«Կապանի օդանավակայանի մի մասը հայտնվելու է իրենց մոտ, իսկ բնակավայրերը՝ ադրբեջանական թիրախի տակ». Ջորջ Տաբակյան
GPS համակարգն աշխարհում ընդունված համակարգ է, և հենց սա է, որ պիտի օգտագործվի սահմանազատման աշխատանքների դեպքում: Այլ հարց է, որ Ադրբեջանն առաջ է քաշում ԽՍՀՄ քարտեզը Հայաստան-Ադրբեջան սահմանի մասով, որը 1987-88 թվականի է, իսկ 1994-ի հրադադարից հետո սահմանների հաստատում տեղի չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ, «Արար» հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանը՝ հավելելով, որ արցախյան առաջին պատերազմից հետո ՀՀ-ն եղել է այն դիրքերում, որն առկա էր մինչև երրորդ պատերազմը կամ նախքան եռակողմ հայտարարության ընդունումը: Իսկ այսօր ունենք մոտ 500 կմ հավելյալ սահման՝ Հայաստան-Ադրբեջան:
Անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող դեպքերին, մասնավորապես՝ Կապանի և մոտ 13 գյուղերի բարձունքները հանձնելուն, Ջորջ Տաբակյանը նշեց՝ եթե հիմք ենք ընդունում նախկին՝ ԽՍՀՄ սահմանը, ապա Կապանի օդանավակայանի տարածքի մի մասը հայտնվելու է իրենց մոտ, իսկ բնակավայրերը հայտնվելու են ադրբեջանական թիրախի տակ:
Սա՝ այն դեպքում, որ 30 տարի այս հատվածում մնացել ենք մեր դիրքերում, իսկ Կապանի հատվածի հայկական դիրքերը բավականին բարձր և լավ դիրքեր են: Իսկ այս դիրքերը լքելու դեպքում ունենալու ենք մոտավոր այն պատկերը, ինչը Տավուշի սահմանամերձ գյուղերի դեպքում է: Ի դեպ, չի բացառվում, որ Ադրբեջանը ԽՍՀՄ քարտեզը պարտադրի տարածել նաև Տավուշի մարզի դեպքում, որտեղ այս տարիներին և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանականը դիրքային առաջխաղացումներ են ունեցել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում