«Իհարկե, գերիների հարցը Փաշինյանի հրաժարականի լուրը չէր, որ, իրար հերթ չտալով, հերքեին». Իվետա Տոնոյան

Այսօր Արժանապատվության երթի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձավ երեկվանից շրջանառվող այն լուրին, որ ավելի քան 100 զինվոր գերեվարվել է:

«Դուք տեսաք, որ մի քանի ժամ շարունակ ամբողջ, այսպես կոչված, պետական համակարգը քար լռություն էր պահպանում, լուռ էր Կառավարությունը, լուռ էր ՊՆ-ն, լուռ էին բոլոր պատկան մարմինները: Դե իհարկե, սա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի հերթական լուրը չէր, որ, իրար հերթ չտալով, հերքեին բոլոր պատկան մարմիններն ու մամուլի խոսնակները, այստեղ գործ ունեինք 100-ավոր զինվորների ճակատագրի հետ, որոնց անդրադառնալու կարիքն ընդհանրապես պատկան մարմինները չտեսան»,- ասաց Տոնոյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե բոլոր ելութներում վիրավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս չի արձագանքում նրա վիրավորանքներին:

«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երկիրը ներկայացնի այնպիսի անձ, որը պարզապես չունի տղամարդկություն որևէ անգամ արձագանքելու Ալիևի կողմից իրեն ստորացնելու բոլոր նախաձեռնություններին: Որևէ անգամ չունի համարձակություն արձագանքելու, երբ իրեն ամենավերջին կերպով ստորացնում է Ադրբեջանի նախագահը, ստորացնում են միջազգային լրատվամիջոցները: Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը: Միգուցե հարց տանք այդ մասին, միգուցե պարզապես վախենում է պատասխանել Իլհամ Ալիևին, վախենում է, որ վերջինս կհրապարակի, թե քանիսո՞վ է վաճառել Արցախը»,- ասաց Տոնոյանը և ավելացրեց, որ վաղ թե ուշ գտնելու են պատասխանները:

Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջում են  մտավորականները, փաստաբանները, հոգևոր առաջնորդները: Տոնոյանի խոսքով՝  այսօր, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, որևէ այլ օրակարգ չկա, իսկ նրա  հրաժարականն այլևս չունի այլընտրանք:

«Առանց Նիկոլ Հայաստան»,- կարգախոսով ելույթն ավարտեց Իվետա Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս