Քաղաքական դեպրեսիա կամ կարճատեսություն և հիշողության կարճաժամկետ կորուստ
Այսօր Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամության իշխանական թեկնածու, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ ֆրակցիայի հանդիպումից հետո ճեպազրույց տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և, ինչպես ակնկալվում էր, հայտարարեց, որ խմբակցությունը ԲԴԽ անդամի թափուր հաստիքը համալրելու նպատակով կառաջադրի Ջհանգիրյանին:
Լիլիթ Մակունցին, ում մասին, ի դեպ, մամուլը գրել էր, որ դեպրեսիայի մեջ է պատերազմի ավարտից հետո, լրագրողները, բնականաբար, շատ հարցեր ունեին, բայց այդ հարցերն ավելի շատ հարցեր առաջ բերեցին, որովհետև տպավորություն էր, թե իշխանական խմբակցության ղեկավարը կամ դեռ հոգեբանական ծանր վիճակում է, կամ հիշողության կորուստ ունի, որովհետև անում էր հակասական արտահայտություններ, խոսում այնպիսի բաների մասին, որ տպավորություն էր, թե երբեք չի ներկայացրել այն ուժը, ում անունից հանդես էր գալիս այսօր:
Նախ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենք ընդունող քաղաքական ուժի առանցքային ներկայացուցիչն անպատասխան թողեց Գագիկ Ջհանգիրյանի ֆինանսական կարողության, եռահարկ շքեղ առանձնատան մասին հարցը, իսկ երբ պնդեցին, թե, այնուամենայնիվ, իրենց համար խնդրահարույց չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ որևէ տեղ չաշխատող նախկին զինդատախազը, ում անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերում մեղադրանքների պաշտպանությունները, շքեղ կյանք է վարում, և արդյո՞ք երբևէ միայն պետական պաշտոններ զբաղեցրած մարդը կարող է Մոնումենտում նման շքեղ առանձնատուն կառուցել, ասաց, որ այդ հարցերին կպատասխանի ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանը:
Իսկ օրինակ, լրագրողներից մեկի հարցին, թե համարո՞ւմ է, որ այսօր էլ կան «վնգստացող դատավորներ», Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ կոռեկտ չի համարում ձևակերպումը: Արձագանքին, թե դա ոչ թե լրագրողների, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է, նա կրկնեց իր պատասխանը, ապա հերքեց Գագիկ Ջհանգիրյանի քաղաքականացված լինելը:
Անպատասխան թողեց նաև լրագրողների այն դիտարկումը, թե երբ Նիկոլ Փաշինյանն է խոսում «վնգստացող դատավորների» մասին, իշխանության մյուս բոլոր ներկայացուցիչների համար այդ ձևակերպումը կոռեկտ է, իսկ երբ դա ասում են լրագրողներ, հանկարծ պարզվում է, որ կոռեկտ չէ:
Սակայն ամենաուշագրավը Լիլիթ Մակունցի այն հայտարարությունն էր, թե իր՝ որպես Ազգային ժողովի պատգամավորի առաջնահերթ խնդիրներից է Սահմանադրության պաշտպանումը: Եվ սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը Սահմանադրությունը սարքել է լաթի կտոր ու ոտքերը մաքրում է վրան, մի ֆրակցիայի ղեկավար, որը Սահմանադրության հնարավոր ու անհնարին բոլոր խախտումներն արեց, միայն թե հասնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի՝ իր զբաղեցրած պաշտոնից ազատելուն, և հիմա էլ երկիրը վաճառքի հանած ու աջ ու ձախ ՀՀ ինքնիշխան տարածքից առանց սահմանադրական հանրաքվեի պահանջի իրականացման հողեր բաժանող ուժը կրկին Սահմանադրությունը շրջանցելու համար իր ղեկավարի ստորագրած բոլոր ազգակործան փաստաթղթերի անունը դնում է հայտարարություն ու կյանքի կոչում, որ դրանք չանցնեն ՍԴ-ով ու հանկարծ չարգելակվեն:
Լիլիթ Մակունցը, ի դեպ, ասաց, որ Մոսկվայում 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը վերաբերել է գերիների վերադարձի խնդրին, և միայն 1 ժամը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:
Այսինքն՝ գերիների վերադարձի թեմայով ու միայն դա որպես տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախապայման դիտարկող ու հենց դրանով գերիների ծնողներին ու հարազատներին հուսադրած քաղաքական ուժի ղեկավարը 3 ժամ բանակցելուց հետո վերադառնում է 0 (զրո) արդյունքով, հաջորդ մեկ ժամում նրան դեմ են տալիս այն փաստաթուղթը, որը ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին, ու նա սուսուփուս ստորագրում է այն, և իրենցքայլական խմբակցության ղեկավարն այնպիսի հպարտությամբ է նշում սա, ասես 3 ժամ մահու կռիվ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձրել է բոլոր գերիներին:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ թե՛ նոյեմբերի 10-ի, և թե՛ Մոսկվայի հայտարարության տեքստի մեջ գերիների վերադարձի ժամկետներ նշված չեն, մինչդեռ հստակ նշված էին թե՛ տարածքների հանձնման, թե՛ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ժամկետները, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ օրեր առաջ Մոսկվայում ստորագրված հայտարարության տեքստը որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող խնդիրներին:
«Այսինքն՝ դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ, ինչի մասին և նշել է: Հայտարարությունը գործողությունների մտադրությունների մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերի ուղղությամբ, որոնք պահանջում են գերիների ամբողջական վերադարձ, ջանքերը գործադրվում են»,- տառացիորեն ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ըստ էության չպատասխանելով իրեն տրված ուղիղ հարցին ու մոռանալով, որ իրենց քաղաքական թիմի առաջնորդը մինչև Մոսկվա մեկնելն ասել էր, որ մինչև գերիների վերադարձի հետ կապված հարցը չլուծվի, ճանապարհները բացելու հարցի քննարկումն արդյունավետ չի լինի:
Լիլիթ Մակունցը ևս մեկ անգամ շեշտեց, որ գերիների վերադարձի հարցն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը մեկը մյուսի հետ կապել պետք չէ՝ ասելով, որ պետք է ամեն ինչ անել գերիների վերադարձի համար, բայց այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե մեր դիվանագիտական զինանոցում էլ ի՞նչ զենք կա, դրանից բացի, որը կարելի էր կիրառել, մինչ ճանապարհները թուրքի և ադրբեջանցու առաջ բացելը: