Ռազմագերիների հարցը մտնում է փակուղի. ունենք հաստատված 120 ռազմագերի, իսկ ոչ հաստատված թիվն անհամեմատ մեծ է. Սահակյան․ news.am
Ռազմագերիների փոխանակման հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում, եւ իրավական ու քաղաքական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։
Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է նոր կարգավիճակ տալ հայ ռազմագերիներին. «Հայ ռազմագերիներին փորձում է զրկել միջազգային պաշտպանությունից եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես ահաբեկիչներ եւ դրանով արդարացնել չվերադարձնելը»։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի երեկվա այդ հայտարարությունն սպասելի՞ էր, Սահակյանը պատասխանեց, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են եւ, ըստ փաստաբանի, զարմանալի է, որ այդ խնդիրները երկրորդվում են.
«Բոլորին հայտնի է, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են, եւ մարդասիրական խնդիրներն հաջողակ ղեկավարների դեպքում անգամ լուծում են ստանում պատերազմի ընթացքում։ Եվ նույնիսկ եթե պատերազմը ավարտվում է, հեշտ լուծվող խնդիրներից են դիտարկվում մարդասիրական խնդիրները, որովհետեւ երկու կողմն էլ ունի նույն խնդիրը։ Պատերազմը նաեւ հետեւանքներ է ունենում հաղթող պետության համար, եւ այստեղ փոխադարձ շահագրգռություն կա մեղմել մարդկային տառապանքները։ Զարմանալիորեն այս խնդիրները երկրորդվում, երրորդվում եւ դառնում են անկարեւոր հարցեր։ Դա կատարվում է մեր իշխանությունների մասնակցությամբ, եւ ինձ համար անհասկանալի է՝ եթե ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս գերիների վերադարձի հարցում, իսկ միջազգային իրավունքը չի էլ պահանջում իրենց համաձայնությունը, դա իրենց պարտականությունն է, եւ չկատարման դեպքում Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որ միջազգային հանրությունը սանկցիաներ կիրառի։ Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը համաձայնություն տալիս այն հարցերին, որի առնչությամբ Ադրբեջանը նոր իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի տարածքների նկատմամբ»։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ներկայումս հայկական կողմն ավելի քան 120 ռազմագերի ունի. «Սրանք անվիճելի դեպքերն են, իսկ եթե մենք քննարկման առարկա դարձնենք հավանական գերեվարման դեպքերը, ապա թվաքանակը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Կան նաեւ կանայք, հաստատված 2 դեպք կա, որ պաշտոնապես պետությունը ընդունում է եւ չի վերադարձրել, կարգավիճակի առումով միգուցե նրանք ներկայացվեն վարձկաններ, ահաբեկիչներ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։