Աննախադեպ դեմարշ Մինսկի խմբին. ով է լուծելու Արցախի կարգավիճակի հարցը

Արցախյան վերջին պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին այցը տարածաշրջան այդ ձևաչափի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ վերածվում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ուղղված խայտառակ ապտակի ու շուրջ 30-ամյա այս ձևաչափի դեմ վտանգավոր դեմարշի:

Նախ՝ այցի շեմին ադրբեջանական ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը, հարձակում են նախաձեռնում Հադրութում հայկական ուժերի տիրապետության տակ մնացած հայկական գյուղերի ուղղությամբ։ Միջադեպը դժվարությամբ, սակայն հարթվում է ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում, թեև հայկական կողմն ակնկալում է, որ կլինեն նման սադրանքներ այդ և մի շարք այլ ուղղություններով:

Հատկանշական է, որ համանախագահների այցը մեկնարկում է առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի, ինչը միամտություն կլիներ որակել՝ որպես անակնկալ, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս արած բոլոր ելույթներում ըստ էության ակնարկել է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բովանդակային անելիք չունի և կարող է զբաղվել հումանիտար խնդիրները լուծմամբ: Այդ մասին ուշագրավ տողատակերով դիտարկումներ, մասնավորապես, հնչել են դեկտեմբերի 7-ին Այվազյան-Լավրով ճեպազրույցի ընթացքում:

Հադրության զարգացումներին հաջորդում է այցի տխրահռչակ մեկնարկը Բաքվից, որտեղ Իլհամ Ալիևը նշում է.

«Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ունեն ինձ ասելու բան: Եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, ասեք տեսախցիկների առաջ: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ համանախագահներն իրենց ելույթներում նշել են, որ պատրաստ են վերանայել իրենց աշխատանքը, սակայն այս փուլում կարծես դա որևէ մեկի չի հետաքրքրում: Եվ այս այցի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված վերջին հարվածն ԱՀ նախագահի մերժումն էր՝ հանդիպել համանախագահներին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել:

«Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի է առնվել այն փաստը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է նա։

Սա աննախադեպ քայլ է, դեմարշ՝ ուղղված թե Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, թե ՀՀ-ին, որը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն այս փուլում ակտիվացնելու անհաջող փորձեր է իրականացնում, և ՌԴ-ին, որն էլ իր հերթին՝ համանախագահներն աշխատանքն ավելորդ է համարում: Այսինքն՝ ԱՀ-ն կայացնում է որոշումներ՝ հաշվի առնելով ռուսական դիվանագիտության առաջնահերթությունները, ինչն աննախադեպ ու խոսուն զարգացում է, որը մեկ անգամ չէ, որ մեր հոդվածներում կանխատեսել ենք՝ արձանագրելով ղարաբաղառուսական հարաբերություններում լուրջ խորություններ:

Արցախյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ ռուս-թուրքական տանդեմի աճող դերը տարածաշրջանում, սակայն հրաժարումը ՄԽ ձևաչափից, որն ավանդաբար հավասարակշռել է տարածաշրջանը, լի է հայկական կողմերի համար մի շարք վտանգներով:

Այս պահին դեռ դժվար է միանշանակ ասել, թե ԱՀ նախագահի որոշումը համաձայնեցված էր Երևանի՞, թե՞ Մոսկվայի հետ: Մեր ռուսաստանյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ դա Մոսկվայի դիրքորոշմանը համահունչ մոտեցում է, քանի որ Երևանը նոյեմբերի 9-ից հետո էլ անընդհատ բարձրացրել է ՄԽ ֆորմատի շրջանակ վերադառնալու թեման, և Լավրովն ասել է, որ այդ հարցը հենց հայկական կողմն է բարձրաձայնում, իսկ Մոսկվան, եթե «բացենք» դիվանագիտական բառապաշարը, չի համարում, որ իրեն պետք է ՄԽ-ն, իսկ որ կողմին պետք է՝ թող նա ջանքեր ներդնի:

«Մենք արդեն չեզոքացրել ենք ՌԴ ներկայության համար բոլոր վտանգները, լավ աշխատում ենք Ղարաբաղի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ Երևանը դեռ ձգտում է ՄԽ-ին և դրա շրջանակում կարգավիճակի հարցի քննարկման, սակայն դա ևս հնարավոր չի լինելու, չի բացառվում, որ այդ ուղղությամբ առանց Երևանի որոշումներ կայացվեն, զրոյացնելով ՀՀ-ի ջանքերն այդ ուղղությամբ: Հայկական դիվանագիտությունը լիովին պարտված է և միայնակ է մնացել: Այս ամենը հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող անվստահության ու խայտառակ պարտության հետևանքն է, որն իշխանություններին զրկել է սուբյեկտայնությունից»,- ասաց մեր աղբյուրը:

168.am-ի հետ զրուցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի առկայությունն այս պահին քմահաճույք է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից: Ըստ նրա՝ այդ երկրները ոչինչ չեն որոշում և պարզապես չեն հանդուրժում, որ առանց իրենց մասնակցության՝ որոշում է կայացվել:

«Կարծում եմ՝ այնուամենայնիվ սա այդ ֆորմատի վերջը չէ, բայց այս պահին դրա գործունեությունը տապալված է ու չունի աջակցություն տարածաշրջանում: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կպայքարեն, և Ադրբեջանի որոշակի շահերի դեպքում գուցե համանախագահներն աշխատեն: Սակայն, ինչպես նախորդող շրջանում, ռեալ որոշումներ չեն կայացվելու, և քիչ-քիչ այն չի գործելու, քանի որ բոլոր ջանքերն ուղղված են նոր աշխարհակարգին, որտեղ նոր դեր ունեն Թուրքիան ու ՌԴ-ն և Արևմուտքը քիչ-քիչ է դուրս մնալու այս պրոցեսից, ինչպես շատերից արդեն։ Պարզորոշ կերպով երևում է, որ տեղի է ունենում այլ բան, քան սա: Դա պատահական չէ, որտեղ էր ՄԽ-ն որոշումների կայացման պահին, իսկ հետո ինչու էր պատրաստվում պարզաբանում պահանջել ՌԴ-ից այն դեպքում, երբ տեղյակ էր իրավիճակից։ ՄԽ-ն այս տարիներին գոյություն է ունեցել նաև ՌԴ-ի շնորհիվ»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս