«Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել  գործիքի». Էդուարդ Շարմազանով

Քաղաքացիներն «Արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու (Պրահայի այգի) մոտից։

Երթին մասնակցում է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ  հակառակորդի կողմից Արցախի մի շարք գյուղերի հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին՝ նշելով. «Հայաստանում իշխանության բացակայության պայմաններում, երբ պետության վարչապետի աթոռին քաղաքական դիակն է նստած, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը պետք է առիթից օգտվի, որպեսզի հնարավորինս բարելավի իր դիրքերը: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք տեսնում են, որ իրենց առջև կանգնած է թուրքի առաջ ծնկի եկած, Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել չկարողացող, որևէ անվտանգային լուծման անպիտան մեկը՝ հողատու Նիկոլը, նրանք իրականացնում են իրենց գործառույթները:

Հայաստանում իշխանություն գոյություն չունի, հայ ժողովրդին, Ադրբեջանը մի ամիս շարունակ ինչ ասես ասում է, և Հայաստանի իշխանությունները՝վարչապետը, մեդիատեռորից է խոսում, ինչից ասես խոսում է՝ բացի Ալիևին պատասխանելուց, բացի Էրդողանի ելույթներին պատասխանելուց:  Էրդողանը Էնվեր Փաշայի հոգու փառավորումի մասին է խոսում, այն Էնվեր փաշայի, որը միլիոնուկես հայերի սպանողն է եղել, ցեղասպանության գլխավոր մեղավորն է եղել, սրանք ծպտուն վախենում են հանեն, էս թուրքի առաջ կզածները, կանգնում են մեդիատեռորից են խոսում:

Պատճառը մեկն է, Ալիևը տեսնում է, որ զրո է իր դիմաց:  Մենք էլ երբ տեսել ենք, որ հակառակորդը ավելի թույլ է, բարելավել ենք մեր դիրքերը: Հիմա՝  քանի որ մեր պետության մեջ չկա քաղաքական իշխանություն, իշխանության ղեկին կանգնած է անպիտան մեկը՝ հողատուն, որը ծնկի է եկել թուրքի առաջ, նրանք էլ իրականացնում են իրենց քայլերը, որովհետև հասկանում են, որ ուշ թե շուտ Հայաստանում գալու է ազգային իշխանություն:

Նույն Ադրբեջանի ղեկավարությունն էր ասում, որ իրենք չեն ցանկանում և շահեկան չի, որ  Հայաստանում լինի իշխանափոխություն, ու գան ազգային ուժերը»:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն իր այսօրվա ուղիղ եթերում նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ,  Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Հայաստանում վարչապետ չկա.  կա աթոռից կառչած հողատու, որը պետք է հրաժարական տա»:

Անդրադառնալով  արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վարչապետի ուղերձից  և իշխանական շրջանակներից եկող ազդակներին ու պատասխանելով հարցին, թե որքանով է ընդունելի տարբերակը, որ հիմա անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀԿ ԳՄ անդամն ասաց.  «Ինձ համար ընդունելի է Նիկոլի հետ քննարկելու մեկ հարց՝ նրա անհապաղ հրաժարականը. պարտված ղեկավարը, պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ ղեկավարն իրավունք չունի պաշտոնավարելու: Պարզ և կոնկրետ»:

Ի պատասխան լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե եթե, ձեր խոսքով, ժողովուրդը հավատում, վստահում է ձեզ և այլևս Նիկոլ Փաշինյանին չի աջակցում, ապա ո՞րն է խնդիրը, որ ընտրությունների միջոցով չլուծվի հարցը, նշեց. «Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է՝ նա ճիշտ է:

2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին, ես այն եզակիներից էի, որ Նիկոլի դեմ պայքարում էի, բայց դուրս եկավ՝ ես ճիշտ էի, աջակցողները՝ սխալ , և այդ աջակցողներից շատերն այսօր առաջին շարքերում մեզ հետ են»:

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը՝ նա նկատեց. «Նիկոլ Փաշինյանի որևէ գնահատական ինձ համար զրո արժեք ունի: Նրա խոսնակն է ասում, որ Հայաստանում պետություն չկա. հայկական գյուղերը գրավում են՝ ասում են՝ ռուս խաղաղապահներին ենք դիմել:

Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել  գործիքի, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Սա է: Ինքը պետք է հեռանա, ինքը հողեր է տվել, ինքը 5000 զոհերի պատճառ է, իրեն ոչ ներսում, ոչ դրսում որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, և իր ամեն օր, ամեն ժամ ավել իշխանության մնալը, տեսնում ենք, որ մեզ համար և՛ նոր գերիներ, և՛ տարածքային կորուստներ և, ամենակարևորը, ազգային արժանապատվության կորուստ է:

Դուք ձեզ լա՞վ եք զգում, որ այդ թուրքի առաջ ծնկի եկածն է մեր ղեկավարը, դուք ձեզ լա՞վ եք զգում, որ Ալիևը ինչ ասես իրեն ասում է, ու ինքը ծպտուն չի հանում, որովհետև վախկոտ է: Էդքանը:

 

Տեսանյութեր

Լրահոս