Կառավարության անգործությունը՝ դիտավորությա՞ն, թե՞ մտավոր հետամնացության արդյունք
Առաջնահերթ քայլեր նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու համար
Ինչպես և խոստացել էի նախկին հոդվածում, սույն հոդվածում ներկայացնում եմ այն հիմնարար քայլերը, որոնց իրականացումն անհրաժեշտ է անհապաղ սկսել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն ապահովելու համար։
Քայլ No. 1։
Նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ծրագրի տնտեսական հիմնավորման վերանայում։
Անհրաժեշտ է վերանայել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036թթ․-ի զարգացման պլանի» հիմքում ընկած օպտիմիզացիոն մոդելը՝ վերլուծության մեջ ներառելով կայացած ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) տեխնոլոգիաների ավելի լայն սպեկտր՝ կենտրոնանալով ռուսաստանյան շուկայում առկա էներգաբլոկների տեսակների վրա։
Պետք է նաև օգտագործել նոր ԱԷԿ-ի կառուցման կապիտալ ծախսերի ավելի իրատեսական ենթադրություններ։ Մասնավորապես, նմանատիպ ծրագրեր իրականացնող համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից տարբեր երկրներում կառուցված ատոմային էներգաբլոկների կապիտալ ծախսը կազմել է մոտ 4500-5500 ԱՄՆ դոլար (World Nuclear Association:, սա վճարով աղբյուր է, բայց անիմաստ ծախսեր կատարելու փոխարեն՝ կարելի էր տարին մոտ 2000 ԱՄՆ դոլար ծախսել և հասկանալ շուկայական միտումները) 1 կիլովատտ դրվածքային հզորության համար։ ՀՀ Կառավարության էներգետիկ ռազմավարության հիմքում ընկած ներկայիս վերլուծության մեջ այդ կապիտալ ծախսերը չափազանց բարձր են՝ որոշ նոր ատոմային էներգաբլոկների դեպքում՝ 6500-8000 ԱՄՆ դոլար 1 կիլովատտ դրվածքային հզորության համար։ Սա պետք է վերանայել։ Տնտեսական հիմնավորման վերանայումն ինքնանպատակ չէ։
Դիտարկում 1։ Ծրագրի տնտեսական հիմնավորվածությունը կուժեղացնի տարբեր ներդրողների վստահությունը ծրագրի նկատմամբ, քանի որ դա ազդակ է դրա շահութաբեր լինելու մասին։ Այն դեպքերում, երբ ծրագիրը պարզապես հայտարարվում է ռազմավարական առաջնահերթություն և չի խոսվում նրա տնտեսական հիմնավորվածության մասին, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու այն մեծամասնությամբ ֆինանսավորել պետական բյուջեից, ինչն անհնար է։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ նույնիսկ 600 ՄՎտ հզորությամբ և միջազգային շահագործման նախապատմություն ունեցող ԱԷԿ էներգաբլոկի ցանկացած մոդել կպահանջի առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար կապիտալ ծախս։ Սա չի ներառում ֆինանսավորման արժեքը, օրինակ՝ ներգրավված վարկային միջոցների տոկոսները, և այլն։ Քանի որ ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ հունվարի 14-ին հաստատված էներգետիկ ռազմավարության փաստաթուղթը նշում է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման միջոցները ներգրավվելու են պետական երաշխիքով տարբեր աղբյուրներից, ինչպես նաև՝ մասնավոր ներդրողներից, ապա այդ վերլուծության վերանայումը դառնում է չափազանց կարևոր։
Դիտարկում 2։ Վերանայված վերլուծությունից պետք է բացառել միջազգային շահագործման նախապատմություն չունեցող փոքր մոդուլյար էներգաբլոկները (SMR): Հայաստանը փորձադաշտ չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ պահանջում է ատոմային էներգետիկայի ոլորտում հսկայական ներուժի և փորձի առկայություն, որը մենք չունենք։ Նման բաներ կարող են իրենց թույլ տալ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Չինաստանը, որոնք ունեն հսկայական փորձառություն և տեղական ներուժ։ Պատկերացրեք, թե ինչպես պետք է վերացվեն վթարային իրավիճակները, երբ որ դուք շահագործում եք մի տեխնոլոգիա, որին նոր եք ծանոթացել։
Քայլ No. 2։
Անհապաղ սկսել նոր ԱԷԿ կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները։ Սա պետք է սկսել անհապաղ, քանի որ այն պետք է տա բազմաթիվ՝ հիմնականում տեխնիկական բնույթի հարցերի պատասխանները։ Նմանատիպ ուսումնասիրություն անցկացվել էր դեռ 2010-2011 թվականներին, բայց ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում և ՀՀ էներգետիկ ոլորտում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Այդ ուսումնասիրությունը պետք է պատասխանի հետևյալ կարևորագույն հարցերին։ Ստորև ներկայացվող հարցերի այս ցանկը, բնականաբար, ամբողջական չէ։
1. Որո՞նք են տեխնիկապես կենսունակ տեխնոլոգիաները ՀՀ էներգետիկ ոլորտի դեպքում։ Կան շատ տեխնոլոգիաներ, որոնք համաշխարհային շուկայում համարվում են կայացած, սակայն դրանց շահագործումը ՀՀ-ում դժվար կլինի, քանի որ պահանջում են, օրինակ, ոչ ստանդարտ տեսակի միջուկային վառելիք, կամ հովացման ջուր։
2. Ո՞րն է տնտեսապես ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Տեխնիկապես կենսունակ տեխնոլոգիաների ընտրությունից հետո պետք է ևս մեկ անգամ վերանայել տնտեսական վերլուծությունը՝ հասկանալու, թե ո՞րն է նվազագույն ծախսերով մոդելը, որը կապահովի սահմանված շահագործման պարամետրերը։
3. Ինչպե՞ս պետք է կազմակերպվի միջուկային վառելիքի ցիկլը։ Պետք է տրվեն հստակ լուծումներ, թե ինչ տիպի վառելիք է մատակարարվելու, որտեղից, ինչպես է այն պահեստավորվելու, օգտագործված վառելիքի ժամանակավոր/մշտական պահպանում և անվտանգությունը, և այլն։
4. Ինչպիսի՞ն է ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հարկավոր է անցկացնել բոլոր լավագույն միջազգային ստանդարտների բավարարող Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախապատրաստում՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է ներգրավել արտաքին ֆինանսավորում։
5. Որո՞նք են նոր ԱԷԿ-ի լիցենզավորման/շահագործման թույլտվության հիմնական պահանջները՝ ըստ ՀՀ օրենսդրության։ Պետք է կատարել իրավական և կարգավորման դաշտի լուրջ վերլուծություն, որպեսզի չստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ կայանը հնարավոր չլինի հանձնել շահագործման՝ օրենսդրական բացերի կամ անհապատասխանությունների պատճառով։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ՀՀ գործող կառավարությունը դրա մասին չի անհանգստանում և պատրաստ է օրենսդրության պահանջները հարկ եղած դեպքում խախտել, բայց այդ մոտեցումը պարունակում է մեծ ռիսկեր՝ արտաքին ներդրողների տեսանկյունից, և նրանք իրենց ֆինանսական միջոցների հասանելիությունը հաստատ կախվածության մեջ են դնելու ծրագրի՝ ըստ ՀՀ օրենսդրության և այլ միջազգային կիրառելի նորմերի, իրականացումից։
6. Ինչպիսի՞ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրներ կան։ Նոր ԱԷԿ-ի պես բարդ ներդրումային ծրագրի իրականացումը ստեղծելու է բազմաթիվ լոգիստիկ բնույթի խնդիրներ, որոնց պետք է մանրակրկիտ ուշադրություն դարձվի։ Օրինակ՝ պահանջվելու է հսկայական մեծ քաշով էներգասարքավորումների և այլ բաղադրիչների փոխադրում։ Դա հիմնականում կատարվում է ծովային և երկաթուղային տրանսպորտով։ Արդյո՞ք Վրաստանի (դեռ չենք դիտարկում ապաշրջափակման գիտաֆանտաստիկ օգուտները և, եթե նույնիսկ դիտակենք՝ խնդիրները նույնն են) և Հայաստանի տարածքում առկա երկաթուղային, ճանապարհային ուղիները՝ ներառյալ կամուրջները (որոնց զգալի մասն առանց վերանորոգման շահագործվում է արդեն 100-120 տարի), կարող են օգտագործվել այդ ծանր բեռների անվտանգ փոխադրման համար, թե՞ տեղի է ունենալու այդ կամուրջների փլուզում։ Եթե պարզվի, որ դրանք նմանատիպ մեծ ծանրությամբ բեռներին չեն դիմանա, ապա անհրաժեշտ է լինելու դրանց վերանորոգում, որը նույնպես զգալի ծախս է, և այդ աշխատանքները պետք է սկսել մոտ ապագայում։ Բեռնատար ինքնաթիռներով միշտ չէ, որ հնարավոր է ամեն տեսակի բեռ տեղափոխել։
7. Ի՞նչ ժամանակացույցով է իրականացվելու ծրագիրը։ Ժամանակացույցի հարցում պետք է լինել իրատեսական և նույնիսկ պահպանողական։ Վերջին 15 տարվա ընթացքում չի եղել նոր ԱԷԿ-ի կառուցման գեթ մեկ ծրագիր, որը սահմանված ժամանակացույցից չի ուշացել։ Սա մանրուք չէ։ Մասնավոր կամ պետական երաշխիքով ֆինանսավորման դեպքում վարկային ռեսուրսներ տրամադրողները սահմանելու են գումարների սպասարկման ժամանակացույց, և ծրագրի շահագործման հանձնումը չափազանց կարևոր է։ Եթե կայանի շահագործման հանձնումը ուշանա, ապա պարտքի սպասարկումը կատարվելու է պետության միջոցների հաշվին, այլ ոչ թե՝ կայանից ստացվող եկամուտի։
8. Ովքե՞ր են լինելու իրականացման պատասխանատուները։ Մեր պարագայում սա ամենաբարդ հարցերից մեկն է, եթե ոչ՝ ամենաբարդը։ Պետք է տրվեն հետևյալ հարցերի պատասխանները. (ա) ո՞ր մարմինն է լինելու ծրագրի ամենօրյա իրականացման պատասխանատուն և (բ) ո՞վ է վերահսկելու ծրագրի իրականացումը բարձր մակարդակում։ Առաջին հարցի մասով դեռ ամեն ինչ այդքան անհույս չէ, քանի որ գործող ԱԷԿ-ում և էներգետիկ ոլորտում դեռ մնացել են բանիմաց մասնագետներ, ովքեր կարող են, որոշակի արտաքին խորհրդատուների օժանդակությամբ, իրականացնել նմանատիպ ծրագիր։
Երկրորդ հարցի դեպքում իրավիճակն անհույս է, քանի որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ներկայիս նախարարությանը նույնիսկ սովորական ավտոմեքենա վստահել չի կարելի, էլ չենք խոսում նմանատիպ բարդ ծրագրի համակարգման մասին։ Ես արդեն նախկին հոդվածներից մեկում նշել էի ոլորտի էականորեն ավելի հեշտ ներդրումային բազմաթիվ ծրագրերի ձախողումների մասին։
Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը պետք է սկսել անհապաղ։ Նմանատիպ աշխատանքը պետք է կատարվի որևէ հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության կողմից (տեխնիկական, այլ ոչ թե՝ բիզնես բնագավառի) և կարող է արժենալ 3-4 միլիոն ԱՄՆ դոլար։ Ինչպե՞ս կարելի է այն ֆինանսավորել․
- Տարբերակ No. 1։ Պետբյուջեից հատկացնել միջոցներ։
- Տարբերակ No. 2։ Օժանդակություն խնդրել միջազգային ֆինանսական կառույցներից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Եվրասիական զարգացման բանկ, և այլն։
Քայլ No. 3։
Նոր ԱԷԿ-ի ֆինանսավորման սխեմայի մշակում։ Տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտից հետո պետք է դիտարկել ֆինանսավորման տարբերակները՝ հասկանալու, թե ո՞ր աղբյուրներից և ի՞նչ պայմաններով հնարավոր կլինի ֆինանսավորում ներգրավել։ Առանց խորքային վերլուծության էլ պարզ է, որ նոր ԱԷԿ-ի կառուցումն առանց մասնավոր ֆինանսավորման ներգրավման՝ անհնարին է։ Հետևաբար՝ պետք է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝
1. Որպես առաջին քայլ՝ պետք է հասկանալ՝ որքա՞ն կարող է կազմել էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագնի տարեկան իրատեսական բարձրացումը, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորել նմանատիպ ծրագիրը։ Սակագնի բարձրացման իրատեսական ուղեծիր որոշելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպե՞ս այն կազդի բնակչության եկամուտների և աղքատության մակարդակի վրա, ինչպիսի՞ օժանդակություն պետք է ցուցաբերվի սպառողներին սակագների աճը մեղմելու ուղղությամբ, և ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տնտեսական տարբեր ճյուղերի վրա։
2. Կատարել կապիտալի շուկայի ուսումնասիրություն և քննարկումներ ներդրողների հետ, որպեսզի ներկայացվի ծրագիրը և արձագանքներ ստացվեն ֆինանսավորման հնարավոր պայմանների, ինչպես նաև ներդրողների կողմից ակնկալվող պետական երաշխիքների մասին։
3. Կատարել ներդրումային ծրագրի ֆինանսական վերլուծություն նոր ԱէԿ-ի սակագինը ֆինանսավորման տարբեր պայմանների պարագայում գնահատելու համար։ Կարող է ստացվել մի պատկեր, որ նոր ԱէԿ-ի՝ չնայած լինելով տնտեսապես արդարացված, ֆինանսավորման պայմանների ոչ գրավիչ լինելու պատճառով կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի էական աճին։
4. Ֆինանսական վերլուծության արդյունքների և առաջին փուլում կատարված տնտեսական հիմնավորման արդյունքները համադրելով՝ ընդունել վերջնական որոշում՝ արդյո՞ք նոր ԱԷԿ-ի ծրագիրն իրագործելի է՝ հաշվի առնելով մակրո-ֆիսկալ ազդեցությունը։
Քայլ No. 4։
ԱԷԿ-ի անվտանգության համակարգի ամրապնդում։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում իրավիճակը, որը դժվար թե մոտ ապագայում էապես բարելավվի, պետք է հրատապ ամրապնդել ԱԷԿ-ի՝ տարբեր տիպի հարձակումներից պաշտպանվածության մակարդակը։ Դա պետք է նաև ներառի հակաօդային պաշտպանության համակարգերի էական ամրապնդումը և մի շարք այլ պաշտպանական համակարգերի ներդրում։ Այս խնդիրը պետք է քննարկել տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից առանձին՝ ռազմական ոլորտի համապատասխան փորձագետների հետ։ Ցավոք, ՀՀ-ում համապատասխան փորձով նմանատիպ մասնագետներ չկան, և պետք է ներգրավել մեր ռազմավարական դաշնակցի համապատասխան փորձագետներին։ Հուսանք, որ ՀՀ ներկայիս Կառավարությունը կունենա տարրական բանականություն և կկարևորի ազգային անվտանգության հարցերը և այս խնդրի լուծման համար չի ներգրավի այլ երկրների փորձագետների։
Նշենք, որ ԱԷԿ-ի կառուցման համար իմ նշած կապիտալ ծախսերը չեն ներառում հակաօդային կամ պաշտպանական համակարգերի այլ տեսակների արժեքը։ Դա նույնպես շոշափելի գումար է կազմելու, բայց ես այդ ոլորտի մասնագետ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ հնչեցնել։
Կան, իհարկե, շատ այլ մանրամասն հարցեր և քայլեր, բայց դրանք ավելի քիչ կոնցեպտուալ նեղ մասնագիտական ոլորտում են, և հնարավոր չէ ամբողջությամբ քննարկել մեկ հոդվածի շրջանակում։
Նշեմ, որ այս քայլերից և ոչ մեկը ներկայումս չի իրականացվում։ Սա նշանակում է, որ, եթե նույնիկ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սկսվի հենց վաղը (այն կպահանջի առնվազն 3 տարի), մենք, միևնույն է, նոր ԱԷԿ 2027 թվականին չենք ունենալու, իսկ ՀՀ Կառավարության էներգետիկ ռազմավարության մեջ նշված 2036 թվականը նույնպես մեծ կասկածի տակ է։