«Փարամազյանի մեղքը հաստատող, առնչությունը հաստատող որևէ ապացույց գոյություն չունի». Լուսինե Սահակյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Քննչական կոմիտեում երեկ մեղադրանք առաջադրվեց Փարամազյանին, 8 ամիս առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ այն է՝ խմբակային մարդու առևանգում: Քաջարանի համայնքապետի փաստաբաններից մեկը՝ Երվանդ Վարոսյանը, անհեթեթ էր որակել մեղադրանքը՝ պնդելով, որ այդ քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք ազատ են արձակվել, իսկ տուժողը ներկայացրել է իրականությունը: Դատարանն այսօր ավարտեց միջնորդության քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի վաղը 10:20-ին: Փարամազյանի մյուս փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դատական նիստից:
«Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որով կհիմնավորեր, որ Փարամազյանը որևէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Բացակայում էր հստակ, հիմնավոր կասկածը: Բացի դրանից, նաև բացակայում էին հիմքերը կալանավորման: Առարկություններ ներկայացվեցին: Մենք գտնում ենք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, ամեն ինչ արվում է, որ անձինք, ովքեր այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք, այսօր էլ կանգնած են սահմանին, ամեն ինչ արվում է, որ նրանց հանեն սահմանից, հողը հանձնեն»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե ի՞նչ փաստարկներ է ներկայացրել վարույթ իրականացնող մարմինը, փաստաբանը պատասխանեց.
«Ներկայացվել էին որոշ փաստաթղթեր, որոնցով ակնհայտորեն հիմնավորվում էր, որ Փարամազյանը ոչ մի առնչություն, իրեն առաջադրված մեղադրանքի հետ չունի: Ավելին, նույնիսկ քրեական գործի նյութերում կային փաստեր, որոնցով հիմնավորվում էր, որ դեռևս մայիսից սկսած Սյունիքի բազմաթիվ համայնքապետերի հետ կապված կան հետապնդումներ, և ամեն ինչ արվում է, որ որոշակի գործերով հետապնդում իրականացվի: Այս հարցը դատարանում բարձրացվել է, որ դեռևս մայիսից ամեն ինչ պարզ էր, և պլանավորվում էին գործողություններ, որին արդեն աշնանն ականատես եղանք, դա էր պատճառը, որ ի սկզբանե ամեն ինչ արվում էր Փարամազյանի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար: Մայիսին դա չէր ստացվել, այսօր այդ նույն նյութերով, որոնցում Փարամազյանի մեղքը հաստատող, առնչությունը հաստատող որևէ ապացույց գոյություն չունի, մտել են դատարան»,- ասաց Սահակյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ դատավորներն իրենց պահում են՝ որպես իրական դատավորներ, և օրենքով են ղեկավարվում: