Երբ երկրի շահը ստորադասվում է վարչապետի աթոռին

Մինչ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական մամլիչը գործի դնելով՝ փորձում է պահպանել վարչապետի աթոռը և ոչ մի կերպ չի ուզում անցնցում ու հանգիստ հեռանալ՝ տեղը զիջելով երկրի ապագայով մտահոգ մարդկանց, պետական կառավարման տարբեր համակարգերում տեղի են ունենում խիստ անցանկալի երևույթներ, որոնք, շարունակվելու դեպքում՝ շուտով կարող են վերածվել համակարգային խնդիրների, հարվածելով պետության գոյության հիմքերին։

Այլև ակնհայտ է, որ Արցախը հանձնելու վերաբերյալ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է դարձել՝ ինչպես երկրի արտաքին անվտանգության, այնպես էլ՝ ընդհանրապես մյուս բոլոր համակարգերի հետագա գոյության համար։ Վտանգված է գրեթե ամեն ինչ՝ տնտեսությունից սկսած, վերջացրած ֆինանսական համակարգերով։ Վտանգված է անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ապագան։

Իրենց գործողություններին հաշիվ չտվող իշխանություններն ամեն ինչ բերեցին հասցրին նրան, որ նվիրատուները դադարել են վստահել Հիմնադրամին։ Հիմնադրամ, որը տասնամյակներ շարունակ հարյուրավոր միլիոն դոլարների օժանդակություն է տրամադրել՝ Հայաստանում և Արցախում իրականացվող բազմաթիվ կարևորագույն ծրագրերի համար։

Խնդիրը, սակայն, միայն Հիմնադրամը չէ։ Խնդիրներն ամենուրեք են։ Ամբողջ երկիրը՝ իր բոլոր կառույցներով, հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։

Կաթվածահար է պետական կառավարման համակարգը։ Որքան էլ կառավարության ղեկավարը փորձում է տպավորություն ստեղծել, թե պետական կառույցները բնականոն հունով աշխատում են և իրականացնում իրենց պարտականությունները, փաստացի գործ ունենք բոլորովին այլ իրականության հետ։

Բավական է տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին՝ դրանում համոզվելու համար։ Պետության փոխարեն՝ գյուղապետը կամ քաղաքացիներն են բանակցում ադրբեջանցիների հետ՝ սահմանների նշագծման վերաբերյալ։

Թե ինչ է կատարվում գերիների վերադարձի, անհետ կորածների որոնումների կամ զոհվածների դիերի փոխանակման հարցում, ուղղակի խայտառակություն է։ Մարդիկ, հույսները կտրած պետական կառույցներից, ստիպված դիմում են այլ երկրների օգնությանն ու օժանդակության։

Պետական ապարատը շոկի մեջ է։ Մարդիկ չեն կարողանում գտնել իրենց տեղը։ Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ և շարունակում է տեղի ունենալ, մարդիկ թողնում, հեռանում են։ Հեռանում են անգամ իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք չեն կարողանում հաշտվել առկա իրողություների հետ, պատրաստ չեն կատարել մի մարդու հրամանները, որն իր անպատասխանատու պահվածքով՝ երկիրը հասցրեց այսօրվան ու այդքանից հետո դեռ փորձում է մնալ «ձիու վրա»։

Այնտեղ ենք հասել, որ հայտարարություններով են փորձում մարդ գտնել՝ պետական բարձր պաշտոներում նշանակելու համար։

Ահա սա է պետական կառավարման համակարգի այսօրվա վիճակը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը։

Մարդիկ անորոշության մեջ են ու չեն կարողանում հասկանալ, թե այս իրավիճակն ինչքան կարող է շարունակվել։ Իշխանությունները, գոնե արտաքուստ, որևէ քայլ չեն անում այն լիցքաթափելու համար։ Չնայած տարրական տրամաբանությունը հուշում է, որ պատերազմում ծանր պարտություն կրած, հողեր հանձնած, հազարավոր զոհեր ու վիրավորներ տված, երկիրը կրախի մատնած իշխանությունն իրավունք չունի մեկ օր անգամ մնալ իշխանության։ Նրա հեռանալը ոչ միայն պարտադիր պահանջ է, այլև բարոյական պարտավորություն։ Որքան երկար մնա այդ իշխանությունը, այնքան վատ երկրի ու ժողովրդի համար։

Անորոշությունների ու անկայունության այսպիսի պայմաններում անիմաստ է սպասել, որ հնարավոր կլինի տնտեսությունը հանել անդունդից, առավել ևս՝ մտածել զարգացումների մասին։ Տնտեսությունը գնալով քանդվում է։ Ինչքան երկար պահպանվի այս իրավիճակը, այնքան հետագայում դժվար է լինելու անդունդից դուրս գալու ճանապարհը։

Ավելորդ է ընդհանրապես խոսել սոցիալական վիճակի բարելավման մասին։ Յուրաքանչյուր օրն ավելի է խորացնում սոցիալական ճգնաժամը մեր երկրում։

Դրան մենք բախվում են ամեն քայլափոխի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նվազում են մարդկանց եկամուտները, այլև այն պատճառով, որ լայն սպառման ապրանքների գները ձնագնդի նման աճում են։

Մարդիկ օր օրի աղքատանում են, իսկ մեկը չկա, որպեսզի մտածի նրանց շահերը պաշտպանելու մասին։

Տնտեսությունը փակուղու առաջ է։ Այդ իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անորոշ է իշխանության ապագան։ Գործող իշխանությունը վստահության լուրջ խնդիր ունի, իսկ նորը՝ հայտնի չէ, թե ով կարող է լինի։ Ունենք իշխանության վակուում, որը ոչ մի կերպ չի նպաստում տնտեսության վերականգնմանը։ Ինչքան երկար պահպանվի այս անորոշությունը, այնքան ավելանալու են տնտեսական կորուստները։

Ահավոր մեծացել է ճնշումն արժութային շուկայում ու բանկային համակարգի վրա։

Տեղի է ունենում գումարների արտահոսք, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Այն կարող է սրբել-տանել ֆինանսական ամբողջ համակարգը՝ քանդելով պետության հիմքերը։

Խիստ մտահոգիչ են այն դրսևորումները, որոնք վերջին շրջանում նկատվում են արժութային շուկայում։ Գործ ունենք ֆինանսական ճգնաժամի նախանշանների հետ, որոնք ուղղակիորեն կապված են՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ի հայտ եկած անորոշությունների ու անվստահության հետ։

Այս իրավիճակը պետք է հնարավորինս շուտ հանգուցալուծվի։ Եվ ոչ միայն բանկային համակարգում ծանր կորուստներից խուսափելու, այլև տնտեսությունը նոր փորձությունների չտանելու համար։ Այս ընթացքում արդեն հասցրել ենք այնքան փորձությունների բախվել, որ դրանք էլ բավական են հետևություններ անելու համար։ Չնայած հետևություններ անողները պատրաստ չեն հետևություններ անել։ Նրանք մտածում են միայն իրենց աթոռները պահելու մասին, որքան էլ դա կարող է երկրի համար ճակատագրական լինել։

Երկրի շահը պահանջում է, որպեսզի օր առաջ հանգուցալուծվի այս իրավիճակը։ Իշխանության նկատմամբ եղած վստահության ճգնաժամը գնալով խորանում է՝ խորացնելով նաև հետևանքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս