«Ընտրողները մեզ ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ»․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է 30-ամյա Նարեկ Գրիգորյանի հետ, որը պատգամավոր է դարձել պատերազմից հետո. Վարազդատ Կարապետյանը վայր դրեց մանդատը՝ անցնելով այլ աշխատանքի և բացելով Գրիգորյանի ճանապարհը: Նա չի ցանկանում, որ այս իշխանությունը հեռանա, ասում է, որ իրենք ամենաժողովրդավարն են, ունեն ժողովրդի վստահությունը, մինչդեռ քոչարյանական ժամանակներում իրենց ընտանիքն անգամ հացի փող չուներ՝ այնքան էին ճնշում: Մեր զրույցը Գեղարքունիքի Նորատուս համայնքից պատգամավոր դարձած Գրիգորյանի հետ:
-Ձեր ընտրողներին ասել է՞իք, որ գալու եք Արցախը հանձնեք:
-Մենք ոչինչ էլ չենք հանձնել: Իմ ընտրողներն ինձ քվե էին տվել, իրանք գիտեին, որ հենց պատերազմական վիճակ լինի, ես իրանց կողրին եմ լինելու: Պատերազմի առաջին օրերին ես գնացի կռիվ, մարդ կար, որ ես վայենկոմատի դեմը իրան հանդիպա, ասավ՝ ընկեր Գրիգորյան, ինձ չեն թողնում ես էթամ, ասի՝ Եղբայր, երբ դու կգաս, ես քեզ ընդեղ կդիմավորեմ: Այսինքն, ես ավելի շուտ եմ գնացել, ու ինքը եկավ, զուգադիպավ, որ դրեցին իմ վաշտ: Ինքն ինձ տեսավ, զարմացավ, որովհետև ես իրան մի ամիս առաջ էի ասել էդ բանը:
Իսկ որ ասում էք՝ մտավորական-բան, պահանջում են, էն, որ հրապարակում հայհոյում են, դուք իրանց մտավորակա՞ն եք համարում: Կուսակցություններն էլ փորձում են հետ վերադառնալ, բայց հետվերադարձ չի լինի, միանշանակ, որովհետև ՀՀ քաղաքացին այլևս իր իշխանությանը տեր է կանգնելու, ինքն է որոշելու՝ ո՛չ անհատները, ո՛չ հարուստները:
-Դուք չե՞ք կարծում, որ 2018- ից հետո երկրում իրավիճակ է փոխվել:
-Հա, հարց չկա, փոխվել ա, մենք ասում ենք՝ քելեք գնանք ընտրությունների, ընդդիմությունն ասում է՝ գիտեք ինչ կա, քանի իրանք իշխանության են, մենք վախենում ենք: Մոռանում են, որ միակ արդար ընտրությունը եղել ա Նիկոլ Փաշինյանի օրոք:
-Բայց ընտրություններից առաջ մարդկանց էին փռում ասֆալտին, ձերբակալում, ԱԱԾ-ն մտնում էր ընդդիմության շտաբ, դա ևս վարչական լծակների կիրառում է, վախի մթնոլորտի ձևավորում:
-Իրանք վախից թող չխոսեն: ՀՀԿ-ի ժամանակ տնտեսագիտականն ավարտել եմ, հերս բարձրագույն ավարտել ա մանկավարժականում, ոստիկանության սերժանտին ազատին գործից ընդդիմադիր հայացքների պատճառով, ինչի մասին ա խոսքը: Ռոբերտ Քոչարյանն ինչ էր անում՝ ազատում էր էն մարդին, ով ընդդիմադիր էր, չէր թողում աշխատեին, մարզում իմ ընտրողները գիտեն՝ ինչերի միջով եմ անցել, ահավոր բաների, հիմա եթե մենք ըտենց անեինք, իրանցից ոչ մեկ ՀՀ-ում չէր մնալու:
-Դուք այդ իշխանության ժամանակ ընդդիմությունից իշխանություն դարձաք, հետո նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, չեք լսել, թե Արցախն ազատագրած գեներալների, նախկին նախագահների հետ ինչեր է արել:
-Ռոբերտ Քոչարյա՞նն ա Արցախն ազատագրել:
-Իր ժամանակ և իր մասնակցությամբ:
-Դե, հիմա իմ հերն էլ ա մասնակցել, ինչի՞ են մտածում, որ իրենք են ազատագրել: Արցախյան հերոսներին չէին թողնում հացի փող վաստակեին: Ես, որպես ընդդիմադիր, էնքան են ինձ նեղել, որ չեն թողել հացի փող աշխատեմ: Երեխես մի տարեկան ա եղել, կաթի փողի խնդիր եմ ունեցել, չեն թողել օրինական գործունեություն անեմ, որ երեխուս կաթ հասցնեմ: Ու հիմա ընդդիմությունն ասում ա, թե իրանք էլ են տուժում: Էդ ո՞նց: Հայաստանի ամբողջ փողերը տարած, իրենց տները լցրած, իրանց բենթլիները, առանձնատները, ամեն ինչ ունեն, էլ ի՞նչ են ուզում, ասում են՝ մենք ընդդիմություն ենք, ո՞նց կարա ընդդիմությունը միլիարդներ ունենա, էդ ո՞ր մի երկրում ընդդիմությունը միլիարդ ունի, սեփական գործարաններ, մասնավոր սեկտորը սաղ իրանցն ա:
-Դուք եկաք իշխանության, դուք էլ արդեն էդ միլիարդներից ունեք, նայեք Ձեր շուրջը:
-Եթե գյուղում կգտնեք երկրորդ տունը, որ իմ տնից վատն ա, ես իմ տունը նվեր եմ տալիս:
-Փաստորեն, ուզում եք իշխանությունը մնա, որ դուք հացի խնդիր չունենաք, լավ ապրեք:
– Ոչ, ես լավ ապրելու խնդիր չունեմ, կգա ժողովուրդը, կորոշի, որ մենք չենք լինի, ես կգնամ ու կապրեմ իմ գյուղում: Հիմա մենք լեգիտիմ ենք, եթե ժողովուրդը մեզ չուգի, դուրս կգա, կասի՝ գնացեր, մենք էլ հավեսով կգնայինք: Իմ ժողովուրդն էլ ասում ա, որ եթե գնացիր, ձեզ դավաճան կհամարենք:
– Ձեր ընտրողները Ձեզ ձայն էին տվել, որ Արցախը տայիք, ու հիմա գո՞հ են:
– Ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ։