«Հայփոստ»-ի ո՞ր ծառայությունների գները կբարձրանան փետրվարից
Մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ:
Օրինակ՝ ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ, իսկ պատվիրված նամակի (մինչև 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ:
168.am-ի հետ զրույցում «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հաստատեց այս տեղեկությունը՝ մանրամասնելով.
«Մենք հայտ ենք ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և խնդիրն այն է, որ 2001 թվականից գնային փոփոխություն չի եղել առ այսօր, իսկ աշխարհում այս 20 տարվա մեջ ամեն ինչ երևի կրկնակի թանկացել է: Կորոնավիրուսով էլ պայմանավորված՝ սարսափելի թանկացումներ են եղել, քանի որ կա չվերթերի պակաս, պահեստավորման խնդիր, և այլն: Վերջին տարիներին մենք անընդհատ վնասով ենք աշխատել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հիմնականում ներհանրապետական նամակները պետական ծառայությունների ուղարկած նամակներն են, ինչպես նաև խոշոր բիզնեսի ուղարկած նամակները՝ տարբեր կազմակերպություններին:
Հիմա, ցավոք, նամակներ մեր ժողովուրդը չի ուղարկում: Գների սանդղակը դրվում է այն հաշվարկով, որ մարդիկ ավելի շատ պատվիրված նամակ ուղարկեն, կարողանան հետևել, թե իրենց նամակն ուր հասավ: Արդեն նաև մի շարք նորարարություններ են կատարվել, գործում է առաքման ծառայություն: Օրինակ, արտերկրից ստացած ծանրոցն առաքում են 500 դրամով»:
Հարցին, սա ենթադրո՞ւմ է նաև աշխատակիցների աշխատավարձի բարձրացում, «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուն պատասխանեց.
«Հնարավոր է, որ այս բոլոր փոփոխություններից հետո և իրավիճակի լավանալուց հետո բարձրանա նաև աշխատավարձը: Բացի այս, մենք պետությունից դոտացիա՝ ֆինանսական օգնություն չենք ստանում, հետևաբար, ինչպես ցանկացած կազմակերպություն, «Հայփոստը» ևս պետք է զարգանա, իսկ դրա համար միջոցներ են անհրաժեշտ: Եվ, եթե մենք մեր հիմնական ծառայություններում վնասով ենք աշխատում և հարակից ծառայություններով փորձում ենք փակել այն, դա վնասում է ընդհանուր համակարգին: Պետք էլ չէ, որ միջոցներ խնդրի պետությունից, դրա համար լավ կլինի, որ ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, այսինքն, տրամաբանված գներ սահմանված լինեն, ընկերությունն ունենա օգուտ և զարգանա:
Օրինակ, մեր հարևան Վրաստանում այն ծառայությունը, որը մեզ մոտ 400 դրամ է, իրենց մոտ մոտավոր 600 դրամ է: Գնային կարգավորումների առումով մենք շատ հետ ենք մնացել, հետևաբար, փորձում ենք դաշտը կարգավորել: Երկրի ներսում ծառայության սակագների բարձրացումն առաջարկվում է կիրառել փետրվարի մեկից, իսկ միջազգայինի դեպքում՝ հունվարի մեկից»:
Թանկանալու են նաև միջազգային առաքանիները: Չնայած, կարելի է ասել՝ ոչ թե թանկանալու են, այլ գները կարգավորվելու են: Առաջ ամեն պետություն ուղարկելիս գործում էր տվյալ պետության համար սակագին, հիմա աշխարհը բաժանված է 10 զոնաների, և այդպես է լինելու: Օրինակ, ԱՄՆ-ի, Եվրոպայի ուղղությամբ թանկացումներ լինելու են, որովհետև այդտեղ մենք սարսափելի վնասներ ենք կրել:
Հավելենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետևաբար՝ հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն: