Կա՞ն, թե՞ չկան գնաճի անկառավարելի ռիսկեր
Չնայած լայն սպառման բազմաթիվ ապրանքների համատարած թանկացմանը՝ Կենտրոնական բանկը Հայաստանում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չի տեսնում։ Թե ինչու է ԿԲ-ն այդպես մտածում, պետք է փնտրել սպառողական պահանջարկի կրճատման մեջ։
Նվազել ու շարունակում են նվազել հասարակության եկամուտները, ինչը հանգեցրել է գնողունակության անկման։ Դրան ավելացել է նաև լայն սպառման ապրանքների թանկացումների հետևանքով ձևավորված պահանջարկի կրճատումը։
Այս պայմաններում գնաճի մեծ ռիսկեր գուցե չկան։ Խոսքը միջին գնաճի մասին է, որ գտնվում է նախատեսված թիրախային ցուցանիշի նույնիսկ ներքին սահմանից ցածր։
Տասներկուամսյա հատվածում գնաճը մեր երկրում կազմել է ընդամենը 1,6 տոկոս։ Նոյեմբերին այն ավելացել է, բայց չի վերադարձել թիրախային ցուցանիշի տիրույթ։
Հիշեցնենք, որ գնաճի թիրախային ցուցանիշը 2,5-5,5 տոկոսն է։ Սակայն դա այն ցուցանիշը չէ, որը բնորոշում է գնաճի իրական ազդեցությունը։
Թանկացումների հետևանքները շատ ավելի մեծ են, քան կարելի է պատկերացնել՝ դիտարկելով գնաճի միջին ցուցանիշը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում լայն սպառման ապրանքների բազմաթիվ շուկաներում արձանագրվել են գների, երբեմն նաև՝ շատ կտրուկ, բարձրացման երևույթներ, բայց դրանց ազդեցությունը գնաճի վրա մեծ չէ։ Այն շարունակում է գտնվել բավական ցածր մակարդակում՝ թեև սպառողներն իրենց վրա այլ կերպ են զգում թանկացումների ազդեցությունը։ Ինչպես սովորաբար լինում է, թանկացումների ճնշումը շատ ավելի մեծ է առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։
Այս անգամ գների համատարած բարձրացման վրա ազդող հիմնական գործոնը դարձել է դրամի թուլացումը։ Թերևս, դա է պատճառը, որ թանկանում են հիմնականում ներմուծվող ապրանքները, ինչպես նաև դրանց հետ այս կամ այն կերպ կապված տեղական առանձին արտադրատեսակները։
Չնայած Կենտրոնական բանկի փորձերին՝ դրամը շարունակում է արժեզրկված մնալ։ Պատճառը ներքին շուկայում տարադրամի նկատմամբ ձևավորված պահանջարկի ավելացումն է։ Հետպատերազմական շրջանում հասարակության շրջանում ու տնտեսության մեջ անորոշություններն էապես մեծացել են, ինչն արտահայտվում է արժութային շուկայում տարադրամի նկատմամբ ներկայացվող պահանջարկի ակտիվացման տեսքով։ Մարդիկ իրենց խնայողությունները փորձում են վերածել ավելի կայուն և փոխարկելի արժույթների։ Այս հանգամանքն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենում փոխարժեքների վրա։
Մի պահ, երբ ակնհայտ դարձավ, որ արժութային շուկան դուրս է գալիս վերահսկողությունից, և ազգային արժույթի արժեզրկումը կտրուկ ակտիվանում է, Կենտրոնական բանկը փորձեց տարադրամի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջարկը բավարարել արտարժութային ներարկումների միջոցով։ Վաճառվեց շուրջ 50 մլն դոլար, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն զսպել դրամի հետագա թուլացումը, այլև այն որոշ չափով հետ բերեց կորցրածը։
Սակայն հաջորդող զարգացումները ցույց տվեցին, որ դա բավարար չէր շուկան հավասարակշռելու և, որ շատ ավելի կարևոր է, ի հայտ եկած բացասական սպասումներն ու անորոշությունները չեզոքացնելու համար։ Թերևս, այդ հանգամանքն էր պատճառը, որ կարճ ժամանակ անց վերստին արձանագրվեց ազգային արժույթի թուլացում։ Տարադրամը կրկին սկսեց թանկանալ՝ պահանջարկի ավելացման հետևանքով։
Կենտրոնական բանկն այս անգամ կարծես այնքան էլ հակված չէ արձագանքել այդ երևույթին և նոր տարադրամային միջոցներ ներարկել շուկա։ Հասկանալի է, որ ԿԲ արտաքին տարադրամային պահուստներն անսպառ չեն։ Վերջին ամիսներին դրանք հասցրել են բավականաչափ նոսրանալ։
Նոյեմբերի տվյալներով՝ Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային միջոցները կազմել են շուրջ 2 մլրդ 277 մլն դոլար։ Սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին դրանք կրճատվել են 381 մլն դոլարով։
Իհարկե, այնպես չէ, որ այդ գումարներն ամբողջությամբ գնացել են արժութային շուկա՝ ներկայացված տարադրամային պահանջարկը բավարարելու համար։ Մասնավորապես՝ սեպտեմբերին Կենտրոնական բանկը տարադրամային ներարկումներ բացարձակապես չի իրականացրել։
Հոկտեմբերի տվյալները դեռևս հայտնի չեն, թեև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ շրջանում սկսեց նկատվել դրամի թուլացում, չի բացառվում, որ որոշակի միջամտություններ, ներարկումների տեսքով, արվել են։
Ճնշումն արժութային շուկայում մեծացավ առավելապես նոյեմբերի երկրորդ կեսին, ինչն էլ ստիպեց Կենտրոնական բանկին արտաքին պահուստներից որոշակի միջոցներ ուղղել ազգային արժույթի կտրուկ տատանումները կանխելու և արժեզրկման խորացում թույլ չտալու համար։
Ճնշումը դրամի վրա պահպանվում է նաև դեկտեմբերին։ Ավելացել են նաև շուկայի վրա ազդող գործոնները։ Խոսքն առավելապես ամանորյա ակտիվ ներկրումների մասին է, որոնք սովորաբար ավելացնում են տարադրամի պահանջարկը ներմուծողների մոտ։
Հայտնի պատճառներով, այս տարի այդ շրջանը ավելի ուշ սկսվեց, բայց տեղի է ունենում, որքան էլ հասարակության մոտ Ամանորի հետ կապված տրամադրություններում և գնումներում ակտիվությունը մեծ չէ։ Սպասվում է, որ նախորդ տարիների աժիոտաժային իրավիճակներն այս տարի չեն կրկնվի։
Ամեն դեպքում, ենթադրվում է, որ նույնիսկ ամենորյա պասիվ գնումների պարագայում առաջիկայում արժութային շուկայում տարադրամային որոշակի հոսքեր կլինեն։ Այլ հարց է, թե դա ինչպես կարտահայտվի փոխարժեքի շուկայում։ Բնականաբար, շատ բան կախված կլինի Կենտրոնական բանկի վարքագծից։ Թե ինչպես իրեն կպահի ԿԲ-ն, այնպես էլ կտեղաշարժվեն փոխարժեքները։
Իսկ մինչ այդ արդեն տեսնում ենք փոխարժեքների փոփոխության հետևանքները։
Որքան էլ ազգային արժույթի թուլացումը միջին գնաճի վրա առայժմ գուցե մեծ չէ, այնուհանդերձ այն էապես ավելացրել է թանկացումների ազդեցությունը՝ լայն սպառման բազմաթիվ ապրանքների շուկաներում։ Սա եթե նույնիսկ կարող է չանհանգստացնել Կենտրոնական բանկին, որովհետև վերջինիս խնդիրը գնաճի թիրախային ցուցանիշի ապահովում է, իսկ այդ ցուցանիշը գոնե այս պահին գտնվում է թիրախից ներքև, ապա չպետք է անտարբեր թողնի կառավարությանը։
Թանկացումները խորացնում են սոցիալական լարվածությունը, իսկ այն թուլացնելու այլ ճանապարհ, քան գների բարձրացումը զսպելն է, կառավարությունն այսօր չունի։ Առկա իրողությունների պայմաններում հասարակության եկամուտների ավելացման մասին մտածելը նույնիսկ անիմաստ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ