«Իսկ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվել է, որ Երևանն էլ պետք է անցնի Ադրբեջանին». Գևորգ Կոստանյան

2021թ. առաջին օրերը ևս կորստաբեր եղան Հայաստանի Հանրապետության համար: Ի թիվս Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանին հանձնվեցին Որոտան և Շուռնուխ գյուղերի զգալի հատվածները:

Եվ մինչ պետական գերատեսչությունները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են կատարում ընթացող գործընթացների վերաբերյալ, քանի որ ըստ Արտաքին գործերի նախարարության՝ «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում», իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ՝ «դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում», Նիկոլ Փաշինյանը՝ որպես արդարացում, շարունակում է «նախանձելի» համառությամբ ու պարբերականությամբ մեջբերել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը՝ շարունակելով հանրությանը մոլորության մեջ գցել այն իմաստով, որ ՀՀ տարածքները Ադրբեջանին նվիրվում են, փաստորեն, ներպետական օրենսդրության հիման վրա:

Ի դեպ, թեմայի շուրջ իր դիրքորոշումը հայտնեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նշել էր, որ «սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ», քանի որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները»:

Այսօր արդեն տեղեկություններ հայտնվեցին, որ Շուռնուխի ու Որոտանի ճակատագրին կարող է արժանանալ նաև Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը, ինչը լոգիստիկ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին:

Միևնույն ժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների ճշգրտման գործընթացը տեղի է ունենում Ալիևի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

Ըստ նրա՝ սահմանազատման հարցերը հստակ իրավական կարգավորումներ են պահանջում, որոնք չեն կարող գյուղապետ-հակառակորդի գեներալ հարթության վրա կարգավորվել:

«Միջազգային իրավունքում, միջազգային որոշումներում սահմանների հստակեցում և սահմանների ճշգրտում տեղի է ունենում դելիմիտացիայի և դեմարկացիայի եղանակով: Երրորդ ձև մարդկությանն անհայտ է, չկա: Եվ եթե այն, ինչ տեղի է ունենում, դեմարկացիա և դելիմիտացիա չէ, այդ դեպքում ի՞նչ է»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ այն, ինչ այսօր տեղի  է ունենում, իրավական հիմքից զուրկ գործընթաց է:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչը տարակուսում է՝ բանավոր պայմանավորվածությամբ պետության սահմաննե՞ր են գծում:

«Ես պնդում եմ, որ այս ամբողջը պետական դավաճանության հանցակազմի շարունակականությունն է: Հանցագործությունը դեռևս շարունակվում է: Իսկ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվել է, որ Երևանն էլ պետք է անցնի Ադրբեջանին: Եթե ինքը բանավոր պայմանավորվածության արդյունքում սահմաններ է ճշտում, կարո՞ղ է այդ բանավոր պայմանավորվածության արդյունքում սահմանները Երևանի Հանրապետության հրապարակի մեջտեղով են անցնում: Ո՞վ գիտի…»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով պետական գերատեսչությունների՝ գործընթացի վերաբերյալ արտահայտած հակասական դիրքորոշումներին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազն ասաց, որ ողջ խնդիրն այն է, որ իրականում խնդրի առանցքը մեկն է՝ բացի սահմանների ճշգրտման՝ գոյություն ունեցող դելիմիտացիայի և դեմարկացիայի եղանակներից, եթե այլ տարբերակ միջազգային իրավունքը չի նախատեսում, ուրեմն ի՞նչ է սա:

«Նույն ԱԳՆ-ին պետք է ընդամենը հարց տալ. այն, ինչ տեղի է ունենում, եթե դելիմիտացիա և դեմարկացիա չէ, բա դրա անունն ի՞նչ է: Զուտ գոնե անունը հասկանանք»,- նկատեց Գևորգ Կոստանյանը:

Տեսանյութեր

Լրահոս