«Երևանի մասին ամենաուժըս կամ աղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ Դուք կարող եք լինել Երևանի փոխքաղաքապետը». Անի Խաչատրյան
Այսօր Երևանի ավագանին քննարկեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Նա ներկայացրեց իր կենսագրությունը: Առաջինը նրա առաջադրման մասին կարծիք հայտնեց և հարց ուղղեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Ամենայն հարգանքով Ձեր մասնագիտական կարողությունների և անձի նկատմամբ, բայց Երևանի մասին ամենաուժըս կամ աղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ Դուք կարող եք լինել Երևանի մշակույթի գծով փոխքաղաքապետը: Ոլորտը, որը Դուք պետք է ղեկավարեք, Ձեր ղեկավարելու պարագայում համարում եմ աղետալի ու ահավոր ցավ եմ ապրում Երևանի համար: Հիմա՝ հարցս: Խնդրում եմ նշեք՝ ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում ղեկավարել Ձեր ենթակայության տակ գտնվող որևէ ոլորտ, օրինակ՝ մշակույթի ոլորտը»,- հարցրեց Խաչատրյանը:
Մոտ 40 րոպե ուշացումով ավագանու նիստին միացած քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց զերծ մնալ «վիրավորականին հարող արտահայտություններից»: Գայանե Մելքոմ Մելքոմյանն ասաց, որ հարգանքով է վերաբերվում Խաչատրյանի կարծիքին և իր աշխատանքով կփորձի հակառակն ապացուցել:
«Քաղաքապետի տեղակալը մի քանի ոլորտ է համակարգում, կարծում եմ, որ դժվար է պատկերացնել մի մարդու, որն այդ բոլոր ոլորտների մասնագետն է: Իրականում այդ պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, դա է պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա կան համապատասխան համակարգի ստորաբաժանումները, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, փորձառություն: Հարկավոր է, նրանց հետ աշխատելով, վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել նպատակների իրագործման ճանապարհը»:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը վստահեցրեց՝ եթե ինքը նշանակվի, ապա միասին կաշխատեն և լուծումներ կգտնեն բոլոր խնդիրներին: Անի Խաչատրյանը նկատեց, որ արդեն քանի տարի միայն ճանապարհային քարտեզ են գծում:
«Ես կոնկրետ հարց տվեցի էն ոլորտներից, որը Դուք ղեկավարելու եք, դրանցից որևէ մեկից որևէ բան… Դուք վերացական պատասխան հնչեցրիք, հետևաբար՝ Դուք ընդհանրապես չեք տիրապետում ոլորտին, հուսով եմ՝ Երևանի թատրոնների տեղերը գոնե գիտեք՝ տնօրենների հետ աշխատելու համար, մանկապարտեզների տեղերը կսովորեք, 2.5 տարի միայն ճանապարհային քարտեզ ենք գծում, թողնում ենք օդում: Երևանը որբի գլուխ չէ, որ Դուք գաք խուզեք»,- ասաց Անի Խաչատրյանը: