Ինչո՞ւ է Չավուշօղլուն սպառնում հայկական կողմերին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ սպառնացել է հայկական կողմին։ Նա նշել է, որ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը, և դրանից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն են կառուցում:
Ըստ նրա՝ դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը, ապա, խախտում լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելն է:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ վերջապես իրենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորեն: «Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»,- նշել է նա:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի սպառնալիքներին և հայտնած հույսերին՝ նախ հստակեցրեց, որ դիտորդական կենտրոնները գործելու են Ռուսաստանի հետ համատեղ։
Ըստ նրա՝ կողմերը համատեղ կարգով որոշում են այդ կենտրոնի լիազորությունները, կազմը, հզորությունը և այլն։
Եվսեևի խոսքով՝ ՌԴ ներկայությունը նախ ունենալու է կայունացնող դերակատարություն, իսկ նման կենտրոնը պետք է տվյալներ հավաքագրի և անհրաժեշտության դեպքում տրամադրի քաղաքական ղեկավարությանը։ Այսինքն, նրա խոսքով, սա ըստ էության փոխարինելու է նմանատիպ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելությանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն այս փուլում կրելու է մշտական բնույթ, իսկ դրա համատեղ բնույթը սադրանքների հավանականությունն էապես քչացնում է։
«Այստեղ այլ քայլեր քիչ հավանական է, որ լինեն, քանի որ նման ներկայությունն Աղդամում ունի քաղաքական նշանակություն Թուրքիայի համար, որը նա ցանկանում է ներկայացնել՝ որպես քաղաքական մահակ շատ երկրների գլխին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի, սակայն հասկանալի է, որ հրադադարն այդ կողմում չեն խախտելու, իսկ Ադրբեջանը կայուն անվտանգային համակարգի բացակայության դեպքում կարող է նոր ոտնձգությունների դիմել։ Տարածաշրջանում կայուն խաղաղությունից խոսելը դեռ վաղ է, քանի որ շատ հարցեր դեռ կան, իսկ գործընկերները կայուն և վստահելի չեն»,- ասաց Եվսեևը։
Իր հերթին՝ Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ նման խոսքերը պետք է ընկալել՝ որպես հռետորաբանություն, քանի որ դիտորդական առաքելություն ստանձնած կենտրոնը պրեվենտիվ ռազմական քայլեր չի կարող իրականացնել, դա կլինի այդ առաքելության խախտում և պայմանավորվածությունների խախտում, թեև հարցը դեռ բանակցման փուլում է։
«Ընդհանուր առմամբ Թուրքիան փորձում է ամրապնդվել Ադրբեջանում, Հարավային Կովկասում՝ քաղաքական և ռազմական առումով։ Ցանկացած պարագայում ցանկացած երկիր և առավելապես Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության մակարդակը բարձրացնելու մասին։ Իսկ միացյալ խաղաղապահ կենտրոնը հենց խաղաղապահ կենտրոն է լինելու, սակայն նշեմ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիան նոր բազաներ է ստեղծելու Ադրբեջանի տարածքում, սա ևս մտորելու թեմա է։ Մեզ հայտնի տարածաշրջանը կրկին մեզ հայտնի անվտանգությամբ գոյություն չունի, այդ նոր իրողություններին պետք է հարմարվեն և իրենց քայլերն իրականացնեն բոլորը, որպեսզի ունենան անվտանգություն»,- ասաց Խրամչիխինը։