«Երևի այդ ժամանակ պարոն Փաշինյանը փողոցներում վրանների տակ էր քնում». Հրաչ Բերբերյան
«Եթե Փաշինյանը տեղյակ չէ, թող դիմի պարոն Բագրատյանին. Երբ Բագրատյանի կառավարության հողի հարկ էինք մտցնում, այնտեղ ժամանակ հաշվարկվեց նաև արտադրանքի ԱԱՀ-ն: Երևի այդ ժամանակ պարոն Փաշինյանը փողոցներում վրանների տակ էր քնում, հեղափոխական շարժման մեջ էր, դրա համար տեղյակ չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որտեղ անդրադարձ կա նաև գյուղատնտեսությանը:
Որոշման մեջ մասնավորապես նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասն ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող չի հանդիսանում, ինչը նշանակում է, որ այդ տնտեսությունները գյուղատնտեսական արտադրանքի գնորդներին չեն տրամադրում ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթեր՝ հարկային հաշիվներ: Այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում:
Հրաչ Բերբերյանը նկատեց. «Մի մարդը կարող է գյուղատնտեսությունից խոսել, որ որևէ բան արել է այս գյուղատնտեսության համար: Թող գնա Գյուղնախարարությունը վերականգնի, ոնց որ իր ձեռքերով քանդել է, նոր հետո գյուղից խոսի: Պարոն Փաշինյանը ի՞նչ բարոյական իրավունք ունի խոսել գյուղատնտեսությունից: Ի՞նչ բարոյական իրավունք ունի, որ քանդեց Հայաստանում գյուղատնտեսությո՞ւնը: Կարծում եմ՝ ԱԱՀ-ն ներառված է հողի հարկի մեջ, և դրա մասին այսօր խոսելը, երբ մենք ինտենսիվ գյուղատնտեսությունից երկու տարում դարձանք էքստենսիվ գյուղատնտեսություն՝ գյուղացին չի սուբսիդավորվում, բանկերի միջոցով սուբսիդավորումն է արվում, որը գյուղացուն տեղ չի հասնում…»:
Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը, թե ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը, Քերոբյանի կարծիքով՝ Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ, Հրաչ Բերբերյանն ասաց. «Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, մենք արդեն հավկիթ և թռչնամիս էինք արտահանում Վրաստան: Վերջին տարիներին, հատկապես՝ վերջին 2-3 տարիներին, թռչնամսի արտադրանքի խիստ պակաս ունեցանք: Մենք ունենք այդ հզորությունները և ճանապարհ փակելով, 80 տոկոս բարձրացնելով… ի՞նչ է ուզում անի, ուզում է մեր արհեստական ինքնարժեքը բարձրացնի՞: Ես չգիտեմ՝ նախարարը գիտի՞՝ ինչ է կերամիավոր բառը, կարծում եմ՝ չգիտի, որովհետև մասնագետ չի. Կերամիավորից քանի կգ քաշ ստանաս և ինքնարժեքը ցածր լինի, այդ ժամանակ շուկան քոնը կլինի: Ի՞նչ է նշանակում՝ 80 տոկոսով բարձրացնել, այսինքն՝ էլի սպառողի գրպա՞նն են մտնում, ի՞նչ են ուզում այս ժողովրդից, այս ժողովուրդն ասեց, չէ՞՝ թողեք-գնացեք, հոգնեցրել եք բոլորին»:
Վահան Քերոբյանը, սակայն, այլ կարծիքի է, քանի որ իր գրառման մեջ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքի 80 տոկոս բարձացումը համարում է լավ հնարավորություն. «Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։ Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հազար տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 հազար տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել՝ ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»:
Հրաչ Բերբերյանը նկատեց՝ դրա արդյունքում հավի մսի 1 կգ-ն կդառնա 2000 դրամից ավելի. «Ցայտնոտի մեջ են, փրփուրներից են կախվում, փորձում են ցույց տալ, որ իրենք մի բան անում են: Գյուղատնտեսությունը միայն թռչնաբուծությունը չի: Մենք այսօր պետք է արդեն զբաղվենք գարնանացանի աշխատանքներով, այսօր պետք է այդ մեկնարկային վիճակը ստեղծենք: Ցավոք, ոչինչ չի արվել, չի էլ արվելու: Սերմնաբուծության բազան պետք է պատրաստ լինի, հիմա պետք է սերմերով ապահովված լինենք: Երկրորդ՝ պարարտանյութի բազան, տրակտորային պարկը պետք է տեսքի բերվի, որովհետև փետրվարի վերջից արդեն գնում ենք բաց գրունտի վերամշակման: Ոչինչ չի արվել և չի արվում: Այնպես որ, այս տարի էլ գյուղատնտեսությունը կորցրինք և որևէ հաջողության չենք հասնելու: Այն մարդիկ էլ, որ փորձում են ինչ-որ բնագավառի մասին մի բան ասել, թող մի քիչ լավ մտածեն՝ ինչ են խոսում, որովհետև հեռու լինելով բնագավառից՝ չի կարելի այդպես խոսել: Զարմանում եմ այդ դատարկագլուխների վրա, որ գալիս պաշտոններ են վերցնում, հետո հայտարարություններ են անում, հետո էլ ժողովրդին այս վիճակին են հասցնում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում