«Դեկտեմբերի 19-ը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակ լինելու քառասունքի օրն է». Լիլիթ Գալստյան
Այսօր Արժանապատվության երթի մեկնարկից առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին, ասաց, որ գնահատում է նրա քաղաքական և բարոյական պատասխանատվությունը:
«Ես այս ամենում հասկանում եմ, որ Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այնուամենայնիվ իր մեջ քաղաքական պատասխանատվության և քաղաքական բարոյականության ռեսուրսներ է գտնում և գիտակցում է, որ մեր ցավալի պարտությունը, ողբերգական պարտությունն ունի իր պատասխանատուներին: Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը պայմանավորված է իր քաղաքական պատախանատվությամբ և գիտակցումով, որ այս պարտությունից հետո Արցախում պետք է շարունակվի կյանքը, քաղաքական կյանքը, և այն քաղաքական կազմակերպվածության նոր ձևաչափեր պետք է ունենա»,-ասաց Գալստյանը:
ՀՅԴ ԳՄ անդամը նկատում է, որ Արցախում քաղաքական ուժերի կոնսոլիդացիա կա, և կարծում է, որ այդպիսով նրանք կկարողանան ուղղել իրենց պետականության մեջքը: Գալստյանը նշեց, որ քաղաքական պատասխանատվության ալիքը պետք է հասնի նաև Հայաստան:
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կառչել իր աթոռին, ինքը կապ չունի մեր ապագայի հետ, քանի որ կործանել է մեր ներկան, ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանը մեր սգի հետ: Դեկտեմբերի 19-ը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակ լինելու քառասունքի օրն է, և շատ լավ կլիներ, որ հենց այդ օրն էլ ավարտեր իր քաղաքական գոյությունը, քանի որ նոյեմբերի 9-ից հետո արձանագրվեց իր քաղաքական սպանությունը»,- ասաց Գալստյանը: