Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո իշխանական ու մերձիշխանական քարոզչությունը ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանին ամեն օր կատարվող նորանոր զիջումները ներկայացնում է խաղաղություն հաստատելու համատեքստում։ Այդ քարոզչությունն իրականցվում է այնպես ու այնքան, որ տպավորություն է ձևավորվում, թե գործող իշխանությունը խաղաղության կողմնակից է, իսկ բոլոր նրանք, ովքեր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պատերազմի։

Քարոզչական այդ խառնաշփոթում, բնականաբար, չի քննարկվում կարևորագույն ու սկզբունքային մի հարց, որը պայմանականորեն կարելի է կոչել «խաղաղության բովանդակություն»։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կամ ուղղակի՝ որպես պարտված երկրի ղեկավար, կամ, որ բացառված չէ՝ ինչ-ինչ պարտավորություններից ելնելով, ներկայումս տեղի ունեցող գործընթացները հավասարեցրել է համազգային ու համապետական ստորացման․ Հայաստանն Ադրբեջանին է զիջում  այն, ինչ պահանջվում է, Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է։ Այսինքն՝ այսօր տեղի ունեցողը ոչ թե խաղաղության հաստատման գործընթաց է, ինչպես փորձ է անում ներկայացնել քարզչությունը, այլ Հայաստանի ու Արցախի ստորացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Իսկ այդ հետևանքներն արտահայտվելու են նրանով, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ այս փուլում ստանալով իրենց ցանկացածը, պահանջելու են նորանոր զիջումներ, ու, եթե Հայաստանում շարունակվի նույն իշխանությունը, ըստ ամենայնի, ստանալու են դրանք։

Այսինքն՝ պետք է հստակորեն արձանագրել, որ այսօր տեղի ունեցողը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև խաղաղության հաստատում չէ, այլ ճիշտ հակառակը՝ հիմքեր է ստեղծում նորանոր պատերազմների համար, քանի որ Նիկոլ Փաշինյանից հետո Հայաստանի որևէ իշխանություն Ադրբեջանին ու Թուրքիային չի տալու այն, ինչ պատրաստ է տալ ու տալիս է Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն իսկ պահանջատեր դարձած ադրբեջանաթուրքական դաշինքի համար դա կարող է նոր պատերազմի հիմք դառնալ։

Հայաստանին ու Արցախին օր առաջ անհրաժեշտ է կայուն ու հարատև խաղաղություն հարևանների հետ։ Հակառակը պնդող որևէ գործիչ կամ քաղաքական ուժ չպետք է տեղ ունենա Հայաստանի քաղաքական ներկապնակում։ Սակայն չափազանց կարևոր է, որ ապագայում հաստատվելիք այդ խաղաղությունը լինի ոչ թե ստորացուցիչ, ինչպիսին որ փորձ է արվում հաստատել այսօր, այլ իրապես արժանապատիվ խաղաղություն, որում կհարգվեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, ինչպես այսօր, այլ նաև ու հավասարապես՝ Հայաստանի ու Արցախի շահերը։

Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը կառաջնորդվի Հայաստանի պետական շահերով, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններով, ինչպես այսօր անթաքույց կերպով վարվում է Նիկոլ Փաշինյանը՝ դե ֆակտո կատարելով Հայաստանում Ադրբեջանի դեսպանի առաքելությունը։ Միայն դրանից հետո կարելի է ու անհրաժեշտ է խոսել, քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձնել հարևանների հետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Առանց այդ խնդրի լուծման՝ խաղաղության անվան տակ հրամցվող ցանկացած օրակարգ Հայաստանի ու հայկականության նվաստացման օրակարգ է, որն իրականում ավելի է հեռացնելու իրական խաղաղության հաստատման հնարավորությունը։

Արշավիր Իշխանյան

 

Տեսանյութեր

Լրահոս