Տոկիոյի Օլիմպիական խաղերը պատմական են լինելու. Թոմաս Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը որակել է պատմական:
«Միշտ էլ ասել եմ, որ Տոկիոն ամենապատրաստված քաղաքն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միշտ զգուշավորությամբ եմ օգտագործում պատմական բառ, սակայն Տոկիոյի Օլիմպիական խաղերը պատմական են լինելու»,- ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքերը փոխանցում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):