Անհետ կորած զինծառայողի անունը եղել է զոհվածների ցուցակում, բայց որևէ դիահերձարանում հայրը որդուն չի գտել. հոր ձերբակալության 72 ժամը լրանում է այս գիշեր
Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ-անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։
«Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցել է քրեական գործ, քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է»,- գրված էր հաղորդագրության մեջ:
Թվում է, թե սովորական հաղորդագրություն է, դեպք, որպիսիք մեր իրականության մեջ հաճախ են պատահում։ Սակայն ամեն բան փոխում է այն փաստը, որ առերևույթ խուլիգանություն կատարած անձը պատերազմում անհետ կորած ժամկետային զինծառայողի հայր է:
Այսինքն՝ Ռազմական ոստիկանությունը ձերբակալում, նյութեր է նախապատրաստում ու փոխանցում Քննչական կոմիտեին մի մարդու վերաբերյալ գործ, որն իր 3 ամսվա ժամկետային ծառայող զավակից տեղեկություն չունի արդեն 3 ամիս:
Քննչական կոմիտեից էլ 168.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ դեռևս Գ.Վ.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ` հաստատելով փաստի առթիվ նշված քրեական գործերի հարուցումը:
Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ, այն է՝
1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով,
Գործ է հարուցվել նաև 258-րդ հոդվածի 4-րդ կետով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Մենք զրուցեցինք նաև Գուրգեն Վարդանյանի շահերի պաշտպան Կարեն Ստեփանյանի հետ:
«Մեղադրանք դեռ առաջադրված չէ: Այս պահին սպասում ենք, որ հրավիրեն. Կամ մեղադրանք պիտի առաջադրեն, կամ ազատ արձակեն: Ձերբակալության 72 ժամը լրանում է այսօր գիշեր՝ 1:20-ին: Այս պահին խափանման միջոցի հարց լուծված չէ, այսինքն՝ մինչև այդ ժամը լրանալը քննիչը կամ պիտի մեղադրանք առաջադրի ու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի դատարան, կամ ազատ արձակի՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ»,- ասաց պաշտպանը:
Վերջինս նշեց, որ Գուրգեն Վարդանյանի 3 ամսվա ժամկետային զինծառայող որդու անունը եղել է զոհվածների ցուցակում, բայց որևէ դիահերձարանում հայրը որդուն չի հայտնաբերել:
«Ծնողի ապրումները հասկանալի են, ու, ըստ իս՝ ոչ ոք դա չի կարող անտեսել»,- ասաց Կարեն Ստեփանյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այս պահին որևէ զարգացում դեռ չկա: