Ցանկացած ներքին կամ արտաքին ոտնձգության դեմ պայքարը Սյունիքում լինելու է վճռական
Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ալիքը նոր թափ ստացավ։ Սկսվեց փողոցային պայքար, ապակենտրոն անհնազանդության ակցիաներ, սակայն դրա բարձրակետը կարելի է համարել, այսպես կոչված, «Սյունիքյան շարժումը»։
Այն սկսվեց Սյունիքի համայնքապետերի միասնական կոչով, որով պահանջվում էր կապիտուլյացիան ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երբ պարզ դարձավ, որ այդ փաստաթղթով թշնամու տիրապետության տակ է անցնում նաև Սյունիքից մի շարք տարածքներ, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է աշխատանքային այց կատարել Սյունիք, որով թեթևամտորեն հույս ուներ ցույց տալու, թե իբր Սյունիքում ամեն բան անվտանգ է։ Հայտարարությունից հետո Սյունիքի համայնքապետերը՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարմազյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը և Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը հայտարարեցին, որ դավաճանը Սյունիք չի մտնելու, ինչից հետո նրանց գործողությունները տեղափոխվեցին գործուն պայքարի դաշտ՝ մեծաթիվ ուժերով փակելով մարզի մուտքը և միջքաղաքային ճանապարհները։ Այս ամենին չմիացած և Փաշինյանին սրտատրոփ դիմավորելու ցանկություն հայտնած միակ անձը Գորայքի գյուղապետ Աշոտ Աղաջանյանն էր, որի պատկերացումները հայրենիքի և հողը պահելու մասին հեռու էին սյունեցու պատկերացումներից։ Այս վճռական պայքարի մեջ էական դերակատարում ուներ նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Իշխանությունը կարծես չմարսեց այս ազնիվ դիմադրությունը և անմիջապես հաջորդ օրը Քաջարանի և Գորիսի համայնքապետերին կալանավորելու հրահանգ տվեց։ Սակայն երկօրյա պրոցեսներից հետո պարզ դարձավ, որ դատական համակարգը նույնպես Սյունիքի կողքին է և պատրաստ չէ կատարելու ձախողված կառավարության քմահաճույքները։
Սյունիքը համարվել ու համարվում է Հայաստանի ողնաշարը, իսկ համայնքապետերի՝ խոսքը գործ դարձնելու ու սեփական հողի համար արյան գնով պայքարելու վճռականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սյունեցու ոգին անկոտրում է, ու ցանկացած ներքին կամ արտաքին ոտնձգության դեմ պայքարը լինելու է վճռական։