
Արցախի անվտանգության ծառայությունը հորդորում է վերադարձնել ապօրինի զենք- զինամթերքը

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից, Ոստիկանությունից, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները, անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
«Մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ լրացուցիչ տեղեկացնում է Արցախի Հանրապետության և ՀՀ քաղաքացիներին, որ 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ: