«Կա՛մ այս մասին եղել է նախնական համաձայնագրում՝ մեզանից թաքցնում են, կա՛մ հետո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել». Մեղրիի փոխքաղաքապետը՝ դիրքերը զիջելու մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին կայցելի Սյունիքի մարզ։

«Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,- գրել էր Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանն ասաց, որ դեռ չենք քննարկել՝ արդյո՞ք կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ ոչ։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի կարողանում պատասխանել մեր այն հարցին, թե մենք ինչո՞ւ ենք մեր շահեկան դիրքերը Սյունիքում զիջում թշնամուն։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։ Պաշտպանության նախարարը եկել էր Սյունիք, մենք հավաքվեցինք. հարցերը քննարկեցինք, այդ մարդուց մենք բացարձակ որևէ սպառիչ պատասխան չստացանք։ Իրականությունն այն է, ինչ տեսնում եք։ Խնդիրն այն է, որ մենք անընդհատ առնչվում ենք այս ղեկավարության կողմից «անկնկալների», փաստորեն ամբողջ Սյունիքը, բոլոր բնակիչները ցանկանում էին հասկանալ, ինչի՞ հիման վրա, ինչո՞ւ բուֆերային զոնան հանձնվեց, մինչև այժմ պատասխան չկա»,- ասաց Ա. Սամվելյանը։

Ըստ նրա, անհնար է՝ իրենց բարձրացրած հարցերի հետ կապված լինի հիմնավոր պատասխան, քանի որ բոլոր տեղեկացված մարդիկ էլ լավ հասկանում են, թե նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կետերով ինչ էր նախատեսված։

«Այդ համաձայնագրում որևէ խոսք չկա այն մասին, որ այս տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա սա հարց է, որի պատասխանը մեզ որևէ մեկը չի տալիս, երկու տարբերակ կա, կա՛մ այս մասին եղել է նախնական համաձայնագրում, որը մեզանից թաքցնում են, կա՛մ հետո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, չգիտեմ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս