«Յուրաքանչյուրն իրեն մեկ հարց պետք է տա, թե ինչով է պայմանավորված ոչ միայն սահմանների այս շուտափույթ վերաձևումը, այլև այն, որ Ադրբեջանը հենց մեր սահմաների վրա սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ»
Վաղ առավոտից քաղաքացիները միանալով «Հայրենիքի փրկության շարժմանը» շրջափակել են Կառավարության շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդիկ կարող են չսիրել ցանկացած քաղաքական գործչի, բայց չտեսնել, թե ինչ է կատարվում՝ արդեն հանցագործություն է։
«Յուրաքանչյուրն իրեն մեկ հարց պետք է տա, թե ինչով է պայմանավորված ոչ միայն սահմանների այս շուտափույթ վերաձևումը, այլև այն, թե ինչով է պայմանավորված, որ Ադրբեջանը հենց մեր սահմաների վրա սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակողական զենքեր։ Հասկանում եմ, որ բոլորը հույս ունեն, որ Ռուսաստանը թույլ չի տա ներխուժեն Հայաստանի սահման, սակայն փաստացի դա տեղի է ունենում, Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին պետք է մասնակցեն մեր երեխաներն ու թոռները, սա չնկատելն անթույլատրելի է»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ մարդիկ հուսահատ են, մասնավորապես՝ մտավորականները և պատրաստվում են լքել երկիրը, ինչը հանցագործություն է սեփական երկրի հանդեպ։
Նա նաև հավելեց, որ չկան իշխանություններ, որոնք սխալներ թույլ տված չլինեն և Հանրապաետական կուսակցությունը բացառություն չէ։
Թե ո՞րն է այս և ՀՀԿ իշխանության տարբերությունը՝ հարցին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ ներկայիս իշխանությունը գտել է նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն հանրության մեջ։
«Չի կարելի այս ժողովրդին բաժանել, քանի որ մեր երկիրը շատ հաստատուն քայլերով գնում է դեպի կորածնում»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է գերիների հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ, ցավոք, նրանց հարցն իշխանությունների կողմից դիտարկվել է որպես 10-րդ հարց, այն դեպքում, երբ պետք է առաջին տեղում լիներ։
Դավիթ Հարությունյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ 2010 թվականին ՀՀԿ-ի կողմից Վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարած փոփոխությունների վերաբերյալ՝ ասելով, որ դա առնվազն անգրագիտություն է։
«Բանն այն է, որ վարչատարածքային բաժանումը երբևէ որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանները որոշելու հարցում, դրա համար գոյություն ունեն այլ օրենքներ։ Եթե իշխանությունում որևէ մեկը նման լուրջ մեկնաբանություն է անում, պետք է անմիջապես հեռանա, որովհետև նման տգետ վերաբերմունքով կարող է երկիրը կորցնել ավելի շատ տարածքներ»,-ընդգծեց նա։