Կառավարությունն իր առջև դրված խնդիրները լիրաժեք տապալել է

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Սա հերթական մանիպուլյացիոն հնա՞րքն էր, թե՞ ուներ իրական հիմքեր, կարիք չկա ասելու։ Ցուցանիշներն իրենք են խոսում իրենց մասին։

Փաստն այն է, որ վարչապետի այս հայտարարությունից հետո բյուջեի հարկային մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև շարունակել են նվազել։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է նոյեմբերի ցուցանիշները, ու դրանք վկայում են, որ անցած տարվա նույն ամսվա համեմատ՝ բյուջե վճարված հարկերը պակասել են։ Անցած տարի հավաքվել էր 117 միլիարդ, այս տարի՝ 109 մլրդ դրամ։ Այսինքն՝ 8 միլիարդով կամ 6,8 տոկոսով ավելի քիչ։

Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հարկերի հավաքումը կապված է տնտեսության զարգացումների հետ։ Երբ տնտեսությունն անկման մեջ է, հարկերը ևս նվազում են։ Տնտեսության վատ վիճակը փոխանցվում է պետական բյուջեին։ Հարկերը ցանկություններով չեն գոյանում։ Դրա համար տնտեսությունը պետք է աշխատի, որպեսզի հարկեր գեներացվեն։

Այնինչ, մեր տնտեսությունը հիմա ծանրագույն վիճակում է։ Ու դա նշանակում է, որ հարկերը չեն կարող հենց այնպես ավելանալ։ Եթե, իհարկե, կառավարությունը չմիացնի հարկային մամլիչը և տեղի-անտեղի չպատժի տնտեսվարողներին։

Նման միտումներ արդեն նկատվում են։ Կարևոր չէ՝ դրանք քաղաքակա՞ն, թե՞ ոչ քաղաքական նպատակներով են իրականացվում։

Հարվածի տակ են հայտնվել հատկապես այն տնտեսվարողները, որոնք այս կամ այն կերպ քաղաքացիական վարքագիծ են դրսևորել վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, միացել են վարչապետի հրաժարականի պահանջին կամ մասնակցել են բողոքի գործողություններին։ Հիմա հարկայինը նրանց մի մասի մոտ ստուգումներ է անում ու դա անում է անթաքույց։ Ստուգումները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ այդ մարդիկ հայտնեցին իրենց մտահոգությունները՝ երկրի ապագայի վերաբերյալ։

Պետական մարմինների այսպիսի պահվածքը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում։ Ընդհակառակը՝ հետագայում կանգնեցնելու է շատ ավելի լուրջ խնդիրների առաջ։ Այդ թվում՝ ինչպես հարկային մուտքերի ապահովման, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության զարգացումների հետ կապված։

Հարկային մուտքերն ավելացնելու համար հարկավոր է առաջին հերթին մտածել տնտեսությունն այս վիճակից հանելու մասին։ Հիմա մեր տնտեսությունը հետընթացի մեջ է, ու դա չի նպաստում հարկերի ավելացմանը։

Անցած տարի իշխանություններն էյֆորիայի մեջ էին, երբ հարկերն ավելանում էին՝ մոռանալով, որ դա իրենց շնորհքը չէր. ավտոմեքենաների մասսայական ներմուծումը բերել էր հարկային եկամուտների ավելացման, ու դա լավ առիթ էր՝ արդյունքներն իրենց վերագրելու համար։ Այս տարի այդ գործոնն այլևս չկա։ Մյուս կողմից էլ՝ տնտեսությունն է հայտնվել նոկդաունի վիճակում։ Արդյունքում՝ բախվել են բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված բավական լուրջ խնդիրների հետ։

Տասնմեկ ամիսների տվյալներով՝ ավելի քիչ հարկ ու տուրք ենք հավաքել, քան անցած տարի։

Անցած տարի հավաքել էինք 1 տրիլիոն 314 միլիարդ, այս տարի հավաքել ենք 1 տրիլիոն 244 մլրդ դրամ։ Անցած տարվանից 70 միլիարդով պակաս հարկ ենք հավաքել։

Սա 11 ամսվա ցուցանիշն է։ Տարեկան կտրվածքով տարբերությունն ավելի մեծ կլինի։

Անցած տարվա դեկտեմբերին բյուջեի մուտքերն անցնում էին 150 մլրդ դրամից։ Այս տարի անհնարին է ոչ միայն նման, այլև դրան մոտ ցուցանիշ ապահովել, եթե, իհարկե, չփորձեն կիրառել իրենց լավ հայտնի մեթոդները, երբ մեկ օրում ստուգումներ էին բացվում, ակտեր գրվում ու բյուջե ձևական մուտքեր ապահովում։

Բյուջեի հարկային եկամուտների նվազումը տեղի է ունենում ապրիլից սկսած։ Սակայն հետապատերազմյան շրջանում ռիսկերն ավելի են մեծացել՝ կապված կառավարության անգործության, երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրների ու տնտեսության մարտահրավերների հետ։

Ունենք անկում հարկատեսակների մեծ մասի գծով, չնայած սպասումները ժամանակին այլ էին. կառավարությունն իր առաջ մեծ խնդիրներ էր դրել, որոնց կատարումը լիարժեք տապալել է։

Բյուջեի մուտքերը նվազել են՝ ինչպես ավելացված արժեքի հարկի, այնպես էլ՝ շահութահարկի, շրջանառության հարկի, մաքսատուրքերի գծով։

Նախորդ տարվանից այլևս քիչ են նաև բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարներից մուտքերը։ Մինչև վերջերս հակառակն էր՝ ունեինք աճ։ Նոյեմբերի արդյունքում աճը կանգնել է։

Պատճառը հավանաբար Սոթքի հանքի շահագործման դադարեցումն է։ Սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց ադրբեջանական ագրեսիան, հանքը չի աշխատում։ Չի աշխատում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Կանգնել են նաև հանքի հետ կապված հարակից աշխատանքները։

Այդ հանգամանքն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ոչ միայն բնապահպանական հարկի ու բնօգտագործման վճարների, այլև ընդհանրապես բյուջեի մուտքերի վրա։ Եվ ոչ միայն այսօր է ազդեցություն ունենալու, այլև հետագայում։ Ստորագրված խայտառակ փաստաթղթով հարցականի տակ է հայտնվել Սոթքի հանքի և հարակից ընկերությունների աշխատանքը։

Թե ինչպիսի վիճակում է հայտնվել մեր տնտեսությունը, կարելի է դատել շահութահարկի մուտքերի տեսքով։ Ավելանալու փոխարեն՝ շահութահարկը կրճատվել է, այն էլ՝ ավելի քան 16 տոկոսով։ Ուղղակիորեն տնտեսության ու սոցիալական վիճակի հետ է կապված նաև ԱԱՀ մուտքերի կրճատումը։ Պահանջարկի նվազումը հանգեցրել է՝ ինչպես ներմուծումների, այնպես էլ՝ ներքին շրջանառությունների նվազման։

Շատ ավելի մեծ անկում է գրանցվել մաքսատուրքերի դեպքում։ Այս հատվածում նախորդ տարվանից 29 տոկոսով պակաս եկամուտ է գեներացվել բյուջե։ Շրջանառության հարկը կրճատվել է ավելի քան 9 տոկոսով։

Բյուջեի հարկային եկամուտները 11 ամսում նախորդ տարվանից պակաս են եղել 5,3 տոկոսով։ Մինչդեռ, նախատեսվում էր, որ պետք է ավելի լինեին գրեթե 10 տոկոսով։

Նախատեսված հարյուրավոր միլիարդ դրամի մուտքեր այս տարի չեն ստացվի։ Դրանց փոխարեն՝ կառավարությունը կավելացնի երկրի պարտքը, որն ընդհուպ մոտեցել է 9 մլրդ դոլարի։ Մինչ հասարակությունը սպասում էր պարտքի նվազման, ընդամենը 2,5 տարում այն ավելացավ գրեթե 2 մլրդ դոլարով ու դեռ շարունակելու է ավելանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս