Երբ մարտի 1-ին զոհ գնացածների արյունն ավելի կարմիր է, քան իրենց կյանքը գիտակցաբար հայրենիքի զոհասեղանին դրած տղաներինը
2019թ. սեպտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ոչ թե փոխհատուցում էր, այլ աջակցություն զոհվածների հարազատներին և տուժածներին:
Ըստ այդմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով զոհերի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրամադրվի 30 մլն դրամ:
Առողջությանը ծանր վնաս հասցված անձին հատկացվեց 15 մլն դրամ, իսկ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:
2008թ. մարտի 1-ին Երևանում ՀՀ 10 քաղաքացի էր զոհվել, վիրավորվել ավելի քան 200 մարդ:
Նիկոլ Փաշինյանի նշած այս աջակցությունը տրամադրվել է այն մարդկանց իրավահաջորդներին, ովքեր իրենց քաղաքական նախընտրությունների առաջնահերթությամբ դուրս էին եկել ցույցի, և պատահաբար զոհվել կամ վիրավորվել հայտնի իրադարձությունների արդյունքում:
Ի դեպ, այս աջակցությունը նրանց տրվեց Մարտի 1-ի գործի դատական քննության ընթացքում, երբ այդ մարդիկ պետք է ցուցմունք տային դատարանում, և հավանականությունը, թե այդ մարդիկ ցուցմունք կտային այն մարդու դեմ, ով իրենց ըստ էության հսկայական գումար է տվել, հավասարեցվեց 0-ի:
Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմից հետո, ըստ որոշ հաշվարկների, ունեցանք մոտ 5000 զոհեր, 10․000-ից ավելի վիրավորներ, որոնցից մի զգալի թիվը՝ ծանր ու հաշմանդամություն ձեռք բերած, հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ: Ինչո՞ւ ենք ասում՝ ըստ որոշ հաշվարկների, քանի որ պատերազմի ավարտից շուրջ 2.5 ամիս անց գործող իշխանությունները չեն հրապարակում զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների թիվը:
Այս մարդիկ գնացել են գիտակցական մահվան, գնացել են պայքարելու հայրենիքի մի թիզ հողի համար, ՀՀ և Արցախի բոլոր քաղաքացիների և սերունդների համար: Այս մարդիկ ժամկետային զինծառայողներ են, կամավորականներ, զինկոմիսարիատներով հավաքագրված անձինք, որոնք Արցախ էին մեկնել՝ վստահորեն իմանալով, որ մեռնել-ապրելու հավանականությունը 50/50 է:
Այժմ տեսնենք, թե կառավարության որոշմամբ՝ ի՞նչ աջակցություն է տրվելու նրանց: Նշենք, որ եթե Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների դեպքում աջակցության գումարը տրամադրում էր կառավարությունը, վերջին Արցախյան պատերազմի դեպքում՝ գումարի վճարման ողջ ծանրությունն ըստ էության կրելու է զինծառայողների աջակցության «1000 դրամների» հիմնադրամը:
Ըստ այդմ՝
Ընդ որում՝
*Գումարի ամբողջ չափից 10մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում
** Գումարի ամբողջ չափից 5 մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի
երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ
23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ
18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:
Մի ուշագրավ հանգամանք ևս ներկայացնենք:
Կառավարությունը, ինչպես հայտնի է, 500 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»՝ անհետ կորած զինվորների ընտանիքներին 6 ամիս 300-հազարական դրամ փոխանցելու համար։ Կառավարության ընդունած որոշման մեջ, սակայն, կա մեկ նրբություն:
Եթե 6 ամիս անց պարզվի, որ զինծառայողը ոչ թե անհետ կորած է, այլ զոհված, նախ Հիմնադրամը Կառավարության փոխանցած գումարը պետք է հետ փոխանցի բյուջե, որից հետո էլ արդեն իր սեփական միջոցներով զոհված զինծառայողի ընտանիքին շարունակի միանվագ ու ամենամսյա վճարներ կատարել։
Նկատենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղյակ չէր, որ Կառավարությանը հետագայում տրված գումարը պետք է հետ փոխանցի. նա այդ մասին իմացավ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, երբ հաղորդավարը մեջբերեց Կառավարության ընդունած որոշման հենց այդ հատվածը։
Ի դեպ, նախորդ տարեվերջին Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Ըստ այդ փոփոխության՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարվող վճարումների դրույքաչափերը հաջորդ տարվանից կբարձրանան. գործադիրն առաջարկել էր 1000 դրամի փոխարեն՝ աշխատող քաղաքացիներից 1500-ից 15 հազար դրամ գանձել՝ ըստ աշխատավարձի չափի։
Օրինագծի համաձայն՝ մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողից ամեն ամիս կգանձվի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար դրամ ստացողից՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 հազար դրամ։ Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կկատարեն այլ դրույքաչափով` 18 հազար դրամից մինչև 180 հազար դրամ։