Գնաճ, որ չես թաքցնի
Չի կարելի միանշանակ պնդել, թե սպառողական գների ինդեքսն ինքնին անպիտան ցուցանիշ է: Հիվանդանոցում բուժվող հիվանդների միջին ջերմաստիճանի չափ անպիտան: Պարզ ու սովորական տնտեսական իրավիճակում այդ ցուցանիշն իսկապես կարևոր է: Կարևոր է նույն տնտեսական իրավիճակը գնահատելու տեսանկյունից:
Բայց արտասովոր իրավիճակում այն առժամանակ դադարում է տնտեսության բնութագրող ցուցիչ լինելուց: Այս պնդումը շատ հեշտ է դիտարկել մեր տնտեսության այսօրվա վիճակում: «Սպառողական ապրանքների գները ՀՀ-ում 2020թ․ հունվար-նոյեմբերին» պաշտոնական հաղորդագրությունը հայտարարում է, որ գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ աճել է 1.6 տոկոսով: Համարյա կարելի է ասել՝ «չի աճել»: Բայց այս 1.6 տոկոսանոց աճի ցուցիչը նույնքան անիմաստ ու անպիտան տվյալ է, որքան հիվանդների միջին ջերմաստիճանի հաշվարկը:
Պարզ սպառողն ամեն օր խանութներում գնաճ արձանագրելով, բնականաբար, չի հասկանա, թե ինչ խորախորհուրդ մեթոդաբանությամբ է հաշվարկվում «գների ինդեքս» կոչվող միջին գնաճը: Մինչդեռ խնդիրը շատ պարզ է: Միջին գների հաշվարկի մեջ ներառված են, ասենք, կոշկեղենի, հագուստի, գորգերի ու հատակի այլ ծածկոցների գները: Ինչպես նաև առանձին ծառայությունների գներ: Օրինակ, «բնակարանի խնամքի ծառայությունների» կամ բնակարանի նորոգման աշխատանքների գները: Բնակչության եկամուտների նվազման, ազգային վճարամիջոց դրամի փոխարժեքի անկման հետ մեկտեղ՝ այդ տեսակ ապրանքների ու ծառայությունների գները մնացել են նույնը: Դա՝ լավագույն դեպքում: Որովհետև այդ ապրանք-ծառայությունների գներն այս կամ այն չափով նվազել են:
Օրինակ, նույն «բնակարանի խնամքի ծառայությունների» գները նվազել են 1.6 տոկոսով: Ապակյա ու բյուրեղապակյա սպասքի գնանկումը 1.2 տոկոս է: 3.1 տոկոսով էժանացել են լվացքի և սպասք լվանալու մեքենաների գները: Այս ու մյուս գնանկում արձանագրած ապրանք-ծառայությունների ու թանկացած ապրանքների գները նախ «խառնում են», ապա միջին տվյալ ստանում, որ գների ինդեքսն ընդամենը 1.6 տոկոս գնաճ է արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Իսկ հիմա դիտարկեք գնաճ արձանագրած այն ապրանքները, որոնք հիմնականում համարվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Օրինակ, նոյեմբերի տվյալներով, հացը թանկացել է 3.5 տոկոսով: Բայց սա միջանկյալ պատկեր է, որովհետև նույն ժամանակահատվածում ալյուրի գնաճը 10.6 տոկոս է: Հետևաբար՝ դեկտեմբերին հացի լուրջ գնաճ է սպասվում: «Հեղափոխականների» կառավարության էկոնոմիկայի նախկին նախարարն ասում էր, որ գնաճի դեպքում հարկավոր է այլ՝ավելի էժան փոխարինող գտնել: Բայց հացի էժան փոխարինող գտնելն անհնար է: Մակարոնեղենը թանկացել է 4.5 տոկոսով, բրինձը՝ 7.6: Իհարկե, 10.2 տոկոս թանկացած ալկոհոլն առաջին անհրաժեշտության ապրանք չես համարի: Ոչ էլ՝ 18.2 տոկոս թանկացած օղին կամ 6.7 տոկոս գնաճ արձանագրած ծխախոտը:
Դրանց վնասակարության մասին բոլորն են խոսում: Ավելին, եթե անհրաժեշտություն առաջանա՝ մեր Առողջապահության նախարարությունը լրջագույն հիմնավորումներ կներկայացնի 26.6 տոկոս թանկացած շաքարի վնասակարության մասին:
«Առաջին անհրաժեշտության ապրանք» համարվող բազմաթիվ սննդատեսակներ կարելի է վնասակար համարել: Չեմ կարծում, որ նախարարի հմուտ ղեկավարությամբ Առողջապահության նախարարությունը դժվարությունների առջև ընկրկի: Ընկրկի ու չկարողանա հիմնավորել, թե որքան վնասակար են 7 տոկոս թանկացած յուղերը: Ինչպես նաև բարդ չի լինի հիմնավորել՝ սահմանափակելու կամ հրաժարվելու անհրաժեշտությունը 6 տոկոս թանկացած հավկիթից: Առողջապահության տեսակետից: Բնականաբար:
Բայց մի կարծեք, թե մեր կառավարությունն իր աշխատանքում դժվարություններ չունի: Շատ դժվար է հիմնավորում գտնել, թե ինչու պիտի սպառողը չնկատելու տա ու հրաժարվի 10.2 տոկոս թանկացած մրգից: Այս պարագային միրգ ուտելու սովորությունը հնացած, քյարթու ու ազգային հայտարարելը չի օգնի: Միջին գնաճ հաշվելու մեթոդն էլ լուծում չէ: