ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական և ռազմական կառույցների բյուջեն
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո: Այդ մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 17-ին տարածվել է Բրյուսելում:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական բյուջեն 258,9 միլիոն եվրոյի եւ ռազմական բյուջեն 1,61 միլիարդ եվրոյի չափով»,- նշված է այնտեղ: Դաշինքը պարզաբանում է, որ «քաղաքացիական բյուջեն նախատեսում է միջոցներ անձնակազմի համար, օպերատիվ ծախսեր եւ ծախսեր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ծրագրերի համար»: «Ռազմական բյուջեն հատուցում է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների շտաբների եւ ծրագրերի, ամբողջ աշխարհում առաքելությունների եւ գործողությունների ծախսերը:
Այն 5 տոկոսով աճել է 2020 թվականի մակարդակի համեմատությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Այսպես, 2021 թվականին ռազմական բյուջեից 254,9 միլիոն եվրոն կհատկացվի ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ գործողությունների ֆինանսավորմանը, ներառյալ «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում, վարժական առաքելությունն Իրաքում եւ խաղաղության պահպանման գործողությունը Կոսովոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: