
Հայկ Մարությանը հանդիպել է կոլեկտիվի հետ. 13-րդ աշխատավարձ չի լինելու

168.am-ի հավաստի տեղեկություններով` մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Քաղաքապետարանի աշխատակիցների հետ Քաղաքապետարանի ֆոյեում:
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանի շուրջ 200 աշխատակիցներ երեկ յուրատեսակ բունտ էին բարձրացրել՝ իմանալով, որ չի լինելու 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար:
Մեր տեղեկություններով` Հայկ Մարությանը որոշել էր նշյալ հավելավճարները կրճատել` պայմանավորված պատերազմից հետո երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով:
Մեզ ասացին, որ քիչ առաջ ավարտված հանդիպման ընթացքում Մարությանն ասել է, որ հաստատակամ է իր որոշման մեջ, հավելավճարներ չեն լինելու, ներկայացրել է այդ որոշմանը հանգելու հանգամանքները:
168.am-ի տեղեկություններով` քննարկում չի եղել: Քաղաքապետն իր խոսքն ասելուց հետո հեռացել է: