«Մենք դիվանագիտական խողովակներով ի ցույց ենք դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության». ԱԳ նախարար Արա Այվազյան

ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանն այսօր սկսվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցից: Վերջինս, մեջբերելով ադրբեջանական կողմի պնդումները, որ ԼՂ հակամարտությունը փաստացի լուծվել է, ինչպես նաև Ալիևի՝ Շուշիում արած հայատյաց ելույթը, թե Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են «երկաթյա բռունցքի», ԱԳՆ Արա Այվազյանին խնդրեց ներկայացնել, թե ո՞րն է ԱԳՆ դիրքորոշումը, և որո՞նք են ԱԳՆ առաջնահերթությունները՝ նաև խաղաղ գործընթացի համատեքստում:

Նախարարը, խոսելով այդ ուղղությամբ ԱԳՆ հայտարարությունների մասին, մասնավորապես վկայակոչեց նախարարության խոսնակի «անդրադարձը Շուշիում նախագահ Ալիևի կողմից հնչեցված սադրիչ և վիրավորող հայտարարությունների կապակցությամբ»:

«Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, որովհետև մի կողմից՝ նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից՝ նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարությունները, և, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասաց Արա Այվազյանը՝ այս համատեքստում կարևորելով իր այցն Արցախ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում ԱԳՆ առաջնահերթություններին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնացրեց 4 ուղղություն:

«Նախևառաջ՝ հայկական կողմը պատրաստ է բանակցությունները սկսել Մինսկի խմբի համանախագահների ֆորմատի ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Երկրորդը՝ մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված՝ հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իր բնակավայրեր:

Երրորդը՝ միջազգային հանրության կողմից, մասնավորապես՝ միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն Արցախին:

Եվ չորրորդը՝ վերաբերում է մեր մշակութային և բնական ժառանգության պահպանմանը:

Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ  վերջերս հնչեցված հայտարարություններին, Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն: Եվ վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց Արա Այվազյանը:

Վերջինս անդրադարձավ նաև գերիների հարցին՝ նշելով, թե այն ամենաառաջնային խնդիրներից մեկն է, և ընդգծելով, որ այս հարցում եղած վերջին միջադեպն էլ, երբ Ադրբեջանը, անգամ  ՄԻԵԴ միջանկյալ միջոցի առկայության դեպքում, հայ գերուն զրկել էր կյանքի իրավունքից,  ցույց է տալիս, որ Ադրբեջանը կեղծ օրակարգ է առաջ տանում՝ կապված տարածաշրջանում խաղաղության և զարգացման ու հաշտության մասին:

«Մենք դիվանագիտական խողովակներով ի ցույց ենք դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չի խաղաղության, և նախևառաջ, որպեսզի մենք խոսենք խաղաղության մասին, պետք է ստեղծել մթնոլորտ, որը կձևավորվի վստահության վերականգնման ուղղությամբ: Մենք առ այսօր չենք տեսել նման քայլեր»,- եզրափակեց ելույթը:

Տեսանյութեր

Լրահոս