Ի՞նչ գործառույթներ կիրականացնեն թուրք զինվորականներն Աղդամում
Հունվարին Աղդամում կսկսի գործել ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը։ Սակայն թե կոնկրետ ինչ գործառույթներ են իրականացնելու թուրք զինվորականներն Աղդամում՝ դեռ հայտնի չէ և շարունակվելու է հստակեցվել ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին նշել էր, որ հաջորդ շաբաթ Սոչիում տեղի են ունենալու Լավրով-Չավուշօղլու բանակցություններ, որոնց շրջանակում քննարկվելու է կենտրոնը գործարկելու հարցը ևս։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վերջին շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված գովեստի խոսքերն անպատասխան չմնացին, արձագանքելով դրանց՝ Էրդողանն ասաց, որ նույնը կարող է ասել Պուտինի մասին, որ նա ազնիվ մարդ է ու իր խոսքը պահում է, ոչ մի երկրի հետ նման ամուր կապեր Թուրքիան չունի։ Եվ այս ֆոնին հաջորդ շաբաթ կկայանան նախարարական բանակցություններ Սոչիում։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմի, դրա շուրջ բանակցությունների և հրադադարի հայտարարության հետևանքով Թուրքիան ներկայություն կունենա տարածաշրջանում։
Դա, նրա որակմամբ, իրենից կներկայացնի առավելապես քաղաքական և ոչ ռազմական ներկայություն՝ ռազմական խնդիրներ լուծելու նպատակով, այդ ներկայությունը պատերազմի գլխավոր հետևանքներից մեկն էր։
Վերլուծաբանի կարծիքով, այդ կենտրոնը հենց այդ գործառույթն էլ կկատարի՝ դիտորդական առաքելություն, այսինքն՝ ավելի թույլ գործառույթներ, քան սիրիական ձևաչափերի շրջանակում։
Նրա խոսքով, Թուրքիան ու Ռուսաստանը տարաձայնությունների կարգավորման կամ նոր տարաձայնությունների ևս մեկ հարթակ ձեռք բերեցին այս ամենի արդյունքում և ցուցադրում են հարաբերությունների նոր մոդել, երբ ունենալով տարաձայնություններ, նույնիսկ թիրախավորելով կամ անուղղակիորեն հարվածելով միմյանց՝ կարողանում են նաև հարցեր լուծել, համագործակցել, և ամեն բան դեռ գործընթացի մեջ է, աշխարհաքաղաքական խաղադրույքները շատ բարձր են։
«Ակնհայտ է, որ չնայած հարաբերությունների և ազդեցության գոտիների բարդ տեղակայվածությանը, շահերի տարանջատմանը, շատ հարցերում կա փոխըմբռնում և համաձայնեցված խաղ, դա ստացվում է, քանի որ այս երկրները նաև նման են, Պուտինն ու Էրդողանը շատ նմանություններ ունեն՝ սկսած կառավարման ժամկետներից և հավակնություններից։ Նրանց բախման գինը ևս թանկ է լինելու, սա ևս կարևոր գործոն է այս հարաբերություններում։ Թվում է՝ այս պահին բոլոր կողմերին գրեթե ձեռնտու է այն պատկերը, որն առկա է, ուստի լայնածավալ սադրանքներ պետք է որ չլինեն։ Սակայն կրկին շատ դժվար է հեռանկարը տարածաշրջանում խաղաղության համար, հատկապես այս պատերազմից հետո։ Հարցերը և անորոշություները չափազանց շատ են, որոնք վերաբերում են թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական, ռազմական հարցերին։ Անորոշ է՝ ինչպես դրանք կլուծվեն, ինչ զարգացումներ կլինեն ռուս-թուրքական հարթությունում և ինչպես այն կարտացոլվի Ղարաբաղյան հարցի վրա, և ինչ ապագա կունենա ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչ բովանդակությամբ այն կշարունակի ուղին, ում կողմից կլինի ընդունելի․․․ Ինչպես կարելի էր ենթադրել՝ հիմա այդ հարցերին պատասխանելը գրեթե անհնար է, քանի որ կա հրադադար, տեղում հարցեր են լուծվում, գործընթացներ կան»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։
Ըստ նրա՝ պարզ դարձավ՝ ՌԴ-ն պահպանում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, այսինքն՝ հույսեր է կապում այս հարթակի հետ, քանի որ շատ հարցեր պետք է լուծվեն հենց դրա շրջանակում, բայց կարևոր է, թե ինչ օրակարգ կմշակի և կներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Ընդհանուր առմամբ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ լուծելով իր բոլոր հարցերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ այդ կենտրոնը չլինի հենց Արցախում, ինչի հույսը Թուրքիան ուներ, և ինչի պատճառով բանակցությունները երկարաձգվեցին։ Ռուսական կողմը կարողացավ հասնել նաև նրան, որ այդ կենտրոնն ունենա շատ փոքր լիազորություններ, սակայն, ինչպես երևում է՝ շատ բան այս հարցում պարզ կդառնա Սոչիի բանակցություններից հետո, որոնք այս տարվա վերջինը կլինեն, և դրանք էականորեն կանդրադառնան Ղարաբաղյան թեմատիկային ու կենտրոնի տեխնիկական հարցերին»,- ասաց նա։