Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են հասել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ
Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը:
Բանակցություններն ավարտվելու մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Դաունինգ-սթրիթը:
«Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար եւ ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք ցուցադրել»,-մամուլի ասուլիսում ասել է ֆոն դեր Լյայենը: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ եւ Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել:
«Ես հավատում եմ, որ դա լավ գործարք է նաեւ ամբողջ Եվրամիության համար»,-ասել է վարչապետը: Ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը դրա վավերացում անցկացնեն: Այս հարցում եզրափակչի կետը կդնեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանը եւ Եվրախորհրդարանը: Բրիտանական խորհրդարանը դեկտեմբերի 30-ին քվեարկություն կանցկացնի Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի օրինագծի շուրջ, հայտարարել Է վարչապետ Ջոնսոնը:
Ձեռք բերված համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քվեարկության ժամանակ խոստացել է պաշտպանել նաեւ Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը. դա դեկտեմբերի 24-ին խոստացել է այս կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը: Գործարքի համաձայնեցված տեքստը նաեւ ներկայացվելու է ԵՄ-ի խորհրդին, այնուհետեւ՝ Եվրոպական խորհրդարանին:
Նախքան ԵՄ-ի խորհրդի կողմից քննարկումը, տեքստերի վրա պետք է աշխատեն Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից համաձայնագրի քննարկմանը, ապա, ԵԽ-ի նախագահ Դավիդ Սասոլիի խոսքով, այն այս տարի չի կայանա, քանի որ համաձայնագիրը ձեռք է բերվել վերջին պահին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: