
Ուզբեկստանը ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը կարևորում է ողջ ԱՊՀ-ում կայունության համար

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար: Այս մասին Միրզիյոևն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:
«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունը: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության և կայուն զարգացման համար»,- ասաց նախագահը:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: