտելիքի հարթակներ
Համալսարանները հասարակության զարգացման կարևոր օղակներ են։ Պատահական չէ, որ, բացի ուսումնական և գիտահետազոտական նպատակներից, մշտապես կարևորվել է համալսարանների հասարակական դերը։ Բայց որպեսզի համալսարանները կարողանան հասարակական կարևոր դեր խաղալ, նրանք պետք է ազատ լինեն, ունենան ինքնիշխանություն։ Համալսարանական մոդելներից մեկի հիմնադիր, Պրուսիայի լուսավորության նախարար Վիլհելմ Հումբոլդտը ժամանակին տեսակետ է հայտնել, որ համալսարանները պետք է լինեն քաղաքներից հեռու, որպեսզի դասախոսները հեռու լինեն քաղաքական իրադարձություններից և ազատ լինեն։ Հումբոլդտի համոզմամբ, միայն ազատախոհ դասախոսները կարող են դաստիարակել ազատ մտածող ուսանողներ։ Իհարկե, Հայաստանի նման փոքր երկրում համալսարանների՝ քաղաքներից հեռու լինելու հանգամանքը չի կարող դեր խաղալ, քանի որ, միևնույն է, բոլորն իրար ճանաչում են։
Այսօր շատ կարևոր է վերանայել համալսարանների դերը Հայաստանում։ Մեր երկրում ընդունված է, որ ռեկտորը պետք է ցուցաբերի լոյալություն գործող իշխանությանը։ Ռեկտորների ընտրության մեխանիզմն էլ կառուցված է այնպես, որ իշխանության աջակցությունը չունեցող որևէ թեկնածու չի կարող ընտրվել։ Կառավարության ձեռքում է ռեկտորին ընտրող հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների կեսը։ Այսինքն՝ կառավարության աջակցությունը չվայելող որևէ թեկնածու չունի շանս՝ ստանալ 50+1 ձայն։ Դեռևս չի արձանագրվել գեթ մեկ դեպք, երբ կառավարության աջակցությունը չվայելող թեկնածուն ընտրվի բուհի ռեկտոր։ Կառավարության նման գերմիջամտությունը խանգարում է, որպեսզի բուհերը դառնան ինքնուրույն կառույցներ։ Ցավալին այն է, որ ոչինչ չի արվում բուհերին ինքնուրույն, ազատ գործունեության պատրաստելու համար։ Եվ կա ռիսկ, որ, եթե կառավարությունը չմիջամտի ընտրություններին և ասի՝ ընտրեք՝ ում ուզում եք, այս դեպքում էլ բուհերի կառավարումն իրենց ձեռքը կվերցնեն ազդեցիկ, ֆինանսական մեծ կարողություններ ունեցող խմբավորումները, որը նույնպես համալսարանների համար լավ հեռանկար չի խոստանում։
Ռեկտորների լոյալությունը գործող իշխանությանը՝ խանգարում է, որպեսզի համալսարանները դառնան ինքնուրույն, հատկապես՝ հասարակական գիտությունների ոլորտում։ Նաև համալսարանների մարդկային կապիտալը վատ օգտագործելու արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է հետընթացի արատավոր շրջանում։ Ժամանակին վատ գաղափարներ ենք առաջարկել, որոնց հիման վրա իրականացրել ենք վատ քաղաքականություն։ Դա էլ իր հերթին՝ բերել է վատ արդյունքների։ Եթե ունենք վատ արդյունքներ, ապա շատ դժվար է դրանցից դուրս բերել լավ գաղափարներ։ Կեղծիքը, վիրավորանքը, ատելությունը, պիտակավորումները, մեծամտությունը, միայն ուրիշին մեղադրելու մոլուցքը բացառում են որևէ կոնստրուկտիվ զարգացում քաղաքական դաշտում և մտավորականության նախաձեռնություններում։ Այն լեզուն, որով այսօր տեղի են ունենում քննարկումները, անպտուղ է և սպառված։ Եթե շարունակենք այդ լեզվով խոսել, ապա տեղապտույտից դուրս չենք գալու։
Եթե երկրում առկա է թունավոր միջավայր, վիրավորանքի, գերզգացմունքայնության մթնոլորտ, ապա հարց է առաջանում, թե որտեղի՞ց պետք է ծնվեն նոր գաղափարները։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ նոր գաղափարների, նոր հարթակների, նոր խոսույթի հարթակ կարող են դառնալ համալսարանները։ Հայաստանի մի շարք բուհերում կան պատմության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փիլիսոփայության, հոգեբանության, տնտեսագիտության, իրավագիտության ֆակուլտետներ, բաժիններ։ Ենթադրվում է, որ այդ ֆակուլտետներում աշխատող դասախոսներն ի վիճակի են վերլուծել հասարակական խնդիրները գիտական տեսանկյունից։ Ենթադրվում է, որ այդ դասախոսները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական կողմնորոշումից, կարող են մի կողմ դնել իրենց սիրելի առաջնորդի կամ կուսակցության պաշտամունքը և մասնագիտական քննարկում վարել։ Համալսարանների նպատակներից մեկը նվիրումն է ճշմարտության բացահայտմանը։ Աշխարհի շատ համալսարաններ իրենց առաքելության, խորհրդանիշերի մեջ օգտագործում են ճշմարտություն (Veritas) բառը։ Ցավոք, այսօրվա աշխարհում իշխանությունները, քաղաքական ուժերն արհամարհում են ճշմարտության գաղափարը՝ տուրք տալով կեղծիքին, կիսաճշմարտությանը։ Այդ ձևով նրանք, գուցե, լուծում են իրենց կարճաժամկետ խնդիրը, բայց կազմաքանդում են պետական ինստիտուտները, առաջին հերթին՝ կրթությունը, գիտությունը։ Եթե ամեն ինչ մանիպուլյացիաների, խաբելու վրա է, ո՞ւմ են պետք գիտելիքը և գիտությունը։
Հայաստանում այսօր ունենք մի վիճակ, երբ ամեն ինչ կազմաքանդել ենք։ Գուցե այս պահին վերջ տանք կարճամտությանը և համալսարանները դարձնենք մասնագիտական քննարկումների հարթակներ, փորձենք զբաղվել ինստիտուտներ, համակարգեր ստեղծելու աշխատանքով։ Սահմանենք հաղորդակցման մասնագիտական լեզու, որում կարգելվի վիրավորանքը, պարզունակ առօրեական գնահատականները, կարծրատիպային մտածողությունը, մեծամտությունը։ Կլինեն փաստեր, գիտելիքներ, վերլուծություններ, լայնախոհություն, խոնարհություն։ Քննարկումների այդ հարթակում պետք է մի կողմ դրվեն նաև պաշտոններն ու կոչումները, քանի որ երկրում ունենք նաև ակադեմիական օլիգարխիայի դրսևորումներ։ Քննարկումների մեկնակետը պիտի լինեն ոչ թե պատասխանները, այլ հարցերը, որոնց պատասխանները պետք է դուրս բերվեն տևական քննարկումների արդյունքում ստեղծված կոլեկտիվ գիտելիքի միջոցով։ Պետք է ապահովել գաղափարների ազատ շրջանառություն։ Այդ դեպքում ասպարեզ կգան այն մարդիկ, որոնք ասելիք ունեն և կարող են երկիրը դուրս բերել վատ գաղափար-վատ քաղաքականություն-վատ արդյունք արատավոր շրջանից։
Մեր նավը լրջորեն վնասված է։ Ժամանակն է վերջ տալ հասարակությանը պառակտելու, նավի վրա զվարճանալու, նավից անձնական նպատակների համար առավելագույնը կորզելու, նավի թանկարժեք սենյակներից կառչելու մոտեցումներին և առաջին պլան մղել նավաշինարարության մասնագետներին։ Հայաստանի քաղաքական դաշտը ձախողված է։ Հասարակական կազմակերպությունները, նախաձեռնությունները խրամատավորված են և պատրաստ չեն երկխոսության։ Հույսն այն է, որ ճշմարտությանը դավանող ակադեմիական շրջանակները լուծումներ գտնեն։ Խնդիր դրեք համալսարանների առջև, տվեք ազատություն և կոլեկտիվ գիտելիք ստեղծելու հնարավորություն։ Չեմ պնդում, որ կստացվի, բայց փորձել պարտավոր ենք։