«Որպես պատգամավորներ՝ Պաշտպանության նախարարությանը հորդորեք, կոչ արեք, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնեն Սյունիքի մարզին». Գևորգ Փարսյան
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց՝ Սյունիքում նշանների տեղադրումով սահմանազատման աշխատանք չի կատարվում։ Ադրբեջանցիների ու ռուսների մասնակցությամբ դիրքերի տեղորոշման հարցերն է լուծվում։
«Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր դիրքերին՝ բանակցելու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, մեր կողմից բանագնացն էր գեներալ Քոչարյանը, ով հիմա կուրացիա է անում մեր սահմանների պաշտպանությունը։ Ի՞նչ են առաջարկում ադրբեջանցիները, ասում են՝ այն սահմանները, որտեղ մենք դիրքավորված ենք՝ հետ գնանք։ 100-150-մետր մենք հետ քաշվենք, մի այդքան էլ իրենք հեռավորություն պահեն, որպեսզի մեր զինվորներն իրար հետ շփում չունենան, և դրանից նոր կոնֆլիկտներ չառաջանան։ Մեր Պաշտպանության նախարարությունն էլ առաջարկեց, որ սահմանի ամբողջ երկայնքով այդպես անենք, քանի որ կան հատվածներ, որտեղ իրենք են առաջ եկել։ Գնացել ենք իրար մեջ քննարկելու, տեսնենք՝ ինչ եզրահանգման կգան»,- նշեց Գևորգ Փարսյանը։
Նա չբացառեց, որ այն դիրքերը, որոնք այսօր զբաղեցնում է հայկական կողմը, հետագայում կարող են նորից փոփոխվել։
«Այդ պատճառով ես հիմա սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեմ կատարում, որպեսզի նույն անակնկալը չունենանք՝ ինչպես նախկինում»,- հավելեց նա։
Ստեղծված իրավիճակում Կապանի քաղաքապետը կարևորեց, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղակայվեն սահմանապահներ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, և սահմանապահների հետևում չլինեն կանոնավոր զորքեր, այսինքն՝ նրանց հետևում լինի ապառազմականացված գոտի։
Քաղաքապետից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե քաղաքական գործիչները, այս դեպքում՝ պատգամավորները, ի՞նչ կարող են անել, Գևորգ Փարսյանը պատասխանեց, որ նրանք կարող են հանդես գալ օրենսդրական մի նախաձեռնությամբ՝ կապված համայնքներում տղամարդկանց զինելու հետ, որ, ըստ քաղաքապետի լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն բնակիչները։
«Դուք որպես պատգամավորներ՝ Պաշտպանության նախարարությանը հորդորեք, կոչ արեք, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնեն Սյունիքի մարզին, որովհետև մենք դրա կարիքն ունենք, թե՛ զենքի, թե՛ կանոնավոր բանակի տեսքով»,- հավելեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում անցկացնում էր աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ, որին մասնակցում էին միայն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Քննարկմանը մասնակցելու համար պաշտոնապես հրավիրել էին նաև Կառավարության անդամներին ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն որևէ մեկը չէր արձագանքել։