«Ինքս որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս, գործադուլ եմ արել՝ ուզում է՝ Երվանդ Սերոբյանն ընդունի, ուզում է՝ չընդունի». Գագիկ Համբարյան
«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 22-ից հայտարարել էր գործադուլ, դասադուլ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին միացել են բազմաթիվ ուսումնական հաստատությունների, գործարանների աշխատակիցներ։
Երևանի պետական համալսարանում գործող 19 ֆակուլտետներից 11-ը միացել էր հայտարարված դասադուլին, Շիրակի պետական համալսարանն էլ հայտարարել էր, որ համալսարանն ապաքաղաքական կառույց է, հետևաբար՝ չի միանում դասադուլին։ Նման հայտարություն արել էր ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ համալսարանի ապաքաղաքական կառույց լինել- չլինելը որոշում են տվյալ համալսարանի դասախոսները, և Երվանդ Սերոբյանը չէ, որ նման հայտարարություն պետք է անի։
«Ինչ վերաբերում է գործադուլ, դասադուլին, ապա պետք է ասեմ, որ Երվանդ Սերոբյանը հարցազրույց տալով ու փորձելով իշխանություններին ռևերանսներ անել, ցույց տալ, որ իբր Շիրակի պետական համալսարանը չի միացել դասադուլին՝ մանիպուլյացիոն տեղեկություններ է հաղորդել։ Մեր համալսարանում երկուշաբթի օրվանից սկսվել են միջանկյալ քննություններ, այսինքն՝ որպես այդպիսին, դասեր չկան։ Ինքս այդ օրը՝ որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս, գործադուլ եմ արել, ուզում է՝ Երվանդ Սերոբյանն ընդունի, ուզում է՝ չընդունի»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Նա ընդգծեց, որ միջանկյալ քննությունների մեկնարկից հետո բուհում դասընթաց չի տարվել, և համալսարանում աշխատանքային օրեր համարվում են երկուշաբթի և հինգշաբթի օրերը և բուհն ամբողջությամբ դատարկ է։
«Այնպես որ, երբ Երվանդ Սերոբյանը հայտարարում է, որ Շիրակի պետական համալսարանն ապաքաղաքական կառույց է և որևիցե բանի չի մասնակցում՝ մանիպուլյացիա է և չի համապատասխանում իրականությանը։ Նա ինչպե՞ս է ստուգում՝ բուհի դասախոսներն ու ուսանողները միացե՞լ են դասադուլին, թե՞ ոչ։ Ես չեմ զարմանում նրա այդպիսի հայտարարությունից, որովհետև անձը, որը բուհական կրթության հետ շատ քիչ առնչություն ունի և 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց ռեկտոր՝ 5 տարվա բուհական ստաժ չուներ։ Շնորհիվ իր քրոջ որդու, որն այս իշխանությունների հետ սերտ կապեր ունի, նշանակվեց՝ որպես ՇՊՀ ռեկտոր։ Նա հիմա պետք է քծնի և գործող իշխանություններին ցույց տա իր լոյալությունը, հետևաբար՝ ես բացարձակ չեմ զարմացել նրա այդ հայտարարությունից»,- շեշտեց նա։
Գագիկ Համբարյանը նաև հիշեցրեց, որ Երվանդ Սերոբյանի բարեկամները՝ 2018 թվականին խաթարելով ուսումնական գործընթաց, ներխուժում էին համալսարան և գոռգոռցներով խանգարել դասապրոցեսին, ինչը բացատրում էին իրենց սահմանադրական իրավունքներով և հեղափոխությամբ։
«Պարզվում է, Երվանդ Սերոբյանի համար, երբ իր բարեկամներն էին այդպիսի գործունեությամբ զբաղվում համալսարանում՝ շատ նորմալ էր, բայց հիմա, երբ իր սիրելի Նիկոլ Փաշինյանի իշխանության արդյունքում ազգակործան քաղաքականության դեմ են բողոքում՝ բուհը պետք է լինի ապաքաղաքական կառույց»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։