«Էստեղ վտանգավոր է, կեղծ լուրեր տարածելով` մինչև ե՞րբ եք լռեցնելու բոլորիս». իրավիճակը Որոտանում

«Բնակիչն իր տան ապրուստը հանում է և փորձում է տեղավորվել այդ ժամանակահատվածում, իսկ Երևանում ինչ-որ մեր պատգամավոր պարոն Խաչատրյանն ասում է՝ «խնդիր չկա, ամեն ինչ նորմատիվների սահմաններում է»: Չգիտեմ՝ ինչ ամպագոռգոռ հայտարարություններ են անում: Եկեք ստեղ, տեսեք՝ խնդիր կա՞, թե՞ չկա:  Կես րոպեում մոտենում, հեռանում են: Չի կարելի»,- Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղից հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր ադրբեջանցիների՝ որոտանցիներին տները լքելու համար տված 1 ժամ ժամանակին ու տեղի ունեցող գործընթացներին:

Տեսանյութով Մենուա Հովսեփյանը ցույց էր տալիս գյուղի այն հատվածները, որտեղ  հայտնվել են ադրբեջանցիներն ու պահանջել Որոտանի բնակիչներից՝ դուրս գալ իրենց տներից:

«Ի՞նչ ա նշանակում՝ «մի սանտիմետր չի զիջվում»: Զիջվո՛ւմ է: Տալի՛ս ենք, քիչ-քիչ առաջ են գալիս: Հստակ, վստահ քայլերով թուրքը առաջ ա ընթանում… Հարցերի պատասխանները մենք ակնկալում ենք հստակ ստանալ, ոչ թե խոսքերի, ոչ թե ավելորդ երանգավորումների, կեղծիքի, այլ հստակ պատասխանների միջոցով»,- ասաց Մենուա Հովսեփյանը:

Գորիսի փոխքաղաքապետը նաև անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ Սյունիքի այցից հետո արած հայտարարություններին:

«Պարոն Խաչատրյան, ես Ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի զգույշ լինել Սյունիքի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս: Էստեղ ամեն ինչ վտանգավոր է, ամեն քայլն է վտանգավոր արդեն իսկ: Ճանապարհին էստեղ անցնելիս էլի թուրքերը ֆռֆռում էին մեր տարածքներում, ինչպես ուզում են: Իսկ եթե Ձեզ համար սա վտանգավոր չի, հավաքեք Ձեր թիմակիցներին՝ իրենց ընտանիքներով, երեխաներով, և եկեք էստեղ, շրջեք: Ես կարծում եմ, որ պետք է վերջ տրվի էս բարբաջանքներին՝ մի քիչ ավելի հստակ և ավելի ճիշտ քայլեր կատարելու նպատակով:

Էդտեղ նստած մարդկանց հեշտ ա սենց ելույթներով ինչ-որ բաներ ապացուցել, որ իրականությանը չի համապատասխանում… Այսպես չի կարա շարունակվի, բացառվում է: Սենց չի՛ կարա շարունակվի: Կեղծ լուրեր տարածելով՝ մինչև ե՞րբ եք լռեցնելու բոլորիս»,- ասաց փոխքաղաքապետը:

Տեսանյութում փոխքաղաքապետը նաև Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանից հետաքրքրվեց ընթացող զարգացումների մասին:

Վերջինս ասաց, որ բնակիչները հավաքում են իրենց իրերն ու փորձում են արագ դուրս գալ Որոտանից:

Սուրեն Օհանջանյանն ասաց, որ չի կարողանում պատասխանել բնակիչների հարցին, թե ո՞րն է իրենց տարածքը, ո՞րը՝ թշնամունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս